«Մեր գործընկերները վկայում են այն մասին, որ շրջում են հանրապետությունով մեկ եւ ոչ մեկը «այո» չի ասում, բոլորը «ոչ» են, բայց վախենում են, որ բոլոր «ոչ» ասողները գնալու են 3-4 տեղ «այո» քվեարկեն»,-այսօր ԱԺ-ում նույնականացման քարտերով քվեարկության մասին ՀՀԿ-ի նախագծի քննարկման ժամանակ այսպես իր ընդդիմադիր գործընկերներին հեգնեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նա ասաց, որ իրենք էլ են հանդիպում հանրության հետ եւ իրենց պրակտիկան լրիվ այլ բան է ցույց տալիս. «Մարդիկ շատ էլ լավ կարողանում են թացը չորից տարբերել»:
Ինչ վերաբերում է նույնականացման քարտերին, նա ասաց, որ մարդիկ պետք է վստահություն ունենան հանրաքվեի արդյունքների նկատմամբ. «Մենք արել ենք 3 առաջարկություն, գուցե իդեալական լուծում չեն, բայց հնարավոր միակ տարբերակներն են: 2 առաջարկները մեր ընդունվել են, երրորդը, որը վերաբերում էր ID քարտ ունեցողների տարբերակելուն, մեզ համոզեցին, որ դա այս փուլում գուցե նորանոր պրոբլեմներ բերի: Մենք էլ ասեցինք, համաձայնեցինք, որ եթե այդպես է, ուրեմն բավարարվենք նրանով, ինչ ունենք»:
Նա վստահեցրեց, որ նորմալ հանրաքվե կարող են անցկացնել. «Մեզ համար որքան կարեւոր է այս հանրաքվեի դրական արդյունքը, նույնքան կարեւոր է, որ այս հանրաքվեն լինի հնարավորինս նորմալ պայմաններում անցած: Մենք ունենք բավարար թվով մարդիկ եւ հանձնաժողովներում, ե՛ւ վստահված անձինք, որոնք իրենք գործն անում են պարկեշտ ու բարեխղճորեն: Բայց ես ուզում եմ զգուշացնել հետոյի մասին, չլինի այնպես, որ 6 ամիս հետո մենք խնդիր ունենանք ասելու, որ ժամկետները քիչ են, նույնականացման բազաները չեն աշխատում: Բոլոր քաղաքացիները պիտի ունենան անձը հաստատող միասնական փաստաթուղթ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ