Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում ապրող Բարսեղ Աթանյանին հասարակությունը կհիշի «Արմենիա» հեռուստաընկերության «Ամենախելացին» հեռուստամրցույթից: Հաղթելով առաջին եթերաշրջանում՝ այժմ Բարսեղ Աթանյանը մասնակցում է նաև երկրորդ եթերաշրջանին` ներկայանալով 14-ից 16 տարիքային խմբում:
Վերջերս լրացավ Բարսեղի 14-ամյակը: Սա շատ լավ առիթ էր կրկին մասնակցել`ուժերը փորձել նաև այս եթերաշրջանում: Իր տպավորությունների, առաջիկա անելիքների մասին զրուցեցինք Բ. Աթանյանի հետ:
Aravot.am-ի հետ զրույցում Բարսեղ Աթանյանն ասաց. «Երկրորդ եթերաշրջանում խաղում են 14-16 տարեկան պատանիներ և աղջիկներ: Ես էլ, հաջողությունների հասնելով առաջին եթերաշրջանում, որոշեցի մասնակցել կրկին, և փորձել ուժերս այլ տարիքային խմբում` ձեռք բերել նոր գիտելիքներ ու ընկերներ: Մրցույթի ժամանակ կարևոր է չլարվել, ճիշտ կողմնորոշվել արագության մեջ, և անհաջողության դեպքում հիշել, որ սա ընդամենը խաղ է: Առաջին եթերաշրջանում իմ հաղթանակը իրականում շատ բան փոխեց ինձ մոտ. բազմաթիվ նոր ընկերներ, ծանոթություններ, գիտելիքների նոր պաշար և ճանաչում»:
Կարդացեք նաև
Բարսեղը պատմում է, որ խաղը հաղթելու համար կարևոր է ճանաչել հայրենիքը, քանի որ այն հաղթանակի հասնելու լավագույն միջոցն է: «Ինչ խոսք, մրցույթին մասնակցում ես միայնակ: Բայց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս, ուսուցիչներիս, որոնք շատ են օգնել ինձ այս ողջ ընթացքում, և նրանց տված գիտելիքներն են, որ դարձել են իմ հաջողության գրավականը: «Ամենախելացին» կարևոր նշանակություն ունեցավ ինձ համար: Ես ձեռք բերեցի ընկերներ, մարդիկ ինձ ճանաչեցին: Գնահատվեց գիտելիքը»:
Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Բարսեղ Աթանյանն ասաց, որ դեռ հստակ չի կողմնորոշվել, թե ինչ մասնագիտության մեջ է պատրաստվում խորանալ: «Ապագայիս մասին դեռևս լուրջ չեմ մտածում, բայց միգուցե շարունակեմ ՏՏ ոլորտում: Նաև հաճախում եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Ինձ թվում է՝ ժամանակ դեռ կա: Հստակ որոշում կայացնել առայժմ չեմ կարող»:
Հայկ ՄԱԳՈՅԱՆ