Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինուժը տունը քանդել է, փոխհատուցում չկա

Նոյեմբեր 10,2015 17:17

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ գյուղի ժամանակավոր բնակիչ, 41-ամյա Մանյա Ղազարյանը (օրիորդական ազգանունը՝ Ղազախյան) որպես կապավոր ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարության Իջեւանի զորամասում: Նրա ամուսինը տարիներ առաջ մահացել է:

Մ. Ղազարյանը Ազատամուտում վարձով բնակվում է իր 30-ամյա քրոջ եւ 16-ամյա աղջկա հետ: Մանյան ասաց, որ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Պառավաքար գյուղում գտնվող իրենց հայրական՝ Ղազախյանների ընտանիքին պատկանող տունը 1990-ական թվականների ադրբեջանական գնդակոծությունից վնասվել է: Ընտանիքը նյութական միջոցներ չի ունեցել նորոգելու համար եւ այն վթարային է դարձել:

Մանյան վկայում է , որ իր հոր մահից հետո մայրը ծանր վիրահատության է ենթարկվել, նրան վթարային տան մեջ չպահելու, նաեւ մոր դեղերի համար գումար վաստակելու համար 2002 թ. ընտանիքով տեղափոխվել են Ազատամուտ:

Սահմանամերձ Պառավաքար գյուղում վթարային դարձած տան հարցով Ղազախյանները դիմել են Տավուշի մարզպետարան, կառավարություն: 2010թ. Մանյայի մայրը մահացել է:

Դեռեւս 2000թ. Ղազախյանների ընտանիքին է տրամադրվել փաստաթուղթ այն մասին, որ վթարային տունը պետական բյուջեի միջոցներով պետք է հիմնանորոգվի կամ էլ՝ համապատասխան չափով դրամական փոխհատուցում տրվի: Երկհարկանի առանձնատան սեփականության իրավունքի գրանցման վկայականում առկա են Մանյայի, մահացած մոր, Մանյայի աղջկա եւ քրոջ անունները:

2015թ. սեպտեմբերի 22-ին ադրբեջանական զինուժի կողմից Պառավաքար գյուղի գնդակոծության հետեւանքով Ղազախյանների տունն ամբողջությամբ փլվել է: Այդ տանը առանց վարձ մուծելու բնակվում էր պառավաքարցի միայնակ մայր, սոցիալապես խիստ անապահով Նելլի Սարգսյանը՝ իր 5 երեխաների հետ:

Տան փլվելու ժամանակ այդ բազմազավակ ընտանիքը մի կերպ է փրկվել: Մանյա Ղազարյանը եւ իր ընտանիքի անդամները տան համար սպասում են աջակցության, որի խոստումը 15 տարի առաջ է տրվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30