Նոյեմբերի 5-ին Լեհաստանի Կիելցե քաղաքում` քաղաքապետարանի, «Զիեմովիտ» մշակութային միության, Կիելցե քաղաքի թիվ 10 հանրակրթական ավագ դպրոցի և տեղի հայկական համայնքային կազմակերպության կողմից «Հայրենասիրությունը երեկ, այսօր և վաղը» խորագիրը կրող միջոցառումների շարքում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հանդիպման ընթացքում «Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը» թեմայով ելույթով հանդես եկավ Լեհաստանի հայ կաթողիկե եկեղեցու հայտնի հոգևորական և հրապարակախոս Տադեուշ Իսակևիչ-Զալեսկին, որը մանրամասն ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը, ճանաչման և դատապարտման գործընթացը և նշանակությունը հետագա ցեղասպանությունների կանխարգելման գործում: Հիմնական զեկույցին հաջորդեց մտքերի փոխանակություն և քննարկում, իսկ բանախոսը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:
Հանդիպմանը մասնակցում էին Լեհաստանում Հայաստանի դեսպանության հյուպատոս Տիգրան Վարդանյանը, Կիելցեի փոխքաղաքապետը, Շվիենտոկշիսկի վոևոդության պաշտոնյաներ, Ուկրաինայի Վիննիցայի շրջանի հայկական համայնքի պատվիրակությունը, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԳՆ