Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայերը հարսներին մի քանի տարի տնտղում են, նոր գրանցում՝ զրկվելով երեխայի նպաստից (Տեսանյութ)

Նոյեմբեր 10,2015 12:07

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 1-ից մայրության նպաստ տալ նաեւ չաշխատող մայրերին:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը, ասաց, որ իրենք կողմ են քվեարկելու, բայց առաջարկություններ ներկայացրեց: Օրինակ, օրենքում նշված է, որ երեխայի խնամքի նպաստը՝ ամսական 18 հազար դրամը դադարում են տալ, երբ ծնողի հետ աշխատանքային պայմանագիրը դադարում է: Ըստ Հեղինե Բիշարյանի, հնարավոր է մայրը աշխատի որեւէ տեղ, հետո իր կամքից անկախ այդ հիմնարկ ձեռնարկությունը փակվի. «Մենք ունենք մինչեւ 2 տարեկան երեխա, մենք ասում ենք՝ եկեք դադարեցնենք: Ինձ մտահոգում է նաեւ, որ նպաստից զրկում են երեխայի կամ ծնողի՝ անընդմեջ 6 ամիս Հայաստանից բացակայելու դեպքում: Մեր ժողովրդի ճակատագիրն է անընդհատ գնալու եւ գալու: Եթե նպաստը որոշել ենք տանք՝ եկեք շատ պատճառներ չփնտրենք, հա՞, որ տանք: Հնարավոր է երեխան մեկնի հոր մոտ՝ 6 ամսով, մենք անմիջապես նրա նպաստը կտրո՞ւմ ենք: Մեր ամբողջ ազգը դրսում է աշխատում, եւ այս մոտեցումը հաշվի առեք»:

Ըստ պետական նպաստների մասին օրենքի, պետք է մայրը անպայման պետռեգիստրում գրանցում ունենա: Սա, ըստ Բիշարյանի խրթին խնդիր է, որովհետեւ հայկական մենթալիտետով երբ աղջիկները հարս են գնում, դեռ իրենց հորական տան վրա են գրանցված մնում. «Ազգային մտածելակերպ կա, հարսին մի քանի տարի ուզում են տեսնեն ով է, ինչ է, տնտղեն՝ նոր գրանցեն: Եթե երեխային ենք նպաստ տալիս, շատ ենք կապում մոր գրանցման հետ, ամեն ինչի հետ: Սա պետք է մոտեցում լինի, ոչ թե ասենք՝ վայ, եթե գրանցված չես, նպաստը պիտի չստանաս: Մեկը ասելու է՝ լավ, 18 հազար դրամի համար ստիպված հարսիս գրանցե՞մ, հետո հոր տան վրա է գրանցվում, ամեն ամիս այնտեղից է ստանում, խնդիրներ են առաջանում: Եկեք լուծում տանք՝ երեխայի ծննդյան վկայականը ամենախոսուն փաստն է, որ երեխան պետք է ստանա իր նպաստը: Երեխան որտեղ է ապրում, թող այնտեղից ստանա, ինչո՞ւ ենք այսպիսի դժվարություն ստեղծում»:


Հարակից զեկուցող Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ եթե մայրը չունենա գրանցում, խախտվելու է մեկ այլ օրենք, գրանցումը պարտադիր է:

Իսկ երբ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը որոշ դժգոհություններ ներկայացրեց, որ ամսական 18 հազար դրամ խնամքի նպաստը նույնպես պետք է տրվի չաշխատող մայրերին, որպեսզի արդարության սկզբունքը պահպանվի՝ Հակոբ Հակոբյանը արձագանքեց, որ նրանք, որպես կին, այլ կերպ են ընկալում խնդիրները՝ մայրության նպաստների հետ կապված:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30