Այսօր ԱԺ-ում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը օրենսդրական փաթեթ ներկայացրեց, որով առաջարկում են, որ ԿԲ-ն ուզում է 1 տեղակալ ավելացնել: Արթուր Ջավադյանի խոսքերով՝ «ԿԲ-ն ունի ըստ էության 1 տեղակալ, սա հակասում է կորպորատիվ կառավարման սկզբունքներին եւ թույլ չի տալիս ներկայացուցչական ֆունկցիաներ անել: Խորհրդի կազմը դարձնում ենք 8 հոգի, անկախ խորհրդի անդամները՝ 5, որոշումները կարող են ընդունվել 5 անդամի քվեարկությամբ»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց. «Նոր խմբի ձեւավորման արդյունքում ինչքա՞ն նոր անդամներ են ավելանալու, ինչ աշխատավարձով եւ դա պետբյուջեի վրա ինչ է արժենալու: Դուք ասում եք՝ ներկայացուցչական ֆունկցիաները իրականացնելու համար եւս մի տեղակալ եք ուզում, ինչ մեքենա է ունենալու, ինչ է նստելու ժողովրդի՝ առանց այն էլ ծակ գրպանի վրա»:
ԿԲ նախագահը պատասխանեց, որ ԿԲ-ն բյուջեից չի սնվում. «Մենք որեւէ նոր աշխատատեղ չենք բացում, նոր ծախս չկա, ուղղակի համախմբել ենք, ամեն ինչին տվել ենք օրենքի ձեւ: Տեղակալը ստանալու է նույն աշխատավարձը, ինչ մյուս տեղակալը, ես չեմ հիշում, թե ինչքան է ստանում: Որեւէ այլ գործառույթ չի բացվում՝ ոչ խորհրդականի, ոչ օգնականի: : ԿԲ նախագահին փոխարինում է ԿԲ նախագահի տեղակալը, մենք հիվանդանալու իրավունք չունենք: Եթե տեղակալը մեկնում է գործուղման, ես չգամ աշխատանքի, փաստաթղթերն այդ օրը չեն ստորագրվում»:
Նա ասաց, որ փաստաթուղթ կարող են ստորագրել միայն ինքը եւ իր տեղակալը:
Կարդացեք նաև
Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց. «Դուք ունեք չունեք՝ մեկ տեղակալ ունեք, չգիտե՞ք տեղակալի պետական աշխատավարձն ինչքան է: ԿԲ-ի միջոցներից է ասում եք, բայց ԿԲ-ն ձեր ՍՊԸ-ն չի, ոչ էլ ձեր տեղակալի ՍՊԸ-ն է, դրանք պետական միջոցներ են»:
Արթուր Ջավադյանը զարմացավ համեմատությունից ՍՊԸ-ի հետ. «ԿԲ-ն լուրջ կառույց է: Դուք էլ ձեր ավանդները պահում եք հայկական բանկերում, ես հո չեմ հրապարակում ձեր ավանդների չափը: Եթե աշխատավարձը պետք է՝ կհրապարակենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ