Ազգային փոքրամասնությունները «այո» են ասելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. իշխանությունների տարանջատումը և հակակշռումը ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծում» թեմայով քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում «Միդիա Շանգալ» եզդիական միավորում ՀԿ-ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանը հայտարարեց, որ նոր սահմանադրության նախագիծը մեկ քայլ առաջ է:
Մանրամասնելով՝ Ամո Շարոյանն ասաց. «Սահմանադրության 89-րդ հոդվածի երկրորդ կետը նախատեսում է ընտրական օրենսգրքի համաձայն՝ Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունների ներկայություն, դա շատ ճիշտ որոշում էր: Սահմանադրությունը հնարավորություն է տալիս, որ ազգային փոքրամասնությունները նույնպես մասնակցեն օրենսդիր մարմնի, ինչպես նաև իշխանության այլ մարմինների աշխատանքներում: Սա առաջին հերթին խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում Ազգային փոքրամասնությունները երբեք չեն անտեսվում»:
Aravot.am-ի հարցին՝ իրենց «այո»-ն հաստատու՞ն է, հնարավոր չէ՞, որ ասենք «ոչ»-ի քարոզարշավից հետո մտափոխվեն, պարոն Շարոյանն ասաց. «Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում միանալու բոլոր այն քաղաքական ու հասարակական կազմակերպություններին, որոնք «այո» կասեն սահմանադրական փոփոխություններին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ