Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ի ժամանակվա ընտրակեղծիքների ու կաշառքների մասին՝ ԱԺ-ում (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2015 16:10

«Մենք ոչ թե ձեր կեղտոտ տեխնոլոգիաներով ենք ընտրվել ու դարձել պատգամավորներ, այլ՝ ի հակառակ ձեր կողմից կիրառված բոլոր հնարավոր կեղտոտ տեխնոլոգիաների»,- ԱԺ-ում նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցելու մասին քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այսպես արձագանքեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթին, որի ժամանակ նա անուններ էր հնչեցրել, թե ովքեր են Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ հաղթել ընտրություններում՝ Հերմինե Նաղդալյանի, Վահրամ Բաղդասարյանի, Արտաշես Գեղամյանի անունները:

Գեղամյանն էլ տեղում արձագանքեց. «Ես ջախջախիչ հաղթանակ եմ տարել Դավթաշենում՝ ՀՀՇ-ի կողմից երաշխավորված շատ պարկեշտ անձնավորության հանդեպ: Պարզապես 5 տարիները բավական էին մեր ժողովրդի համար, որ իրենք համոզվեին՝ թեկուզ պոլի փետ լինի, բայց ՀՀՇ-ական, Դավթաշենում դա չստացվեց»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ, ի պատասխան, վերհիշեց 90-ականների ընտրություններից, 95-ի հանրաքվեից մանրամասներ ու դետալ առ դետալ սկսեց պատմել. «Մի փոքր պատմական էքսկուրս կատարենք: 1995թ. ԳԽ ընտրություններ. ՀՀՇ-ն ամբողջ ուժով առաջադրանք էր դրել՝ ով ուզում է անցնի, միայն չանցնի Վահրամ Բաղդասարյանը: Թվերը կան, առաջին փուլով 57 տոկոս: Այսինքն, միանշանակ անցնում էի, հետո ասին՝ վերահաշվարկ պետք է արվի, անվավեր ձայներ կան եւ 37 ձայն է պակասում, որ անցնես: Ես երիտասարդ տղա, ոչ վստահված անձ ունեի, ոչ հանձնաժողովի անդամ, ասի՝ ոչինչ, երկրորդ փուլով կանցնեմ: Երկրորդ փուլում բաժանեցին 3500 հատ հեռուստացույցի կտրոն, 7000 սառնարանի կտրոն, որոնք լիմիտով հատկացված էին: Երկրաշարժից հետո այդպիսի կտրոններ կային: Բացեցին արկղերը, պարզվեց, որ պարտվել եմ 71 ձայնով»:

Հետո նա պատմեց, թե 91-ի ընտրություններին գիշերվա կեսին իրեն ինչպես են հանել անկողնուց, Երեւանից պատվիրակություն է եկել ու հորդորել, որ հանեք ձեր թեկնածությունը. «Ասեցի՝ ոչ, չեմ հանի, չեմ կարող, որից հետո հրավիրվում եմ Երեւան՝ ՆԳՆ, որից հետո վարչապետի մոտ: Բոլոր իմ ընկերներին կալանավորում են: Բացում են արկղերը՝ 4970 ձայն Վահրամ Բաղդասարյան, ՀՀՇ ներկայացուցիչ՝ 470 ձայն:

Քաղաքապետի ընտրություններ. 96 թվական. Կալանավորեցին ամբողջ ընտանիքս՝ եղբայրներիս: Բնականաբար, հաղթեցի: Տեղական սովետների համար 63 ձայն էր պետք, անընդհատ ես հավաքում էի 62 ձայն, ՀՀՇ ներկայացուցիչը՝ 30 ձայն: Ինձ միշտ մի ձայն պակասում է»:

Նա ասաց, որ այդ ժամանակներից են իր եղբայրները արտագաղթել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30