ՀՀ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Դաշտադեմի միջնադարյան ամրոցը (VII-XIX դդ.) հանրապետությունում հնարավորինս ամբողջական պահպանված եզակի ամրաշինական համակարգերից է:
Նկատի ունենալով ամրոցի գիտական, պատմաճարտարապետական բացառիկ նշանակությունն ու պահպանվածության վիճակը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը 2006 թ. ձեռնարկել է միջնաբերդի տարածքն «օտար» կառույցներից «ազատելու», հուշարձանի համակողմանի ուսումնասիրման և վերականգնման աշխատանքներ:
2006-2008 թթ. այդ աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացված 287.5 մլն ՀՀ դրամով ամբողջությամբ վերականգնվել են առաջին պարսպապատի տարածքում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին (X դ.), ամրոցի գլխավոր մուտքը (XIX դ.), ամրակայվել և մասնակի վերականգնվել են միջնաբերդը (VII-XII դդ.), առաջին և երկրորդ պարսպապատերի (XII և XIX դդ.) առանձին հատվածները:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով 2008-2010 թթ. ընդհատվել են ամրոցի վերականգնողական աշխատանքները:
Կարդացեք նաև
7 տարվա ընդմիջումից հետո ՀՀ կառավարության, ՀՀ մշակույթի նախարարության և ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի համաֆինանսավորմամբ՝ 2015 թ. մայիսից վերսկսվել են Դաշտադեմ համայնքի վարչական սահմաններում գտնվող միջնադարյան ամրոցի գործառնական նշանակության հետ առնչություն չունեցող, հուշարձանի ճարտարապետական կերպարը խաթարող, 20-րդ դարի 50-70-ական թթ. կառուցված և ՀՀ կառավարության 2014 թ. օգոստոսի 14-ի որոշմամբ բացառիկ, գերակա հանրային շահ ճանաչված «օտար» կառույցների (թվով 9 կառույց՝ արժեքը՝ 27 մլն ՀՀ դրամ) քանդման-հեռացման, դղյակ-միջնաբերդի հարակից տարածքի հնագիտական ուսումնասիրման, միջնադարյան ամրոցի պատմական միջավայրի վերստեղծման աշխատանքները:
Վերսկսված աշխատանքների արդյունքներին ծանոթանալու համար ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը երեկ՝ նոյեմբերի 9-ին, այցելեցին Դաշտադեմ:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջին դարերի հնագիտության բաժնի վարիչ Հուսիկ Մելքոնյանի տեղեկացմամբ՝ ավելի քան 1000 քառ. մետր տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում բացվել են առաջին պարսպապատի բացակայող հատվածի մնացորդները: Հայտնաբերված պարսպապատն ունի 62 գծամետր երկարություն և կառուցված է սրբատաշ տուֆով ու կրաշաղախով: Հայտնաբերվել է նաև հուշարձանի հարավարևելյան անկյունում տեղադրված առաջին պարսպապատի երկրորդ մուտքը՝ երկու կողմերում մեկական կիսաբոլոր աշտարակով: Պեղված տարածքում բացվել են բազմաթիվ ուղղանկյուն և քառանկյուն հատակագծով շտեմարաններ (նախատեսված մթերքի ամբարման և պահպանման համար), որոնք նույնպես շարված են սրբատաշ տուֆով: Հնագիտական պեղումներով բացված ամենաուշագրավ կառույցն ամրոցի տիրակալներից մեկի պալատական սրահն է՝ կենտրոնում՝ կրակարանը: Դահլիճի հատակին պահպանվել են երկու սյուների խարիսխները, որոնք լավ մշակված են և 11-12-րդ դարերին բնորոշ: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են վիպագիր արձանագրությամբ քարեր, խաչքարերի մասեր ու հնագիտական բազմապիսի նյութեր:
«Ամրոցն ավերվել է 13-րդ դարում՝ մոնղոլական արշավանքների ժամանակ: Հետագայում ազատագրվել է Զաքարյան իշխանների կողմից, վերականգնվել ու պահպանվել այն տեսքով, ինչ տեսքով այսօր տեսնում եք: Պետք է նկատել, որ ամրոցի ավերման մի զգալի մասն էլ կապված է հայ գաղթականների՝ Թալին գալու հետ. նրանք տներ են կառուցել՝ չիմանալով, որ հաճախ օգտագործում են այն քարերը, որոնք պատմական մեծ արժեք ունեն»,- ասաց Հուսիկ Մելքոնյանը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով՝ հուշարձանների պահպանության ոլորտում սա ամենախոշոր պետական ծրագիրն է. «Այդ իմաստով այն շատ դժվար ծրագիր է, որովհետև բավականին բազմաբնույթ է ու բազմաշերտ: Բայց անհաղթահարելի չէ, և այն հանգամանքը, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն օժանդակում է այս ծրագրին, չափազանց կարևոր է»,- ընդգծեց նախարարը:
«Սա իսկապես մի հոյակերտ վայր է, անվիճելի հրաշալիք: Եվ եթե որևէ ամերիկացի ինձ հարցնի՝ Հայաստանում ուր կարելի է գնալ, ես վստահաբար կասեմ՝ գնացեք Դաշտադեմ»,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սերժիկ Առաքելյանի փոխանցմամբ՝ փուլային սկզբունքով իրականացվող այս ծրագրի վերջնական նպատակն է Դաշտադեմ ամրոցի բազայի վրա կազմակերպել միջնադարյան Հայաստանի ռազմարվեստին նվիրված մշտական ցուցադրություն և հիմնադրել արգելոց-թանգարան՝ մոտ ապագայում այն մշակութային, գիտակրթական, զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոնի վերածելու ակնկալիքով: Ինչպես նաև նպաստել ծրագրի ազդեցության գոտում գտնվող բնակավայրերի մշակութային բազմազանության պահպանմանը, զբոսաշրջության համաչափ ու կայուն զարգացմանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ