Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլս. «ԱՄՆ-ի կառավարության գլխավոր նպատակը ժողովրդավար, բարեկեցիկ, անվտանգ ու հարևանների հետ խաղաղ համագոյակցող Հայաստանն է»

Նոյեմբեր 10,2015 18:15

Դեսպան Ռիչարդ Միլսի ելույթը Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի առաջ

Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի (ՀԱԱՊ) հարգարժան նախագահ, խորհրդի անդամներ, մեծարգո հյուրեր, ուրախ եմ այսօր այստեղ լինել: Առևտրի ու տնտեսական աճի խթանման հարցերում դեսպանության համար ավելի լավ գործընկեր, քան ՀԱԱՊ-ն է, դժվար է գտնել և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀԱԱՊ-ի մեր բարեկամներին Հայաստան ժամանելուց ի վեր ինձ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և այս միջոցառումը կազմակերպելու համար: Ես ու կինս՝ Լին շատ շոյված ենք Հայաստանում մեր շրջագայությունների ընթացքում բոլորի կողմից ցուցաբերվող ջերմ ընդունելությունից և ուրախ ենք, որ մեզ ընձեռնված է ձեր գեղեցիկ երկրին ու հարուստ մշակութային ժառանգությանը ծանոթանալու հնարավորություն: Այս շաբաթ լրանում է իմ Հայաստանում գտնվելու ինն ամիսը, և այս ժամանակահատվածը ես օգտագործել եմ, որպեսզի ծանոթանամ Հայաստանին՝ լսելով հայ պաշտոնյաներին, ահել-ջահել մարդկանց, ում հանդիպել եմ երկրի տարբեր մասերում, Հայաստանի բարեկամներին՝ հայ-ամերիկյան համայնքից, և ամերիկյան գործարարներին, ինչպիսիք են ՀԱԱՊ-ի ներկայացուցիչները: Ես օգտագործեցի այս ժամանակահատվածը, որպեսզի լսեմ ու իմ սովորածի հիման վրա կարողանամ նախանշել Հայաստանում իմ՝ որպես ԱՄՆ դեսպանի, գործունեության գերակայությունները: Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել, թե որոնք են այդ գերակա ուղղությունները և ինչ են դրանք նշանակում իմ պաշտոնավարման ժամանակահատվածում դեսպանության ծրագրերի ու հանրային երկխոսության տեսանկյունից:

Թույլ տվեք սկզբում նշել, որ այստեղ գտնվելուս ինն ամիսների ընթացքում ես հենց տեղում տեսնել եմ այն մեծ քայլերը, որ արել է Հայաստանն անկախացումից ի վեր, և դա ևս հաշվի եմ առել իմ գերակայությունների ձևավորման համար, որոնք այսօր ես կներկայացնեմ ձեր ուշադրությանը: 1990-ականների սկզբների համեմատ շատ նշանակալիորեն փոխվել է կյանքի որակը: Հայաստանն ունի կայուն կառավարություն, որը ձգտում է բարելավել ծառայությունների մատուցումը, ակտիվ քաղաքացիական հասարակություն, կիրթ աշխատուժ, աշխարհով մեկ պատվիրատուներ ունեցող կենսունակ ՏՏ ոլորտ և ծաղկում ապրող գյուղատնտեսություն: Ուրախ եմ նաև նկատել, որ մեր երկրների միջև սերտ կապերը, վերջին երկու տասնամյակների ընթացքում շարունակել են վերելք ապրել:

Չնայած 1991թ. ի վեր տեղ գտած բազմաթիվ ձեռքերումներին կան ոլորտներ, որտեղ առաջընթացը կանգնած է կամ լճացման վիճակում է գտնվում: Ցավալի է, որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, փակ է մնում Թուրքիայի հետ սահմանը: ԱՄՆ կառավարությունը կշարունակի ջանքերը պաշտոնական ու ժողովրդական դիվանագիտության ոլորտներում՝ այս խնդիրների լուծման ուղղությամբ տեղաշարժեր ապահովելու նպատակով: Լեռնային Ղարաբաղի հետ կապված Միացյալ Նահանգների կառավարությունը շարունակում հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում խաղաղ բանակցային կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելու իր հանձնառությանը: Ինչ վերաբերում է Թուրքիային, մենք երկու կողմերին հորդորում ենք հաշտեցման ու հարաբերությունների կարգավորման ջանքերի համար բաց մնալ, քանզի դա կնպաստի կայունությանն ու բարեկեցությանը տարածաշրջանում և օգուտներ կբերի երկու երկրներին:

Նախքան Երևան ուղևորվելս նախագահ Օբաման ու պետքարտուղար Քերին ինձ հետևյալ ուղերձը փոխանցեցին. Հայաստանի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգների կառավարության գլխավոր նպատակը ժողովրդավար, բարեկեցիկ, անվտանգ ու հարևանների հետ խաղաղ համագոյակցող Հայաստանն է: Այդ գլխավոր նպատակից էլ բխում են այն չորս ուղղությունները, որոնք ես նախանշել եմ որպես դեսպանության գործունեության գերակայություններ իմ այստեղ պաշտոնավարելու ժամանակահատվածի համար: Այսօր, թափանցիկության ապահովման նպատակով, ուզում եմ այդ գերակա ուղղությունները ներկայացնել ձեզ: Եթե ես Հայաստանին հորդորում եմ ապահովել հաշվետվողականություն, ապա իմ աշխատանքը, դեսպանության աշխատանքը նույնպես պետք է համապատասխանի այդ նույն չափանիշներին:

Իմ առաջին գերակայությունը գործարար ու առևտրային հարաբերությունների խորացումն է մեր երկու երկրների միջև: Թույլ տվեք հստակեցնեմ. ես չեմ խոսում օժանդակության նոր ծրագրերի մասին, այլ նկատի ունեմ առևտուրը՝ համատեղ առևտրային կապերի ամրապնդումը, որը երկուստեք օգտակար կլինի մեր տնտեսությունների համար: Սա նոր ուղղություն չէ. մեր երկրները միշտ հետաքրքրված են եղել մեր առևտրային ու ներդրումային հարաբերությունները ընդլայնելով: Նորությունը սակայն այն է, որ ԱՄՆ դեսպանության գնահատմամբ Հայաստանի տնտեսությունն հասել է այնպիսի մակարդակի, որ առևտրաարդյունաբերական հարաբերությունների ու մի շարք ոլորտներում ներդրումների մասով նշանակալի հնարավորություններ կան, որոնց հետ կապված երկու կառավարությունները հաճախ ձեռնարկում են դժվարին քայլեր՝ համապատասխանեցնելով առևտրային կանոնակարգերը, իրավական ռեժիմներն ու մաքսային օրենսդրությունը: Այդ նպատակով այս տարի մայիսին Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները ձևավորեցին տնտեսական գործակցությունը խորացնելու ուղիները դիտարկող բարձր մակարդակի մի հարթակ, որն ռեսուրսներ կապահովի երկկողմ առևտրի ընդլայնման համար: Այդ հարթակը Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդն է:

Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ Խորհրդի անդրանիկ նիստը կկայանա հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 17-ին Երևանում, որին կմասնակցեն ԱՄՆ Առևտրաարդյունաբերական ներկայացուցչի գրասենյակը և այլ գերատեսչություններ: Նիստի ընթացքում, որը կտևի մեկ ամբողջ օր, մենք կքննարկենք առևտրին առնչվող առանցքային կարևորության հարցեր, որոնք վերաբերում են մաքսային ոլորտին, մտավոր սեփականության իրավունքին, առևտրի ոչ-սակագնային խոչընդոտներին, պետական գնումներին: Մենք նաև կձևավորենք մասնավոր հատվածի հետ խորհրդակցության մեխանիզմներ: Ինձ համար մասնավոր հատվածի հետ խորհրդակցելը ամենահետաքրքիր բաղադրիչներից մեկն է, որովհետև այն ուղեցույց է ծառայում կառավարությունների մակարդակով ընթացող բանակցություններում՝ ապահովելով, որ մենք հանդես գանք այն հարցերի պաշտպանության դիրքերից, որոնք կարևոր են բիզնեսի, այստեղ ներկա գտնվողների և ձեր նման անձանց համար: Մենք փաստացի նախատեսում ենք Առևտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի հետ կապված հանդիպման ընթացքում առանձին նիստ անցկացնել բիզնեսը ներկայացնող կազմակերպությունների հետ:

Նոյեմբերի 19-ին, Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի նիստից անմիջապես հետո տեղի կունենա Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի ամենամյա հանդիպումը: Աշխատանքային խմբի նպատակն այն է, որ երկու երկրների կառավարությունները գործակցեն տնտեսական քաղաքականության ու երկխոսության այն կարևոր հարցերի շուրջ, որոնք առաջիկա տարիներին կարող են ազդել Հայաստանի տնտեսական աճի ու առևտրի վրա: Այս տարի քննարկվող հարցերի շարքում են կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանի ապագա էներգետիկ ռազմավարությունը, ջրային ռեսուրսների կառավարումը, քաղավիացիան ու բաց երկնքի քաղաքականությունը, միասնական հարկային օրենսգիրքը և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը, որին հանգամանալիորեն կանդրադառնամ մի փոքր ավելի ուշ:

Հիմնական ուղղություններից մեկը, որ մենք դիտարկում ենք բիզնես կապերի ընդլայնման ուղիները դիտարկելիս, դա ԱՄՆ ուղղակի ներդրումները ավելացնելու հեռանկարն է: Մենք հպարտ ենք, որ Միացյալ Նահանգները Հայաստանում խոշորագույն ուղղակի ներդրումներ ունեցողներից մեկն է: ԱՄՆ ներդրումները շեշտակի ավելացան Կոնտուր Գլոբալի կողմից Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերմամբ. 250 միլիոն ԱՄՆ դոլարի գործարք, որով Հայաստան մուտք գործեց ԱՄՆ էներգետիկ ոլորտի առավել նորարարական ընկերություններից մեկը՝ իր փորձով ու կառավարման տեխնիկայով: Ուզում եմ շեշտել, որ Կոնտուր Գլոբալն այս ներդրումը կատարեց, ստացավ Հայաստանի կառավարության աջակցությունը, քանի որ կոմերցիոն առումով կային լավ հիմնավորումներ: Թույլ տվեք շեշտել մի բան, որ բոլոր ներկաները քաջ գիտակցում են. ԱՄՆ դեսպանատունը չի կարող պարտադրել ամերիկյան ձեռնարկություններին ներդրում կատարել Հայաստանում: Հայաստանն է, որ պետք է գրավիչ լինի ներդրողների համար, ինչպես եղավ կոնտուր Գլոբալի դեպքում: Ընդհանուր առմամբ, ընկերությունները ներդրում են կատարում այնտեղ, որտեղ կա կանխատեսելիություն ու թափանցիկություն բոլոր հարցերում՝ հարկային ու մաքսային ընթացակարգերից մինչև դատական վարույթներ: Ուստի, ԱՄՆ դեսպանության ուշադրության կենտրոնում այն միջոցներն են, որոնք կօգնեն ձևավորել այնպիսի գործարար միջավայր, որտեղ կարող են արդարացի մրցակցել բոլոր ընկերությունները, լինի հայկական, ամերիկյան, ռուսական, թե այլ ընկերություն՝ այսպիսով մեծացնելով ներդրողների վստահությունը: Խոսելով Հայաստանում ԱՄՆ ներդրումների մասին՝ ուզում եմ անդրադարձ կատարել ամերիկյան ներդրումները Հայաստանում ավելացնելու նպատակով վերջերս դեսպանության կողմից կազմակերպված երկու միջոցառման: Այսպիսի միջոցառումներ առաջիկայում կուզենայի ավելի շատ տեսնել: Սեպտեմբերին մենք ֆրենչայզինգի օր անցկացրեցինք, որի ժամանակ Երևան էին ժամանել ֆրենչայզինգի հնարավորություններով հետաքրքրված մի քանի ամերիկյան ընկերություն: Մենք նաև հոկտեմբերին ընդունեցինք ԱՄՆ գործընկերության հնարավորության պատվիրակությանը, որը դիտարկում էր համագործակցությունը վերականգնվող էներգիայի ոլորտում: Մեր աշխատակազմը  նախապատրաստում է նմանատիպ այլ միջոցառումներ ևս, և կուզենայինք նաև լսել ՀԱԱՊ-ի նկատառումներն այն մասին, թե ինչ կարող ենք անել, որպեսզի նման միջոցառումները հնարավորինս լավ ծառայեն իրենց նպատակին:

Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի տնտեսական աճին ուղղված աջակցությամբ մենք շեշտադրում ենք մարզային զարգացման հարցը: Օրինակ՝ ԱՄՆ կառավարությունը ավելի քան քսան տարի ակտիվորեն աջակցում է գյուղատնտեսության զարգացմանը: Այս ոլորտը, որտեղ ներգրավված է Հայաստանի աշխատուժի 40 տոկոսը և որն ապահովում է ՀՆԱ-ի 20 տոկոսը, կենսական նշանակություն ունի ՀՀ տնտեսության ընդհանուր աճի ու կենսունակության համար: Գյուղատնտեսության աջակցության մեր ծրագրերով, որոնք ներկայումս իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից, շուրջ 12 միլիոն ԱՄՆ դոլար է ուղղված գյուղատնտեսության մրցունակության մեծացմանը և գյուղական համայնքների տնտեսական աճին:

Գյուղատնտեսության ոլորտում մեր կայուն գործակցությունից զատ՝ մենք դիտարկել ենք նաև գյուղի զարգացման այլ ուղիներ: Այս պահին դեռևս շատ բան չեմ կարող ասել, սակայն այս ամսվա ընթացքում մենք կհայտարարենք տուրիզմի հետ կապված մի շատ հետաքրքիր նախաձեռնության մասին, որի շրջանակում համագործակցում ենք ԱՄՆ Սմիթսոնյան հաստատության հետ, և սա կարծում եմ Հայաստանի գյուղական բնակավայրերի տնտեսությանը նոր շունչ ու ավյուն կհաղորդի:

Այժմ թույլ տվեք վերստին վերադառնամ կանխատեսելիության կարևորությանն ու բիզնեսի համար խաղի հավասար պայմանների ապահովման անհրաժեշտությանը, քանի որ անցնում եմ արդեն իմ երկրորդ գերակայությանը, այն է՝ կոռուպցիայի դեմ պայքարը:

Մեր հայ բարեկամների հետ ես պետք է անկեղծ լինեմ այն իրական կորուստների վերաբերյալ, որոնցով Հայաստանն հատուցում է կոռուպցիայի համար: Այս մասին ես լսում եմ հնարավոր ամերիկյան ներդրողներից և շարքային քաղաքացիներից, երբ ես շրջագայում եմ երկրով: Երբ բիզնեսի ոլորտում մրցակցությունն արդարացի չէ և չի հիմնվում օբյեկտիվ կոմերցիոն չափանիշների վրա, երբ կան հզոր շահեր, որոնք անհամաչափ տնտեսական և քաղաքական հետևանքների են հանգեցնում, ապա դա սահմանափակում է տնտեսական աճը: Այդ պարագայում տուժում է ողջ տնտեսությունը, տուժում է ողջ երկիրը: Օտարերկրյա բիզնեսը քվեարկում է իր ներդրումների միջոցով. եթե նրանք նկատում են, որ երկիրը կոռուպցիան կեղեքում է երկիրը, ապա նրանք կամ ընդհանրապես հրաժարվում են ներդրում կատարելուց, կամ կարող են հետ վերցնել իրենց ներդրումները: Հայաստանի քաղաքացիների շրջանում կոռուպցիայի բեռը կրում են առավել խոցելիները, փոքր բիզնեսի սեփականատերերը, ովքեր ջանում են գործ սկսել և պահպանել այն:

Կոռուպցիան սակայն սոսկ տնտեսության վրա չէ, որ բացասաբար է անդրադառնում: Կոռուպցիան խաթարում է ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը: Այն անկայունություն ու անվստահություն է ծնում հաստատություններում և կարող է վտանգել երկրի ազգային անվտանգությունը:

Իհարկե, կոռուպցիոն դրսևորումներ ամեն տեղ էլ լինում են, այդ թվում և ԱՄՆ-ում: Առանցքայինը ցանկացած երկրի համար այն է, թե կա արդյոք կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք, ունեն արդյոք լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունը կոռուպցիայի դեմ արտահայտվելու հնարավորություն և կան արդյոք հուսալի դատական գործընթացներ՝ քննելու ու դատական կարգով հետապնդում իրականացնելու բացահայտված գործերով:

ԱՄՆ կառավարության ուշադրությունը և ռեսուրսները կոռուպցիայի դեմ պայքարին նպատակաուղղելու մասին որոշումը մեկուսի չի ընդունվել: Խթանը գալիս է ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակից: 2015թ. Ազգային անվտանգության ռազմավարության մեջ նախագահ Օբաման նշեց, թե ինչու է Ամերիկան բոլոր մակարդակներում ու բոլոր ոլորտներում գործակցում կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների ու հաստատությունների հետ ամբողջ աշխարհում: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ թույլ տվեք պարզաբանել, թե ես և մեր դեսպանությունն այստեղ՝ Երևանում ինչպես ենք պատրաստվում արձագանքել այս խնդրին:

Նախևառաջ մենք կշարունակենք աշխատել հայաստանյան ցանկացած պետական ու հասարակական կառույցի հետ, որտեղ կա կոռուպցիայի դեմ պայքարի պատրաստակամություն: Դեսպանության կողմից կլինեն դրամաշնորհներ հակակոռուպցիոն աշխատանքներում ներգրավված ու կոռուպցիայի դեմ պայքարում ու թափանցիկության մեծացման հարցերում առաջընթաց արձանագրող պետական կառույցների հետ համագործակցող ՀԿ-ներին: Մեր աշխատանքը նաև կներառի աջակցություն Հակակոռուպցիոն խորհրդին: Խորհրդին ցուցաբերվող մեր ֆինանսական աջակցությունը ուղղված է որոշակի գործողությունների, ինչպիսիք են՝ հակակոռուպցիոն ռազմավարության մշակման շարունակվող աշխատանքները և գործողությունների պլանի կազմումը: Ուզում եմ շեշտել, որ մեր աջակցությունը Խորհրդին իրականացվում է այն պայմանով, որ վերջինս չափելի ձեռքբերումներ պետք է գրանցի: Եթե այդպիսի արդյունքներ չգրանցվեն, ապա մեր աջակցությունը կդադարեցվի, ամեն ինչ շատ պարզ է ու հստակ: Մենք նաև խրախուսում ենք ՀԿ-ների մասնակցությունը Հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքներին, քանզի մենք դա դիտարկում ենք որպես կառավարության հետ ուղղակիորեն կառուցողական երկխոսության մեջ մտնելու հնարավորություն քաղաքացիական հասարակության համար:

Երկրորդ, ԱՄՆ դեսպանությունը կշարունակի օգնել քաղաքացիական հասարակությանը՝ ուշադրությունը դեպի կոռուպցիան բևեռելու ու կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում: Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին կարծում եմ ԱՄՆ դեսպանությունը օգնեց Հայաստանում խոսակցություն ծավալել կոռուպցիային առնչվող մի շարք ծրագրերի ու միջոցառումների միջոցով, որոնց եզրափակիչ նոտան «Ազատություն» ռադիոկայանին տրված իմ հարցազրույցն էր: ԱՄՆ դեսպանության նմանատիպ հակակոռուպցիոն ուղղվածության քայլերն ապագայում կշարունակվեն:

Ուզում եմ մի պահ անդրադարձ կատարել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը կամ ԱՃԹՆ-ին, քանի որ այն կարևոր հակակոռուպցիոն նախաձեռնություն է, որտեղ իրապես առաջնորդող դեր է ստանձնել վարչապետը: Մենք ուրախությամբ ընդունեցինք այս ամռանն արված նրա հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը մտադիր է անդամակցել ԱՃԹՆ-ին: ԱՃԹՆ-ը պահանջում է, որ կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և հանքարդյունաբերական ոլորտը Հայաստանում համախմբեն իրենց ջանքերը՝ ապահովելու ոլորտի թափանցիկության առավել բարձր աստիճան և խթանելու ոլորտի մաքուր ու ինքնահարատ զարգացումը: Անելիք դեռ շատ կա մինչև որ Հայաստանը կարողանա նախ դառնալ ԱՃԹՆ թեկնածու երկիր, ապա նաև ԱՃԹՆ պահանջները բավարարող երկիր: Դեսպանությունը պատրաստ է աջակցել Հայաստանին ԱՃԹՆ թեկնածու դառնալու հայտի պատրաստման հարցում:

Այժմ անցնեմ իմ երրորդ գերակայությանը՝ Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ամրապնդմանն ուղղված մեր շարունակական ջանքերին:

Հիշենք Ուինսթոն Չերչիլի հայտնի արտահայտությունը, որտեղ ասում էր. «Քանի դեռ մյուս տարբերակներ հետ համեմատության մեջ չենք դիտարկում, ժողովրդավարությունը կառավարման վատթարագույն ձևն է»: Համամիտ ենք. իմ երկրի կառավարությունն հավատացած է, որ ժողովրդավարությունն իր բոլոր թերություններով հանդերձ, արժանի է դրա ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, քանի որ դրա հիմքում ժողովրդի կամքն է: Հենց սրանով էլ այն կառավարման մյուս ձևերի համեմատ առավել է՝ անհատների իրավունքների ու կարծիքների նկատմամբ հարգանքի, խնդիրների խաղաղ կարգավորման և բարեկեցության ձևավորման տեսանկյուններից: Գործունակ ժողովրդավարություն ապահովելու կարևոր բաղադրիչներից մեկը ամուր և անկախ քաղաքացիական հասարակությունն է: Սրանով է բացատրվում, թե ԱՄՆ կառավարությունն ու դեսպանությունն ինչու են շեշտադրում իրավունքի գերակայության ամրապնդումը, մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակության զարգացումը և կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց և փոքրամասնական խմբերին քաղաքացիական ու քաղաքական մասնակցության լիազորություններով օժտելը: Վստահեցնում եմ, որ մենք կշարունակենք այդ հարցերի շեշտադրումը:

Այս ինն ամիսների ընթացքում Հայաստանում իմ տեսածը հուսադրող է: Չնայած առաջընթացի տեղ կա, հատկապես՝ գյուղական շրջաններում, սակայն ես տեսել եմ կենսունակ քաղաքացիական հասարակություն, որը չի վարանում քննադատություն հնչեցնել: Իմ գնահատմամբ, Մերձբալթյան պետություններից հետո Հայաստանն ունի ամենակենսունակ ու ակտիվ քաղաքացիական հասարակությունը նախկին ԽՄ տիրույթում:

Բազմաթիվ ՀԿ-ներ Հայաստանում արդյունավետորեն համագործակցում են պետական հաստատությունների հետ, և մենք ակտիվորեն պաշտանում ենք այս միտումը: Կառավարության ու քաղաքացիական հասարակության միջև իմ տեսած ամենահաջող գործընկերություններից մեկն կարծում եմ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբն է, որի կազմում ընդգրկված են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարող բոլոր պետական կառույցները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և միջազգային կազմակերպությունները:

Թեպետ կան կառավարության ու քաղաքացիական հասարակության այս կարգի արդյունավետ համագործակցության օրինակներ, սակայն անելիք ևս շատ կա: Ես ուզում եմ խրախուսել կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առավել լիարժեք ու կառուցողական մասնակցությունը: Շատ հաճախ Հայաստանի կառավարությունը թերանում է կապ հաստատել քաղաքացիական հասարակության հետ ընդհանուր հետաքրքրության հարցերի շուրջ խորհրդակցելու նպատակով կամ նրանց փորձառությունից օգտվելու նպատակով: Իսկ առիթ լինելու դեպքում էլ, երբեմն, քաղաքացիական հասարակությունն է հանդես բերում թերահավատություն ու վարանում է աշխատել կառավարության հետ:

Քաղաքացիական հասարակության անդամները պետք է առաջնորդող դեր ստանձնեն՝ ցանկալի բարեփոխումները երկրում կառուցողականորեն առաջ մղելու հարցում: Բողոքի ակցիաները կարող են աշխուժացնել հասարակությանը ու փոփոխությունների մթնոլորտ ձևավորել, սակայն իրատեսական նպատակներ սահմանելը, կառավարության հետ աշխատելը և շահապաշտպան մոտեցումներ ձևավորելը հավասարապես կարևոր են ու պահանջում են համբերություն, և նվիրված աշխատանք: Քաղաքացիական հասարակության համար մենք ունենք հետևյալ ուղերձը. Կատարելագործեք ձեր կազմակերպական և շահապաշտպան կարողությունները, գտեք համակիրներ տեղերում: Դարձեք անկախ և ֆինանսապես կայուն: Հայ հասարակությանն անհրաժեշտ են ամուր, ըմբռնող և ֆինանսապես կայուն ՀԿ-ներ, որոնք կարող են ներկայացնել իրենց համակիրների կարիքներն ու մտահոգությունները:

Ես երկար խոսեցի Հայաստանի և գործընկերության ու համատեղ աշխատանքի առաջնահերթ ուղղությունների մասին: Ելույթիս վերջում ուզում եմ խոսել իմ երկրի մասին: Իմ չորրորդ և վերջին գերակա ուղղությունը հետևյալն է. մենք՝ դեսպանությունն ու անձամբ ես պետք է ավելի լավ աշխատենք ԱՄՆ քաղաքականությունը հստակեցնելու ուղղությամբ՝ ոչ միայն Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների ու ընդհանուր նպատակների մասով, այլ ամբողջ աշխարհի վերաբերյալ: Թվում է, թե ինտերնետային կապի ու բջջային սարքերի մեր այս դարաշրջանում տեղեկատվություն ստանալու համար բավարար է միայն մի կոճակ սեղմել, սակայն շատ հայեր, ում հետ շփվելու առիթ եմ ունեցել, ասում են, թե ԱՄՆ քաղաքականությունը լայն իմաստով լավ չեն պատկերացնում, չեն պատկերացնում թե ինչպես աշխարհը կարող է դառնալ ավելի անվտանգ, բարեկեցիկ ու ազատ այն արժեքների միջոցով, որոնք ԱՄՆ-ը փորձում է խթանել: Ասում են՝ դժվար է գտնել ԱՄՆ պաշտոնական ուղերձները լսելու հնարավորություն: Իմ կարծիքով, սա նշանակում է, որ դեսպանությունը պետք է ավելի հստակ փոխանցի այդ ուղերձները ու հնարավորություններ գտնի դրանք Հայաստանում ավելի լայն շրջանակների ներկայացնելու համար: Ուստի, մենք կուսումնասիրենք, թե ինչ ուղիներով ես կամ դեսպանատան անձնակազմը, որոնցից շատերն այսօր ներկա են այստեղ, կարող ենք տարբեր լսարանների համար հստակեցնել կամ պարզաբանել ամերիկյան քաղաքականությունը:

Երբ արդեն նշեցի իմ այս վերջին գերակայությունը, կուզենայի, այս հեղինակավոր ու կարևոր լսարանի ներկայությունից օգտվելով, համառոտ անդրադառնալ ԱՄՆ քաղաքականության երկու ուղղության, որոնք առավելապես կարևորվում են Հայաստանի ու հարևան երկրների համար, խոսքը Ռուսաստանի ու Իրանի հետ մեր հարաբերությունների մասին է:

Եվրոպական մայրցամաքում մեր գլխավոր նպատակը այն է, ինչի շուրջ աշխատում ենք 25 տարի, այն է՝ ազատ, ամբողջական և խաղաղ Եվրոպա: Մենք և ատլանտյան դաշնակիցները ժողովրդավարական ընտրության, հավաքական անվտանգության, խաղաղության, հանդուրժողականության և բարեկեցության պաշտպաններ ենք: Սրանք են մեր արժեքները և մենք հպարտությամբ վերահաստատում ենք դրանք: Վերջին տարիներին մեր առջև ծառացած մարտահրավերները՝ ռուսական ագրեսիան Ուկրաինայում, պայքարն ԻԼԻՊ-ի դեմ և սիրիական քաղաքացիական պատերազմը, առավել ամրապնդել են այդ արժեքների հանդեպ մեր նվիրվածությունն ու ամրապնդել են Եվրո-ատլանտյան դաշինքի մեր ընդհանուր կապերը:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս պահին ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև կան քաղաքական սուր տարաձայնություններ, մասնավորապես՝ Ուկրաինայի ու Սիրիայի հարցերով: Սակայն այլ հարցերում մենք փնտրել ու գտել ենք համագործակցության ընդհանուր եզրեր, մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի հարցում, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում:

Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև կա անվստահություն, ու հաճախ Հայաստանում ինձ հարցնում են, թե ինչպես է դա անդրադառնում հայ-ռուսական հարաբերությունների մասով մեր մոտեցումների վրա: Թույլ տվեք ասել, որ մենք հասկանում ենք, որ աշխարհագրական դիրքից ելնելով և պատմականորեն Հայաստանում ռուսական ներկայությունը նշանակալի է, և որ դուք ամուր պատմական կապեր ունեք: Ես կարծում եմ և հավատացած եմ, որ շատ հայեր նույնպես կարծում են, որ հայ-ռուսական հարաբերությունները և Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չպետք է բացառեն ու չեն բացառում Հայաստանի ամուր ու փոխշահավետ հարաբերությունները ԱՄՆ-ի, Եվրամիության, և այլ հնարավոր գործընկերների, ինչպես նաև այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ ՆԱՏՕ-ն և Եվրախորհուրդը: Այս հարաբերությունները մեկը մյուսին չեն բացառում: Մեկի հաղթանակը դեռևս պատրություն չէ մյուսի համար:

Ռուսաստանի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման հարցի հետ կապված թույլ տվեք մեջբերել փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդի խոսքը, ով Բրուքինգյան հաստատությունում 2015թ. հունվարի իր ելույթում ասաց. «Մենք ժխտում ենք Մոսկվայում տարածված այն մոտեցումը, որ մենք ցանկանում ենք տեսնել թույլ Ռուսաստան. ոչինչ ավելի հեռու չէ իրականությունից, քան սա: Այն ինչ մենք ուզում ենք, ուզել ենք և ուզելու ենք դա ամուր ժողովրդավարական Ռուսաստանն է, որը երկրի ներսում ու սահմաններից դուրս հարգում է իրավունքի գերակայությունը և իր հարևանների ինքնիշխանությունը. Ռուսաստան, որ աշխատում է մեզ հետ և Եվրոպայի հետ՝ խաղաղություն ու անվտանգություն ապահովելու տարածաշրջանում և աշխարհում: Միայն Միացյալ Նահանգները 1992թ. ի վեր ավելի քան 20 միլիարդ դոլար է ծախսել, որպեսզի Ռուսաստանն ամրապնդի ու բաց դարձնի իր տնտեսությունը, առողջացնի երկիրը, իրականացնի մաքուր ու առավել բաց կառավարում և ընտրություններ, կանխի զանգվածային բնաջնջման զենքերի տարածումը և համատեղ գործողությունների ու վարժանքների միջոցով առավել սերտանան կապերը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև: Այս կարգի համագործակցությունը սակայն չի կարող շարունակվել, եթե Ռուսաստանն անարգում է միջազգային համակարգի նորմերը, երբ պատառներ է պոկում հարևան երկրի տարածքից ու սպառնում է նրանց տնտեսական ու քաղաքական հպատակեցմամբ: Ռուսաստանի համար հետդարձի ճանապարհը, մեզ բոլորիս հետ լավ հարաբերությունների ճանապարհը, շատ պարզ է. հենց այն պահին, երբ Ռուսաստանը թույլ տա, որ Ուկրաինան վերահսկի միջազգային սահմանի իր հատվածը և դադարեցնի հակամարտության սնուցումը, իրավիճակը կբարելավվի: Կդադարի զենք-զինամթերքի ու մարտնչողների հոսքը: Պատանդները տուն կվերադառնան: Պատժամիջոցները կսկսվել հանվել: Եվ պայքարը, որ Մոսկվան կոչում է ներ-ուկրաինական պայքար, կդառնա հենց այպիսին: Ուկրաինացիները մեր աջակցությամբ հնարավորություն կունենան իրավաչափ լուծումներ տալ արևելքում առկա դժգոհություններին. վերականգնել քաղաքական, տնտեսական և մշակութային կառույցները և կապերը, որոնցով կմիավորվի ժողովրդավարական Ուկրաինան. հնարավորություն տալ Դոնբասի ժողովրդին խաղաղ, օրինական ու սահմանադրական կարգով որոշում կայացնել իրենց ապագայի մասին. Հենց այն, ինչ ուզում է Մոսկվան՝ իր իսկ խոսքերով»:

Քանի որ Հայաստանն ու Իրանը հարևան երկրներ են, թույլ տվեք նաև շատ կարճ անդրադառնալ իմ կարծիքով մի արտակարգ ձեռքբերման, դա Համատեղ գործողությունների համալիր ծրագիրն է, որ ստորագրվել հոկտեմբերի 18-ին: Իրանի կողմից միջուկային զենքի ձեռք բերումը կանխելու ու միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակների ծառայեցնելն ապահովելու հարցում դա կարևոր շրջադարձային քայլ էր: Ուզում եմ փաստել, որ Հայաստանը տարիների ընթացքում հետևել է Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներին, ինչը հետևանքներ է ունեցել Հայաստանի ու վերջինիս տնտեսության վրա. Միացյալ Նահանգների կառավարությունը դա հասկանում է ու գնահատում: Սա հստակ մատնացույց է արել, թե ինչպիսի լրջությամբ է Հայաստանը վերաբերում միջազգային հանրության մեջ իր ունեցած դերակատարմանը: Միջազգային այս միասնականության շնորհիվ էր, որ հնարավոր եղավ դիվանագիտական ճանապարհով համաձայնության գալ և կանխել Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու հնարավորությունը:

Քանի որ այստեղ Համատեղ գործողությունների ծրագրի արդյունքների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, թույլ տվեք ասել, թե ինչ է սպասվում: Մենք ակնկալում ենք, որ Իրանը համաձայնագրով առաջ քաշված քայլերը կկատարի և երբ դրանք կատարվեն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատի դա, կողմերը կհասնեն Իրականացման օրվան: Եթե կամ երբ հասնեն այդ օրվան, ԱՄՆ-ը կառավարությունը և միջազգային հանրությունը պարտավոր կլինեն հանել միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցները: Թույլ տվեք սակայն նշել, որ այս պահին պատժամիջոցները դեռևս գործում են և ԱՄՆ-ն իր միջազգային գործընկերների հետ աշխատում է ապահովել, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ունենա ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են ստուգելու Իրանի կողմից Համատեղ գործողությունների ծրագրով նախատեսված քայլերի իրականացումը:

Ես անդրադարձա արտաքին քաղաքականության մի քանի առանձին հարցերի՝ Եվրոպա, Ռուսաստան և Իրան: Այժմ ուզում եմ մի պահ ետ գնալ ու անդրադառնալ մեծ պատկերին: Ինչպես վերջերս պետքարտուղար Քերին ասաց. «Մենք ապրում ենք արտակարգ դժվարին ժամանակներում… Առաջիկայի մեր ռազմավարությունը այն է, որ հիմքեր ստեղծենք այնպիսի լուծումների համար, որոնք կամրապնդեն պետությունների համայնքը առաջիկա տասնամյակներում: Դրանում հաջողության հասնելու համար պետք է մոբիլիզացնել բոլոր դաշնակիցների ու բարեկամների աջակցությունն ամբողջ աշխարհում, որովհետև մենք միայնակ դա չենք կարող անել»:

Նույն ոգով շարունակելով, ուզում եմ գովեստի խոսքեր ուղղել Հայաստանին ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերում իր ազդեցիկ ու ընդլայնվող մասնակցության համար: Հայաստանն անդամակցում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին 1994թ.-ից, Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններում իր մասնակցության համար արժանացել է ՆԱՏՕ-ի ղեկավարության բարձր գնահատականին, իսկ վերջերս Հայաստանը հրապարակավ վերահաստատեց «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մինչև վերջ մասնակցելու իր պատրաստակամության մասին: Ողջունում ենք նաև Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կազմում Լիբանանում ու հնարավոր ներկայությունը Մալիում:

Հայաստանը հոյակապ երկիր է, որը մեծ ձեռքբերումներ է ունենում: Ես դեռևս 1990-ականների սկզբներից սկսել եմ զբաղվել Հայաստանի հարցերով ու շատ դրական տեղաշարժեր եմ տեսել, փոփոխություններ, որոնք արգասաբեր են եղել հայ ժողովրդի համար: Անելիք դեռ շատ կա: Կարծում եմ, որ իմ նախանշած չորս գերակա ուղղությունները ԱՄՆ կառավարությանն ու ժողովրդին թույլ կտան Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին ապահովել ռեսուրսներով ու գործիքներով, որոնք անհրաժեշտ են երկրի առաջ ծառացած մարտահրավերներին հայկական լուծումներ գտնելու հարցում: Մենք դեսպանությունում կաշխատենք մեր երկկողմ առևտրային ու բիզնես կապերն ամրապնդելու ուղղությամբ: Մենք կօգնենք Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում: Մենք կգործակցենք Հայաստանի հետ ժողովրդավարական հաստատություններն ու քաղաքացիական հասարակությունն ամրապնդելու հարցում: Խոստանում եմ ավելի ակտիվ լինել ԱՄՆ արտաքին քաղաքականության տարբեր հարցերը պարզաբանելու հարցում: Իսկ ձեզ առաջարկում եմ հետամուտ լինել և, դատելով այս նպատակների կենսագործման ընթացքից, գնահատել, թե ինչքանով կհաջողվի իմ աշխատանքը՝ որպես դեսպան:

Շնորհակալ եմ ձեր համբերատարության համար: Այո, ելույթս երկար էր, բայց հուսով եմ օգտակար էր մեր սերտ համատեղ երկխոսությունը առաջ տանելու համար: Հուսով եմ, երեկոյի երկրորդ մասում առիթ կունենամ անձամբ զրուցել ձեզնից յուրաքանչյուրի հետ: Շնորհակալություն:

10 նոյեմբերի, 2015թ.

ք. Երևան, Մարիոթ հյուրանոց

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30