Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Աննախադեպ միջոցառում Իրանում

Նոյեմբեր 10,2015 12:23

 Երվանդ Օտյանի գրքի շնորհանդեսի ընթացքում իրանցի բանախոսները խոսել են 1915-ի Հայոց ցեղասպանության և մեօրյա մշակութային ցեղասպանության մասին

 

Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմնի նախաձեռնությամբ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարանում, շաբաթ, նոյեմբերի 7-ին, Թեհրանի Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրի «Սայաթ Նովա» սրահում, կայացավ Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ» գրքի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը:

Իրանահայ համայնքում աննախադեպ այս միջոցառմանը ներկա էին իրանցի հայտնի դեմքեր:

Միջոցառումը, որ ընթացավ պարսկերեն լեզվով, վարում էր «Րաֆֆի» համալիրի վարչության անդամ, իրավաբան Ժոզեֆ Ամիրյանը, որ Անդրանիկ Խեչումյանի թարգմանած գրքից հատվածներ ընթերցելուց հետո ամբիոնի մոտ հրավիրեց օրվա բանախոսներին՝

– Գրող, թարգմանիչ և լրագրող՝ Ասադոլլահ Ամրայիին,

– Թարգմանիչ, գրաքննադատ, գիտաշխատող և դասախոս՝ դոկտ. Աբդոլհոսեյն Ֆարզադին,

– Գիտաշխատող, գրող, դրամատուրգ և սցենարիստ՝ Աբբաս Ջահանգիրյանին,

– Գրող, դրամատուրգ, թարգմանիչ և ռեժսոր՝ Ասղար Նուրիին,

– Իրան-Հայաստան բարեկամության միության նախագահ Մոհամմադ Ռեզա Դամավանդիին,

– Իսլամական Ազատ համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ՝ դոկտ. Անդրանիկ Սիմոնյանին,

– Գրքի թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանին, ով, ցայժմ 23 գիրք թարգմանելով, մեծ ներդրում է ունեցել հայ գրականությունը և մշակույթը պարսիկ ընթերցողին ներկայացնելու գործում:

Մեջբերում ենք բանախոսների հատկանշական հայտարարություններ.

Ասադոլլահ Ամրայի. «Հայոց ցեղասպանությունը այսօր ևս շարունակվում է, միայն թե այլ տեսքով՝ մշակութային և պատմական ժառանգությունների ավերումով, հայկական հետքերը մաքրելով»:

8317-2

Դոկտ. Աբդոլհոսեյն Ֆարզադ. «Օտյանի հուշերը, հաճախ այնպիսի մի վիճակի են հասցնում գիտակից ընթերցողին, որ ամաչում է իր մարդ լինելուց»:

– «Օտայնի հուշերը ամբողջության մեջ հայության ապրած ցավերն ու տանջանքներն են, որոնցից յուրաքանչյուրը անհերքելի մի փաստ է օսմանականներին դատապարտելու համար»:

Աբբաս Ջահանգիրյան. «Երբ մի պահ մտածում եմ, որ Ցեղասպանության ենթարկված մեկ ու կես միլիոն հայերից մի քանիսը Անդրանիկ Խեչումյանի նման մարդիկ են եղել, մեծ ցավ է պատում սիրտս: Ու շատ եմ ցավում, որովհետև միշտ մտածում եմ որ բոլոր հայերը Անդրանիկի նման են»:

Ասղար Նուրի. «Ես ծնվել եմ Թավրիզում, ուր իմ ամենամոտ ընկերները եղել են հայերը»:

– «Օսմանցիները հավատացած էին, որ՝ ով ապրում է իրենց իշխանության ներքո կամ թուրք է, կամ պիտի ընդունի որ թուրք է: Եվ այսօր էլ քրդերի վիճակը Թուրքիայում գրեթե նույնն է, ինչ «Անիծյալ տարիներ» գրքում հիշատակում է Օտյանը հայերի մասին: Այսինքն, երբ ասում են Թուրքիա նկատի ունեն, որ այնտեղ ապրողները, բոլորը անխտիր, թուրք են»:

Մոհամմադ Ռեզա Դամավանդի. «Երբ ընթերցում էի «Անիծյալ տարիներ» գիրքը, մտածեցի եթե չլիներ Անդրանիկ Խեչումյանը, ուր էր մնալու Երվանդ Օտյանը պարսիկ ընթերցողի համար: Այնպես որ պարտք եմ համարում իմ խորազգաց շնորհակալությունները հայտնել սիրելի թարգմանչին, որովհետև մի արժեքավոր և իրական բովանդակությամբ գիրք է մատուցել մեզ»:

Դոկտ. Անդրանիկ Սիմոնյանը ևս ամփոփ ներկայացրեց Երվանդ Օտյանին և ապա կենտրոնացավ Խեչումյանի գործունեությանը, հավելելով, որ. «Անդրանիկը միայնակ չէր կարող այս հաջողության հասնել, եթե իր կողքին չունենար մի ազնիվ տիկնոջ, ուստի ես կուզենայի հատուկ շնորհակալություն հայտնել տկն. Վերժինեին»:

Այնուհետ ամբիոն հրավիրվեց թարգմանիչ, ռեժիսոր և դերասան Անդրանիկ Խեչումյանը, ով շնորհակալություն հայտնեց գրքի մեկենաս՝ պրն. Հրաչ Միրզախանյանից, բոլոր ելույթ ունեցողներից, ծրագիրը կազմակերպողներից և հատկապես իր ընտանիքից ու տիկնոջից, որ թիկունք են կանգնում իր աշխատանքներին:

Միջոցառման ընթացքում, իրավաբան Ժոզեֆ Ամիրյանը համառոտ կերպով ներկայացրեց իրանահայ հասարակական գործիչ Արամայիս Միրզախանյանի կենսագրականը, ում հիշատակին էր հրատարակվել գիրքը:

Ծրագրի ավարտին հյուրերը ստորագրեցին օրվան նվիրված հատուկ պաստառը:

Հ.Գ. – Իրանահայ ժողովրդավարական ուժերի համադրող մարմինը կյանքի է կոչվել և հովանավորվում է Թեհրանի Հայ մարզա-մշակութային «Րաֆֆի» համալիրի, Իրանահայ ազգային եւ մշակութային միության, Աշխարհատեսների հայկական կենտրոնի, անկախ մտավորականների, «Իրանահայեր» լրատվական կայքէջի եւ «Արաքս» շաբաթաթերթի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30