Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ մեղադրվող և 2001 թվականից հետախուզման մեջ գտնվող Գագիկ Հ.-ի նկատմամբ քննիչի կողմից քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացված չլինելու պայմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի օպերլիազորը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, կայացրել է ծանր հանցագործություն կատարած Գագիկ Հ.-ի նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ անհիմն որոշում: Դրա հիման վրա քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցվել է Գագիկ Հ.-ի նկատմամբ հայտարարված հետախուզումը:
ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն