ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 54-ամյա Վ.Սարգսյանի սպանության դեպքի առթիվ։
2015թ. նոյեմբերի 09-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող դաշտում հայտնաբերվել է Մասիս-Կայարան 6-րդ շենքի 4-րդ բնակարանի բնակիչ Վաչագան Մյասնիկի Սարգսյանի դին` դեմքի և գլխի մասերում արնանման հետքերով:
Դատաբժշկի կողմից տրված նախնական հետազոտության արդյունքների համաձայն՝ արձանագրվել են գանգի հիմի և թաղի ոսկրերի բազմաբեկոր կոտրվածքներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Վ.Սարգսյանի սպանության բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտե