«Համեմատ 2-րդ, 3-րդ գլուխների հետ, 7-րդ գլուխը, որը վերաբերում է դատական իշխանությանը, փոքր-ինչ առաջխաղացում է գոյություն ունեցողի համեմատ»,-այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հրավիրած «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. իշխանությունների տարանջատումը և հակակշռումը ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծում» խորագրով հանրային քննարկմանը հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը: Սակայն նա նկատեց, որ այս նախագիծը չի լուծում այն լուրջ խնդիրները, որոնք գոյություն ունեն այսօրվա դատական համակարգում:
Պարոն Ալումյանը փաստեց, որ ժողովուրդն ինչպես կտրված էր դատական իշխանություն ձևավորելուց, այնպես էլ մնաց, ինչը նշանակում է, որ մենք մեզ չենք կարող համարել ժողովրդավարական պետություն:
Նա յոթերորդ գլուխը համարեց բաց թողնված հնարավորությունների գլուխ ու օրինակ բերեց. «Նախապես հայտարարեցին, որ Սահմանադրությունը հնարավորություն է տալու երդվյալ ատենակալների ինստիտուտի վերականգնման համար, սակայն այժմ այդ հարցը փակվել է: Սա էլ բացթողնված մի հնարավորություն է»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մտահոգություն հայտնեց, թե այս Սահմանադրության համաձայն` վճռաբեկ դատարանների միջոցով հաստատվում է «զոնալ» դատավորների համակարգը:
Կարդացեք նաև
Այնուհետև պարոն Իշխանյանը հարց բարձրացրեց, թե ինչ գործ ունեն կուսակցական գործիչները, օրինակ` ՕԵԿ-ական նախարարը ՀՀԿ-ի կուսակցական շտաբում: Ըստ պարոն Իշխանյանի` այսպիսով բոլորին 2013-ից նախապատրաստում են կուսակցական կառավարման: Ավետիք Իշխանյանի համար նաև տարօրինակ է այն, որ որպես փաստարկ «այո»-ի կողմնակիցները բերում են այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե չի ուզում դառնալ վարչապետ, ապա այստեղ հարց է առաջանում իսկ Սերժ Սարգսյանը հրաժարվելու՞ է կուսակցության ղեկավարի պաշտոնից, քանի որ խորհրդարանական համակարգի տրամաբանությունն այն է, որ կուսակցության ղեկավարը ստանձնում է երկրի վարչապետի պաշտոնը:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը մտավախություն ունի, որ այս Սահմանադրության տեքստի ընդունման դեպքում քաղաքական փոքրամասնությունը լինելու է մղված լուսանցք: Նա որոշակի խնդիրներ է տեսնում դատավորի կարգավիճակի հետ կապված. «Սահմանադրական դատարանի դատավորի` 12 տարվա պաշտոնավարման ցենզը որոշ խնդիրներ է առաջացնում, քանի որ դատավորը պետք է լինի ցմահ դատավոր»:
Նշենք նաև, որ քննարկմանը հրավիրված էին նաև Սահմանադրության տեքստի համար պատասխանատու, այն հեղինակած անձինք, սակայն նրանք հրավերը մերժել էին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ