Այսօր Շախմատի ակադեմիայում Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դպրոցների պայքարով մեկնարկեց շախմատի հանրապետական համադպրոցական 10-րդ օլիմպիադայի երկրորդ՝ համայնքային փուլը:
Բացմանը ներկա էին կազմակերպիչներ՝ Շախմատի ակադեմիայի տնօրեն, ՀՇՖ 1-ին փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ հովանավոր ՀԲԸՄ ներկայացուցիչը:
Հանրապետական համադպրոցական շախմատային օլիմպիադան, Սմբատ Լպուտյանի փոխանցմամբ, տեւում է մի քանի ամիս եւ եզրափակիչը կկայանա եկող տարվա մայիս ամսին: Չորս փուլերին, ընդհանուր առմամբ, մասնակցում են Հայաստանի, Արցախի ու Ջավախքի շուրջ 15 հազար դպրոցականներ: «Սա իսկական շախմատային տոն է եւ շատ մեծ նշանակություն ունի շախմատի զարգացման գործում, ինչպես նաեւ ի հայտ բերելու տաղանդավոր բոլոր այն երեխաներին, որոնք հետագայում մեր երկիրը կարող են արժանիորեն ներկայացնել միջազգային մրցաշարերում: Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում կրթության եւ գիտության նախարարությանը՝ այս ծրագիրը կյանքի կոչելու հարցում առաջին օրվանից ցույց տված կազմակերպական մեծ աջակցության համար, ինչպես նաեւ ՀԲԸՄ-ին, որն արդեն ինը տարի է, ինչ մեր կողքին է», – ասաց Ս. Լպուտյանը:
Aravot.am-ի հարցին, թե մեր այսօրվա արդեն ճանաչում ձեռք բերած շախմատիստների մեջ կա՞ն այնպիսիք, որոնք բացահայտվել են այս մրցաշարերում, պարոն Լպուտյանը պատասխանեց. «Մեր այսօրվա գրեթե բոլոր շախմատիստներն էլ մասնակցել են դպրոցական օլիմպիադաներին: Բայց միանշանակ չի կարելի ասել, թե նրանց տաղանդը հենց այստեղ է բացվել, քանի որ նրանք այդ ժամանակ կամ դրանից հետո մարզվել են նաեւ շախմատի դպրոցներում, մասնագետների մոտ»:
Օլիմպիադայի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանն Aravot.am-ին ասաց, որ սա թիմային մրցաշար է, որ թիմերի կազմում ընդգրկված են երեք տղա եւ մեկ աղջիկ: «Խաղում են արագ շախմատի կանոններով. պարտիայի համար 10 րոպե եւ 5 վայրկյան ամեն քայլի համար: Բոլոր նախնական փուլերը հաղթահարող դպրոցները մտնում են եզրափակիչ, որտեղ հաղթող թիմը հնարավորություն է ունենում Հայաստանը ներկայացնելու «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարում: Ի դեպ, «Սպիտակ նավակի» վերջին մրցման հաղթողը մեր՝ Երեւանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի թիմն է եղել», – ասաց գլխավոր մրցավարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ