Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Ասատրյան. Այս տարվա սոցիալական հռչակված բյուջեն ական է` դրված տնտեսության տակ (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2015 15:07

Տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը համոզված է, որ այս տարվա` սոցիալական հռչակված բյուջեն ական է՝ դրված տնտեսության տակ: Ըստ նրա, նախորդ տարիներին էլ «զարգացման», «առաջընթացի» բյուջե էին անվանել, սակայն ո’չ առաջընթացը եղավ, ոչ էլ` զարգացումը, ընդհակառակը, քանի գնաց տնտեսության վիճակը հետընթաց ապրեց: Այսօր «Հայելի» ակումբում Բագրատ Ասատրյանը վերլուծելով 2016 թվականի բյուջեն, որտեղ ծախսային մասը մոտ 6 տոկոսով ավելացել է, կանխատեսեց, որ աղքատությունը 2,5 տոկոսով ավելանալու է, ինչը կնշանակի՝ ավելի շատ մարդիկ են վատ ապրելու եւ ավելի աղքատ են լինելու:

Ըստ պարոն Ասատրյանի, «աբսուրդն» այն է, որ տնտեսական աճի, պարագայում վարչարարության բարելավման, հարկային օրենսդրության մեջ ակցիզների ավելացման պարագայում, առաջին անգամ ծրագրավորվել է եկամուտների անկում:

Սակայն լավն այն է, պարոն Ասատրյանի խոսքերով, որ այդ 6 տոկոս ծախսերի ավելացումով պետությունը գիտակցում է, որ պետք է իր վրա որոշակի պատասխանատվություն վերցնի: Տնտեսագետն անթույլատրելի է համարում, որ բյուջեի ճեղքվածքի ֆինանսավորումը կատարվելու է ներքին աղբյուրների հաշվին:

Ըստ նրա, բանկային համակարգը կաղում է. «Այս տարվա 9 ամիսների արդյունքները ամփոփվել են եւ միայն ավանդների աճ է եղել, բայց ներդրումները նվազել են, շահութաբերության անկում է եղել, Հայաստանում փող կա, բայց ներդրումների այլընտրանքների բացակայության պատճառով այդ փողը քնած է»: Բագրատ Ասատրյանի համոզմամբ, տնտեսությունը ոտքի չի կանգնի, մինչեւ որ մենաշնորհները, մասնավորապես քաղաքական մենաշնորհը, չվերանա. «Իշխող ուժը, բացի իրենից ոչինչ չի պատկերացնում եւ ոչնչացնում է այլընտրանքային ցանկացած առաջարկ, լավ անի, սխալ անի, մեկ է` ճիշտ է դուրս գալու: Առաջին խնդիրը, որ կա, այլընտրանքների բացակայությունն է քաղաքական դաշտում»:

Հաջորդ խնդիրը պարոն Ասատրյանը նշում է կոռուպցիան, որը հաղթահարելու համար, «հեղափոխական վճիռներ» պետք է կայացվեն:

Ինչ վերաբերում է ծախսերի մասի ավելացմանը, Բագրատ Ասատրյանի ներկայացմամբ, դրա 34 տոկոսը գնալու է տնտեսական հարաբերություններին, ծախսային մասով տասն անգամ աճում է նաեւ էլեկտրաէներգիայի ծախսը, ինչը պարոն Ասատրյանի ենթադրմամբ, խոսքը հոսանքի թանկացած մասի սուբսիդավորման մասին է. «Իշխանությունները չեն բացում, թե ինչի մասին է խոսքը, գաղտնիքներով են խոսում: Բայց դա, փաստորեն, կատարվում է քաղաքացիների հաշվին, բյուջեից»:

Ըստ տնտեսագետի, 11,3 տոկոս աճ փողոցների լուսավորման համար է նախատեսված, որի համար կծախսվի երկու միլիարդ դրամ: Ըստ նրա, ամենազուսպը բանակինն է` 4,5 տոկոս:

Պատասխանելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի այն պնդումներին, թե «կենսաթոշակները եւ աշխատավարձերը, եթե չեն բարձրանալու, չի նշանակում, որ վատ ենք ապրելու», պարոն Ասատրյանն ասաց. «Սոցապ նախարարին հուշեք, որ մասնավոր տրանսֆերտները էական նվազել են եւ հույս չդնի դրանց վրա, քանի որ թոշակառուները չունեն ստվերային եկամուտներ եւ նրանք ապրում են կողմնակի օգնությամբ»:

Aravot.am-ի այն հարցին, թե նախորդ շաբաթ հայկական կողմը հայտարարեց, որ Եվրամիության հետ Հայաստանը նոր ձեւաչափով եւ մեծ պորտֆելով է սկսում համագործակցել, արդյոք մեր իշխանությունները սկսել են հույսները կտրել ԵՏՄ-ից եւ աստիճանաբար նոր ուղղություն են վերցնում, պարոն Ասատրյանն ասաց, որ ԵՏՄ-ն նախեւառաջ քաղաքական միություն է, եւ բացի այդ, ՌԴ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված, Եվրամիությունը Հայաստանի համար շնչելու տեղ է:
Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30