Այսօր ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ԱԺ-ում սուր ելույթ էր ունեցել եւ քննադատել իշխանությանը ընտրակեղծիքների համար:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով նրան՝ ասաց. «Մեր նախկին կոալիցիոն գործընկերներին ասեմ, որ այդպես ամպագոռգոռ պետք չի քննադատել, մի քիչ տեղ թողեք: Քաղաքականությունը գնում է, հանկարծ կարող է այլ իրավիճակ լինել, հիմա հակառակ ելույթներն ունենաք: Մի քիչ պիտի տեղ թողնեք, որ հետո, 1-2 տարի հետո չամաչեք ձեր ելույթների համար: Դուք մեր՝ ՀՀԿ-ի գործընկերներն եք եղել եւ այդքան խիստ գնահատականներ, թե կեղծված են լինելու հանրաքվեի արդյունքները՝ միեւնույն է, չի հաջողվելու ստվեր գցել: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ պրովոկացիաների առաջ կարողանանք առնել»:
Հեղինե Բիշարյանը տեղից այնքան բղավեց, որ Հերմինե Նաղդալյանը ստիպված միացրեց նրա խոսափողը, որ արձագանքի Վահրամ Բաղդասարյանին:
Տիկին Բիշարյանի խոսքերով՝ «Մի քիչ ճիշտ եւ համարժեք մոտեցում ցուցաբերեք: ՕԵԿ-ը դասական քաղաքական ուժ է: Այո, եղել ենք եւ ընդդիմություն, եւ իշխանություն եւ երբեք չենք ամաչել մեր ելույթներից, որովհետեւ մենք խոսել ենք ճշմարտության մասին: Մի մոռացեք, որ մենք երկու անգամ հրաժարական ենք տվել՝ ելնելով մեր սկզբունքներից: Մենք երբեք թույլ չենք տա, որ խոսեն մեր մասին, որովհետեւ մենք գիտենք որտեղ է սկիզբը, որտեղ է վերջը»:
Կարդացեք նաև
Հովհաննես Սահակյանն էլ իր ելույթում փորձեց անդրադառնալ դասական քաղաքական ուժին: Բիշարյանը նորից տեղից բղավեց, ՀՀԿ-ականները սկսեցին ծիծաղել: Հովհաննես Սահակյանի խոսքերով՝ «Եթե ձեր անունը դասական է, ես այսուհետ շարունակելու եմ դիմել ձեզ, որպես դասական»:
Հովհաննես Սահակյանը վստահեցրեց, որ ՕԵԿ-ից որեւէ մի գրավոր առաջարկ ինքը չի ստացել, մինչդեռ ԱԺ-ում հայտարարում են, թե առաջարկներ են արել, ոչ մեկը չի ընդունվել: Նա ասաց, որ արձանագրությունների մեջ նշելու են, թե ով է քվեարկել նույնականացման քարտով, որպեսզի նրանք վերահսկելի լինեն եւ նույնականացնեն, թե ովքեր են նրանք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ