Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել է Ոստիկանության զորքերի թիվ այսինչ տեղամաս։
Ու հետո… ավելի լավ է բառացի մեջբերեմ հաղորդավարի տեքստը. «Շնորհավորելով նրանց՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ նաև Ոստիկանության և Ոստիկանության զորքերի պրոֆեսիոնալ աշխատանքով է իրականություն դարձել ապահով Հայաստան ունենալու՝ Հանրապետության նախագահի կարգախոսը, և դա արդեն բոլորի կողմից ընդունված իրողություն է։ Օրերս հեղինակավոր «Գելափ» միջազգային սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքում Հայաստանն աշխարհում 9-րդ երկիրն է ճանաչվել հենց անվտանգության և ապահովության ցուցանիշով»։
Մի խոսքով, «Հերթապահ մասը», հղում անելով ոստիկանապետին, ավետեց, որ 2013 թվականի նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի կարգախոսը՝ «Ապահով Հայաստանը», արդեն իրականություն է դարձել։ Այսինքն, մենք ապրում ենք ապահով Հայաստանում։
Ու շատ խորհրդանշական էր, որ հենց այդ տեքստից հետո ռեպորտաժը շարունակվեց «Երազ իմ երկիր» երգով՝ ոստիկանների կատարմամբ։ Դե, իհարկե, եթե արդեն ապրում ենք մեր երազած ապահով Հայաստանում, ինչո՞ւ չերգել այդ առիթով։
Կարդացեք նաև
Սա, իրոք, նորություն էր։ Մինչ այս ոչ ոք, անգամ ամենակարկառուն ՀՀԿ-ականները չէին ասել, որ արդեն հասել ենք ապահով Հայաստան։ Իսկ իրո՞ք հասել ենք։
Մինչ այս հարցին պատասխանելը պետք է նախ հստակեցնել՝ ի՞նչ է նշանակում՝ ապահով Հայաստան։ Հասկանալի է՝ ոստիկանապետն ապահովություն ասելով՝ նկատի ուներ առաջին հերթին՝ հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը։ Այս առումով նա անկասկած ճիշտ է, և առանց գելափների էլ գիտենք, որ Հայաստանն ամենաանվտանգ երկրներից մեկն է՝ չնայած սահմանային լարվածությանը։
Սակայն, ամբողջ հարցն այն է, որ Սերժ Սարգսյանն «ապահով Հայաստան» ասելիս՝ նկատի ուներ ոչ միայն վերը նշվածը։
Ովքեր ցանկանում են մանրամասն վերհիշել «ապահով Հայաստանի» մեկնաբանությունները, կարող են այցելել 2013թ. նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կայք և կարդալ նախընտրական ծրագիրը։ Իսկ ովքեր ժամանակ չունեն՝ համառոտ հիշեցնենք. «Ապահով Հայաստան», բացի սահմանների և ներքին անվտանգության ապահովությունից, նշանակում էր նաև՝ արդար Հայաստան, ազատ Հայաստան, ապահովված ընտանիքներ (որոնք ունեն աշխատանք և արժանապատիվ վաստակ), սոցիալապես պաշտպանված ընտանիքներ, համաչափ զարգացում երկրի ամբողջ տարածքում, ապահովված գյուղ, և այլն։ Կարճ ասած՝ ապահով Հայաստան՝ առաջինը նշանակում էր բարեկեցիկ Հայաստան:
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում