Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«էդ ո՞ր հարցերով է առաջընթաց, որ մատը թանաքոտեինք՝ հետընթաց կլիներ». Բիշարյանն ահազանգում է

Նոյեմբեր 10,2015 15:29

«Եկեք խոսենք ճշմարտությունից, ոչ թե ձեւական բաներ ասեք, թե վա՜յ, հուզվեցինք: Ուզում եք հուզվեք, ուզում եք մի հուզվեք: Ոչ թե այստեղ ժամավաճառությամբ են զբաղված, այլ ես կասեի՝ ժամանակավաճառությամբ են զբաղված: 5 ամիս վաճառեցիք ժամանակը, ուզո՞ւմ եք ճշմարտությունն իմանալ, սա՛ է ճշմարտությունը»,- նույնականացման քարտերով քվեարկել թույլ տալու ՀՀԿ-ականների նախագծի քննարկման ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Ըստ նրա, խաբել են ժողովրդին եւ չեն ասել, որ նույնականացման քարտը անձնագիր չէ. «Բա ասեիք, բա ժողովրդի մասին մտածողը ինչո՞ւ նախապես չէր ասում այդ մասին: Ամբողջ ազգովի այսօր չենք կարողանում այս խնդիրը լուծել, ասում են՝ մի գիժ քար է գցում փոսը, մի քանի խելոքներ չեն կարողանում հանել: Բա մենք 5 ամիս է՝ ասում ենք՝ նույնականացման քարտ ունեն մարդիկ, մտածեք այդ մասին: Սկսել են հիմա անխնա ծախսեր անել քարոզչության համար, այդ գումարը տայիք, տանեին անձնագրեր տպեին մարդկանց, ոչ թե 5 ամիս ականջներս ու աչքերս փակեինք: Եկեք էսօր ոչ էլ քննարկենք՝ կանցնի, թե չի անցնի: Քարոզարշավ էլ պետք չի անել, ոչ մի բան էլ մի արեք, շատ փող էլ մի ծախսեք: Ամենահեշտ տարբերակն եք ընտրել՝ բոլոր լծակները հանել եք: Հիմա էլ ասում եք, թե հանձնաժողովի անդամներ ունեցեք: Բավական է վարկաբեկեք քաղաքական ուժերին: Եթե որեւէ մեկը այստեղ հրեշտակ է, ապա թող անուններ տա, իմանանք՝ ում է ասում եւ ինչ են ուզում ասած լինեն: Փորձեք հասկանալ՝ ով է ումից ավելի ազնիվ»:

Հեղինե Բիշարյանն անդրադարձավ նաեւ Վենետիկի հանձնաժողովի գնահատականներին. «Վենետիկի հանձնաժողովը ձեզ ասաց, որ ոչ մի երկրում այսպես Սահմանադրություն չեն փոխում, վարչապետին այսքան լծակներ եք տալիս: Դե որ այդքան ականջալուր եք լինում, այդքան կարեւոր են Վենետիկի գնահատականները՝ դա լսեիք, ինչո՞ւ չթարգմանեցիք բաժանեիք: Բա լսեիք Վենետիկի առաջարկությունները: Հետո էլ ասում եք, թե մատների թանաքոտումը հետամնաց երկրներում են անում, ի՞նչ է տալու: Ձե՞զ ինչ է տալու սահմանադրական փոփոխությունները, ինչի՞ եք շահագրգռված, որ անցնի: Դուք անելու եք այն, ինչ ուզում եք անեք, որովհետեւ սա լայն հնարավորություն է ձեզ տալու: Իսկ ո՞վ ասաց, որ հետամնաց չի էս երկիրը, մի հատ նայե՞լ եք ձեր ցուցանիշները: Պետական պարտքի 6 մլրդ-ի մասին տեղյակ չե՞ք, ինչի էս երկիրը առաջընթաց ունի՞, էդ ո՞ր հարցերով է առաջընթաց, որ մատը թանաքոտեինք՝ հետընթաց կլիներ»:

Բիշարյանն ահազանգեց, որ իշխանություններն արդեն հրահանգել են մարդկանց, որ հանրաքվեից առաջ հեռախոս ենք ձեզ տալու, խցիկներում նկարեք ձեր քվեն: Այդ գործընթացներն արդեն սկսել են: Նա վստահեցրեց, որ հանրաքվեն անցկացնելու են բացարձակ կեղծիքներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30