Այսօր Շախմատի ակադեմիայում շախմատի հանրապետական համադպրոցական 10-րդ հոբելյանական օլիմպիադայի համայնքային փուլի մեկնարկին ներկա գտնվող ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ողջունելով մասնակիցներին, ուսուցիչներին եւ ծնողներին՝ ասաց. «Մենք հպարտանում ենք մեր մշակույթով, պատմությամբ, գիտությամբ: Արդեն հինգ տարի հպարտանալու առիթ ունենք նաեւ մեր կրթական համակարգով՝ սկսած այն պահից, երբ աշխարհում առաջին անգամ շախմատը որպես պարտադիր առարկա ներմուծեցինք հանրապետության բոլոր դպրոցներում: Ի պատասխան հոռետեսության, այս հինգ տարիների ընթացքը՝ միջազգային հանրության հետաքրքրությունը, կոնկրետ արդյունքները, որոնք ցուցադրում են մեր երեխաները, այն ջախջախիչ հաղթանակներն են, որոնց կապակցությամբ միայն հպարտություն կարելի է զգալ:
Ուզում եմ հատուկ շեշտել, որ «Շախմատը՝ դպրոցում» ծրագրի քննադատություն մենք գրեթե չենք լսել: Լսել ենք հոռետեսություն. արդյոք կստացվի՞: Քննադատությունը մեզ ուղեկցող երեւույթ է եւ կրթության, եւ առօրյա կյանքում: Բայց ազգային հպարտության մաս դարձած շախմատը, շնորհիվ մեր լավագույն խաղացողների, փառահեղ հաղթանակների, թույլ տվեց շատ ամբիցիոզ ու շատ կարեւոր գործը կյանքի կոչել:
Իհարկե, նվիրյալների՝ Շախմատի ակադեմիայի, Շախմատի ֆեդերացիայի շնորհիվ: Այս օլիմպիական շարժումը երեւի մեր հաջողության գրավականներից մեկն էր, որ աշակերտական ամենամասսայական օլիմպիադաներից մեկը շախմատային այս օլիմպիադան է: Եթե նախկինում այն դիտվում էր որպես մարզական օլիմպիադա, ապա սա արդեն դիտվում է որպես առարկայական կրթական օլիմպիադա:
Եվ այս մանուկների պայծառ աչուկները, պայծառ գլուխները՝ պատրաստ ազնիվ պայքարի, կարծում եմ, պատասխանն է բոլոր այն հոռետեսների, որոնք կարծում են, թե մեր հասարակությունը, երկիրը կարող են ապագա չունենալ: Մեր ապագան այսօր այստեղ է, այս սեղանների շուրջ նստած: Եվ այս ապագան կերտում են մեր երեխաները:
Կարդացեք նաև
Ուզում եմ հատուկ շեշտել, որ 10-րդ օլիմպիադան ինքն իրենով արդեն նվաճում է եւ շախմատային, եւ կրթական աշխարհի համար: Այսօր հանրապետության տարբեր մարզերում ընթացող նմանատիպ մրցումները եւս մեկ անգամ հնարավորություն են տալիս մեր երեխաներին հավատալու, որ իրենց հաղթանակները բացառապես իրենց ձեռքերում են, տվյալ դեպքում՝ իրենց ուղեղներում: Մենք ձեզ մաղթում ենք լավ ու գեղեցիկ խաղ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ