Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ո՞ւմ հետ եք ճշտել, որ նման հարցադրում եք անում». Գալուստ Սահակյանը՝ ՀԱԿ-ին (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2015 12:42

ԱԺ-ում այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նույնականացման քարտերով քվեարկել թույլ տալու ՀՀԿ պատգամավորների նախաձեռնությունը:

Նախագծի հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանն ասաց, որ առաջարկություններ են ստացել խմբակցություններից եւ չեն ընդունելու միայն ՀԱԿ-ի առաջարկը: ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն առաջարկել էին նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցած անձանց անունների դիմաց ընտրացուցակներում նշվի, որ այդ մարդիկ քվեարկել են ID քարտերով:

Իսկ ՀԱԿ-ը առաջարկել էր կիրառել մատների թանաքոտումը, որը Հովհաննես Սահակյանը համարեց հետամնաց քայլ եւ չընդունեց:

Լեւոն Զուրաբյանը նրան հարցրեց. «Այս անպատրաստ վիճակում մենք անցկացնում ենք Սահմանադրական հանրաքվե, որը բազմաթիվ խնդիրներ է ստեղծում: Ի՞նչն էր խանգարում իշխող կուսակցությանը հետաձգել Սահմանադրական հանրաքվեն, մինչեւ ընտրական համակարգերը լրիվ պատրաստ կլինեին օրինական հանրաքվե անցկացնել: Հետո դուք ասացիք, որ սա հետադիմական եւ հետամնաց երկրների պրակտիկան է մատների թանաքոտումը, ես ձեզ մի հարց եմ ուզում տալ. ՀՀ-ի ազատության ինդեքսի կամ ՀՆԱ-ի ցուցանիշը համեմատե՞լ եք Աֆրիկյան երկրների հետ: Եթե համեմատեք, կտեսնեք, որ բազմաթիվ երկրներ կան Աֆրիկյան, որոնք վաղուց Հայաստանին անցել են: Աֆրիկայում իշխանությունները փոխվում են ընտրություններով, մինչդեռ ՀՀ-ում դա հնարավոր չէ: Դուք համարում եք, որ Հայաստանը առաջադիմակա՞ն պետություն է»:

Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ խոսքի ազատության եւ այլ չափանիշներով Հայաստանն, իհարկե, առաջադիմական է եւ առաջընթաց է ապահովել «ձեր իշխանությունը հանձնելուց հետո հատկապես»:

Նա ասաց, որ ընտրակեղծիքների վայրագ դրսեւորումներն իրենք փորձել են մաքրել. «Իհարկե, խնդիրներ կան, կան արջի ծառայություն մատուցողներ, բայց աստիճանաբար մաքրվում են: Ես ՀՆԱ-ի կամ տնտեսական աճի ցուցանիշներով չփորձեցի համեմատել, Աֆղանստանում 70 տոկոս անգրագիտություն է տիրում, դրա համար փորձում են օգտվել մատների թանաքոտումից»:

Թե ինչու չեն հետաձգում հանրաքվեի օրը, Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ դա իր իրավասության մեջ չի մտնում: Հանրաքվեի օրը իր հրամանագրով սահմանել է Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է 90-ականների ընտրակեղծիքների վայրագություններին, Լեւոն Զուրաբյանն ասաց՝ ես դրա պատասխանը ձեզ կտամ այսօր ԱԺ-ում:

Հովհաննես Սահակյանն էլ պատասխանեց, որ անհամբեր դրան է սպասում:

«Չեմ հասկանում, դուք նույն թիմը չե՞ք, չե՞ք կարողանում Սերժ Սարգսյանին ասել: Ստացվում է՝ ասում եք՝ դե Սերժ Սարգսյանն է որոշել, մենք ի՞նչ գործ ունենք դրա հետ»,- զարմացավ Լեւոն Զուրաբյանը:

Միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ասելով. «Դուք ո՞ւմ հետ եք ճշտել, որ նման հարցադրում եք անում: Նույնիսկ կարելի է ոչ-ի տրամաբանությամբ բարեփոխված Սահմանադրությունը չկարդալ, բայց գոնե գործող Սահմանադրությունը պիտի կարդան: Ընտրական օրենսգրքի քննարկման լիազորությունները ԱԺ-ինն է, ինչո՞ւ դուք նախաձեռնությամբ հանդես չեք գալիս: Դա երկրի նախագահի լիազորությունների շրջանակում չէ, դրա համար երբ հարց եք տալիս, այնպիսի հարց տվեք, որ Հանրապետականները անիմաստ չհամարեն եւ պատասխանեն: Եկեք պրովոկացիոն տեսքով չխաղանք: Սկզբից ասում էիք՝ չենք քննարկում, հիմա սկսել եք քննարկել՝ տարամերժ կարծիքներով: Այդպես չեն քննարկում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30