Պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի երբեմնի Քաշունիք (Մյուս Բաղք) գավառը, ըստ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, ունեցել է 52 բնակավայր՝ հավանաբար Նակորզան կենտրոնով: «Սյունիքի պատմություն» գրքի «Սյունիքի տասներկու գավառների՝ եկեղեցու(խոսքը վերաբերում է Տաթևի վանքին) հարկացուցակը ըստ հին սահմանվածի»(ՀԴ) գլխում նշված է, որ ամենաշատ հարկ՝ 20 դահեկան, վճարել է Նակորզան բնակավայրը: 12 գյուղ վճարել են 12 դահեկան հարկ, մնացածը՝ ավելի քիչ:
Այս բնակավայրերի մի մասը 19-20-րդ դարերի ընթացքում հայաթափ եղան, բնակեցվեցին մուսուլմանական ցեղերով ու կորցրեցին հայկական անունները: Խորհրդային տարիներին բռնակցվեցին Ադրբեջանի Ղուբաթլուի շրջանին:
Գորիս-Կապան մայրուղու մոտ 30 կմ հատվածում ձախակողմյան անտառապատ սարալանջերում, մայրուղուց մոտ 5 կմ արևելք գտնվում է պատմական Քաշունիք գավառի Ճապկուտ գյուղը, որը 12 դահեկան հարկաչափով է նշվում Ստ. Օրբելյանի գրքում: Սա նշանակում է, որ ճապկուտը եղել է շեն և մեծ գյուղ:
Ազատագրվել է 1993 թ. աշնանը: Ինչպես շատ պատմական բնակավայրեր, Ճապկուտն ունեցել է եկեղեցի, որը կիսաքանդ վիճակում դեռևս կանգուն է:
Արցախի հանրային հեռուստատեսության «Մեր հայրենիքը», հաղորդաշարի հեղինակ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր(Քաշաթաղի տարածքից) Լեռնիկ Հովհաննիսյանի և օպերատոր Բենիամին Ղարախանյանի հետ գնում ենք Ճապկուտ (հայաթափումից հետո՝ Վերին Ջիբիքլի)՝ եկեղեցին ուսումնասիրելու և նրա մասին նյութ պատրաստելու:
Միանավ թաղակապ եկեղեցին կառուցված է կրաշաղախով և անմշակ քարով. գտնվում է գյուղի կենտրոնում(ծովի մակերևույթից մոտ 1400 մ բարձրության վրա)՝ Սեթանց գետակի՝ տարածքի աղբյուրներից առաջացող վտակի ափից վեր: 17-րդ դարի սրբավայրն ունի 13,7×8,20մ արտաքին չափեր: Միակ մուտքը, որն ումի մոտ 80սմ բարձրություն և 50սմ լայնություն, հարավային կողմից է, բարավորը շատ գեղեցիկ զարդախաչերով տապանաքար է(155x73x40սմ): Ներսի կողմից դարձյալ տապանաքար է ագուցված պատերի մեջ:
Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի տեղեկության՝ ինքը տապանաքարի վրա ընթերցել է Թ(ՎԻՆ) ՌՂ(1641թ.): Հավանաբար եկեղեցու կառուցման տարեթիվն է: Իսկ եթե խաչքարի տարեթիվն է, միևնույն է՝ եկեղեցու ոճական առանձնահատկությունը թույլ է տալիս ասել, որ այն կառուցվել է 17-րդ դարում:
Միայն այսօրվա Քաշաթաղի շրջանում պահպանվել է մոտ 2 տասնյակ նման սրբավայր՝ կանգուն կամ կիսավեր: Շատերի վրա կան արձանագրություններ, և գրեթե բոլորն էլ կառուցվել են 17-րդ դարում:
Սուրբ խորանի ձախ կողմում, կիսաքանդ վիճակում, պահպանվել է մկրտության ավազանը, բայց չկա ավանդատուն: Միակ ավանդատունը հարավային կողմում է, որի մուտքի բարավորին խաչեր կան քանդակված, սակայն մի մասը կոտրված են: Պատուհանի վերին մասում մի գեղեցիկ խաչքար է ագուցված, իսկ դեղնավուն մեկ այլ խաչքարի կտոր էլ՝ պատուհանի պատի մեջ: Սուրբ Խորանը (արևելյան պատը) և արևմտյան պատն ամբողջությամբ ավերված են: Սուրբ խորանի աջակողմյան մասում ևս մեկ խաչքար կա՝ որպես անկյունաքար, վերևում՝ մեկ խոռոչ: Խաչքարերն ունեն 15-16-րդ դարերի ոճական առանձնահատկություն: Սա խոսում է այն մասին, որ տարածքում ավելի վաղ շրջանում հանգստարան է եղել, և եկեղեցու շինարարները շիրմաքարերն օգտագործել են որպես բարավոր ու անկյունաքար: Տապանաքարեր են նաև մուտքի հենարանները:
Դրսի կարմրավուն հենաքարի վրա հավերժության նշան է քանդակված: Դրա դիմացի հենաքարին 2 խաչեր են, իսկ ներս ընկածը մարդու քանդակով տապանաքար է: Դրսի բարավորն արվեստի գործ է. ունի 3 շատ գեղեցիկ քանդակված խաչեր, որոնցից կենտրոնականի ներքին մասում թռչնի գլուխ է քանդակված: Բացի մեծ խաչերից, կարմրավուն քարին կան ևս 7 փոքր խաչեր: Եկեղեցին հարավային պատի վրա ունի 2 փոքր պատուհան, որոնցից ձախակողմյանի բարավորն ու պատերը նույնպես խաչքարեր են: Հյուսիսային պատը ցածր է, թաղի որոշ հատված քանդվել է: Գերության տարիներին քրդաթրքերը շինությունն օգտագործել են հավանաբար որպես մարագ, և այդ է պատճառը, որ պահպանվել է:
Գյուղում խորհրդային տարիներին թուրքերի կողմից կառուցված տների պատերի մեջ կան հայոց շիրմաքարերի և եկեղեցու պատերից հանված զարդանախշ քարաբեկորներ: Այստեղ անասնապահությամբ զբաղվող մեր հայրենակիցները նոր են եկել և դեռ չգիտեին, որ հնադարյան այդ կառույցը հայկական եկեղեցի է: Իմանալով այդ՝ զարմացան և խոստացան մոտակա ժամանակներում մաքրել կառույցը, հնարավորինս կարգավորել տարածքը: Ասացին՝ մոտակա անտառում նաև հին գերեզմանատուն կա՝ խաչաքանդակ շիրմաքարերով: Ժամանակի սղության պատճառով չհասցրեցինք այնտեղ հասնել՝ այցը թողնելով մոտակա ժամանակներին:
Զոհրաբ Ըռքոյան