ԱԺ-ում նույնականացման քարտերով քվեարկել թույլ տալու նախագծի քննարկումները շարունակվում են:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ուշագրավ հայտարարություն արեց ընդդիմադիրներին:
Նա ասաց. «Մենք 25 տարի շարունակ բախվել ենք ընտրակեղծարարության նույն խնդրին: Մենք շատ լավ գիտենք, թե տարիներ շարունակ ինչպես է կատարելագործվել ընտրակեղծարարության մեխանիզմը: Այո, միգուցե հիմա ընտրատուփ չեն գողանում, չեն առեւանգում ԵԽԽՎ դիտորդին, միգուցե ընտրակեղծարարության մեքենան շատ ավելի ոսկերչական մակարդակով է արվում: Եթե չլիներ անվստահություն ընտրական համակարգի նկատմամբ, այսօր նման հարց չէինք քննարկի»:
Նա նշեց, որ մատների թանաքոտումը տարբերակ էր՝ փոքր-ինչ վերահսկելու հանրաքվեի ընթացքը. «Պետք է անվստահության գործակիցը ջարդել, ուստի պետք էր մշակել մի տարբերակ»:
Կարդացեք նաև
Հետո Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ ՀՀԿ-ի շահարկումներին, որ ընդդիմությունը չունի անհրաժեշտ թվով վստահված անձինք եւ հանձնաժողովի անդամներ, ուստի պահանջում է լրացուցիչ վերահսկողական լծակներ. «Ես կխոսեմ բացառապես ԲՀԿ-ի անունից: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ԲՀԿ-ն ունի այնքան վստահելի, անկաշառ, պրոֆեսիոնալ, լիցենզավորում անցած հանձնաժողովի անդամներ, որ բոլոր քաղաքական ուժերի հանձնաժողովի տեղերը կարող է վերցնել, որպեսզի ընտրություններում որեւէ անօրինականություն չթույլատրվի: Այնպես որ հղում մի՛ արեք, որ չունեն անհրաժեշտ քանակությամբ վստահելի անձինք: Մենք ունենք, ովքեր չունեն՝ խնդրում եմ դիմեք այդ քաղաքական ուժերին»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրավունք չունեն խախտել անմեղության կանխավարկածը եւ ասել, որ բոլորը պոտենցիալ հանցագործներ են եւ մասնակցելու են կրկնաքվեարկությանը:
Նա ասաց, որ ամեն ինչ կախված է քաղաքական կամքից. «Եթե չկա քաղաքական կամք՝ ուզում ես մատները թանաքոտիր, ուզում ես անձնագրում 100 հատ դրոշմակնիք դիր, ուզում ես ականջին օղակ անցկացրու՝ ես արդեն քվեարկել եմ վերտառությամբ, միեւնույն է, ամեն ինչ շրջանցելու հակամեխանիզմը գտնվելու է»:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ քաղաքական կամք կա եւ ամեն ինչ անելու են, որ այս հանրաքվեն համապատասխանի միջազգային չափանիշներին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ