Վերջին օրերին շատ է քննարկվում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի այն հայտարարությունը, թե «Ես կարծում եմ, որ իրականում վարչապետ դառնում են մեծամասնություն ներկայացնող կուսակցության լիդերները»:
(Նշենք, որ Դավիթ Հարությունյանը Tert.am-ին պարզաբանել էր, որ իր «Ես կարծում եմ, որ իրականում վարչապետ դառնում են մեծամասնություն ներկայացնող կուսակցության լիդերները» խոսքը ներկայացվել է համատեքստից կտրված. «Իմ խոսքում անգամ ես շարունակում եմ, որ բնականաբար դա տեսանելի է նաև Սերժ Սարգսյանի համար, իսկ մինչ այդ խոսում էի այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում դառնալ վարչապետ: Այսինքն` ես պնդում եմ լրիվ հակառակը՝ Սերժ Սարգսյանը քաջ գիտակցում է, որ խորհրդարանական կառավարման համակարգում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի լիդերներն են դառնում վարչապետ, և նա, դա գիտակցելով, այդ հայտարարությունն է արել»,– խմբ.):
Շատերի համար այս հայտարարությունը հակասության մեջ է մտնում Սերժ Սարգսյանի այն հայտարարության հետ, որ ինքը սահմանադրական փոփոխություններից հետո չի դառնալու ոչ նախագահ, ոչ վարչապետ:
Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հորդորեց այդ հակասությունների մասին ճշտել անձամբ ՀՀԿ-ականներից, բայց պնդեց այն, որ սահմանադրական փոփոխությունները կատարվում են Սերժ Սարգսյանի իշխանության շարունակության համար:
Կարդացեք նաև
Նա մանրամասնեց. «Մեր երկրի գործող Սահմանադրությունը բոլոր խնդիրները լուծում է: Չի եղել ճգնաժամ, որ մեր Սահմանադրությունը չլուծեր, ուստի այստեղ ակնհայտ է, որ խնդիրը Սերժ Սարգսյանի իշխանության շարունակությունն է, թե ինչ պոստում` չգիտեմ: Անտրամաբանական հայտարարությունները չեմ ուզում մեկնաբանել, բայց ես գիտեմ, որ սա արվում է Սերժ Սարգսյանի` իշխանության շարունակության համար, իսկ թե ինչ ափսեի մեջ, չգիտեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ