Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանն առաջարկում է մինչև 2017 թվականը ՀՀ ընտրական համակարգում ներդնել Ղրզստանի ընտրական փորձը

Նոյեմբեր 10,2015 14:53

Առաջարկում եմ մինչև 2017 թվականը ՀՀ ընտրական համակարգում ներդնել Ղրզստանի ընտրական փորձը: Այս մեխանիզմն ամբողջությամբ մաքրում է ընտրացուցակները, բացառում լցոնումները, մահացածների և երկրից բացակայողների փոխարեն քվեարկությունները և «կառուսելների» կազմակերպումը:

Այսօր խորհրդարանում քննարկվում է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը լավ առիթ է ներկայացնելու համար վերջերս Ղրղզստանում իրականցված ընտրությունների փորձը, որտեղ մասնակցում էի դիտորդական առաքելությամբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Բոլորս հիշում ենք, որ Ղրղզստանն անցել է երկու հեղափոխությունների միջով, որը մեծ վնաս է հասցրել պետությանն ու ժողովրդին, ինչի հիմնական պատճառները եղել են ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կեղծիքները, ժողովրդի անվստահությունն ընտրական համակարգի նկատմամբ: Գործող իշխանությունը քաղաքական կամք է դրսևորել իրավիճակից դուրս գալու համար՝ անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքը կասկածի տակ չի դրվի, իշխանությանը կտա ամբողջական լեգիտիմություն, իսկ ժողովրդի աչքում կբարձրանա ընտրական համակարգի նկատմամբ վստահությունը:

Ղրղզստանում իշխանությունները մեկ տարի առաջ հայտարարել և իրականացրել են բիոմետրիկ քարտերի տրամադրում, միայն նշված քարտերով էր հնարավոր մասնակցել ընտրություններին: Ընտրատեղամասում պատասխանատվությունը կիսված է անձնագրային վարչության և ընտրական հանձնաժողովի միջև. անձնագրային վարչությունը վարում է ընտրողների տվյալների ռեգիստրը և տրամադրում կտրոն, որը վերցնելով՝ ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը պետք է տրամադրի քվեաթերթիկ:

sarqԸնտրական պրոցեսը սկսվում է հետևյալ կերպ. քաղաքացին, մուտք գործելով ընտրատեղամաս, ներկայացնում է իր բիոմետրիկ նույնականացման քարտը և մատը դնում համապատասխան սարքի վրա, որը ցույց է տալիս նրա նկարն ընդհանուր մոնիտորի վրա, ինչպես նաև տպում կտրոն՝ տվյալ անձի բիոմետրիկ տվյալներով: Եթե անձն այդ օրն արդեն քվեարկել է, ապա սարքը ցույց է տալիս, թե այդ անձը երբ և որտեղ է քվեարկել:

Տեղամասում գտնվող դիտորդներն ու վստահված անձիք մոնիտորին նայելով տեսնում են, որ մոնիտորի վրա արտացոլված և ներկա անձը նույն անձն են, և կասկած չի առաջանում օրինակ մահացածների փոխարեն քվեարկելու կամ նման այլ կեղծիքի վերաբերյալ: Ստացված կտրոնով անձը մոտենում է ընտրական հանձնաժողովի ներկայացուցչին ու ստանում քվեաթերթիկ, որի վրա կարող է նշում կատարել բացառապես քվեախցիկում տեղադրված գրիչով, այլապես էլեկտրոնային քվեատուփը չի ընդունի այդ քվեաթերթիկը:

qveatupՔվեարկության ավարտից հետո քվեատուփն ավտոմատ հաշվում և տպում է արձանագրությունը, որտեղ նշված է, թե որ կուսակցությունը որքան ձայն է հավաքել և քանի անվավեր քվեաթերթիկ կա արկղում, ինչից հետո ընտրական օրենքը պարտադրում է, որ քվեատուփը բացեն և մեկ անգամ ևս հաշվեն ձայների քանակը՝ համեմատելով քվեատուփի հաշված տվյալների հետ:

Վերջում համեմատվում է բիոմետրիկ տվյալներով կտրոնների և քվեարկած թերթիկների քանակը և կազմվում արձանագրություն: Այս մեխանիզմն ամբողջությամբ մաքրում է ընտրացուցակները, բացառում լցոնումները, մահացածների և երկրից բացակայողների փոխարեն քվեարկությունները, «կառուսելների» կազմակերպումը:

Կարծում եմ՝ այս փորձն անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել և ներդնել նաև Հայաստանում, քանի որ մենք ևս ներդրել ենք բիոմետրիկ անձնագրերի համակարգը և վաղուց խնդիր ունենք ընտրությունների կազմակերպման գործընթացի մակարդակի բարձրացման:

Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ

ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30