Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական կամքի» խնդիր չի

Նոյեմբեր 10,2015 10:11

Այս դեպքը տեղի է ունեցել 1998 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, բայց կարող էր կատարվել 5, 10, 15 կամ 20 տարի առաջ: Կարող է տեղի ունենալ նաեւ այս տարվա դեկտեմբերի 6-ին: Գյուղերից մեկում համայնքի ղեկավարն իր մոտ էր կանչել գյուղացիներից մեկին, որի որդին ձերբակալված էր: Գյուղապետը նրան ասել էր. «Քո որդին կարող է ստանալ 2 տարի պայմանական, իսկ կարող է ազատազրկվել 10 տարով: Դա կախված է քեզնից. եթե գյուղը «ճիշտ» քվեարկի, որդիդ կգա տուն: Հակառակ դեպքում դու նրան 10 տարի չես տեսնի»:

Դուք լինեիք այդ գյուղացու տեղը, ինչպե՞ս կվարվեիք: Գուցե բողոքեիք ընդդիմադիրներին, իրավապաշտպաններին կամ լրագրողներին` իմանալով, որ դրանից ոչ մի օգուտ չի լինի, եւ գյուղապետը, առավել եւս` իրավապահները «սուխոյ ատկազ կկանգնեն»: Բայց շատ ավելի հավանական է, որ դուք սուսուփուս ամբողջ գյուղով մեկ կընկնեիք դռնեդուռ, կաղաչեիք ձեր համագյուղացիներին, որ նրանք քվեարկեն` «ինչպես որ պետքն է», քանի որ դրանից է կախված ձեր որդու ճակատագիրը: Ինչպես կվարվեի՞ք, եթե այդ համագյուղացիներից մեկը լինեիք: Դարձյալ շատ մեծ հավանականություն կա, որ ձեր քվեով կփորձեիք փրկել ձեր հարեւանի զավակին:

Ուշադրություն դարձրեք, այս դեպքում չկա ոչ ծեծ, ոչ ջարդ, ոչ քվեատուփերի լցոնում, ոչ էլ նույնիսկ ընտրակաշառք: Առկա են, իհարկե, հանցագործության նշաններ, որը, սակայն, բավականին դժվար է ապացուցել: Առկա է նաեւ ապացույց, որ մեր իրավական եւ դատական համակարգը ենթարկվում է իշխանության քաղաքական շահերին: Մենք իրավունք ունե՞նք նման դեպքերում մարդկանցից հերոսական ջանքեր պահանջելու` պետական մեքենայի պարտադրանքին դիմանալու: Կարծում եմ՝ այս պահին իրավունք չունենք: Ոչ էլ` մեղադրել այդ մարդկանց «ստրկամտության» մեջ:

Ես այստեղ նշեցի ընտրություններ (հանրաքվեներ) կեղծելու եղանակներից միայն մեկը: Այդ մեթոդների թիվը իրականում հազար է, եթե ոչ` տասնյակ հազարներ: Թե ինչպես կարելի է քանդել այդ` 20 տարում ձեւավորված ավանդույթը` այդ հարցի վերջնական պատասխանը ես, անկեղծ ասած, չունեմ: Ինչպես ժամանակին ասել էր իմաստուն մարդկանցից մեկը` ես բավականաչափ երիտասարդ չեմ, որպեսզի այդքան շատ բան իմանամ: Ոմանք ասում են, որ պետք է հեղափոխություն անել, որպեսզի գան մարդիկ, որոնք «քաղաքական կամք» կունենան` այդ մեթոդներին չդիմելու; Բայց ինձ թվում է` եթե 20 տարվա ընթացքում տարբեր իշխանություններ նման կամք չեն ունեցել, ապա ոչ մի երաշխիք չկա, որ որեւէ մեկն այն կունենա: Հակառակը` փորձը ցույց է տալիս, որ հեղափոխությամբ իշխանության եկածն է՛լ ավելի շատ է հակված առաջնորդվել «հեղափոխական անհրաժեշտությամբ» («մենք առաջնորդել ենք ժողովորդին` Չարիքի տապալման գործում, ուրեմն մենք…»), քան օրենքով:

Հավանաբար, պետք է սկսել մարդկանց միջից վախն ու վաղվա օրվա նկատմամբ անվստահությունը հանելուց: Բայց դա պետք է ոչ թե մեկ անգամ հեղափոխություն անելու, այլ տարիներ եւ տասնամյակներ շարունակ արժանապատվորեն ապրելու համար:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Բրավո: Վերջապես հասանք ֆինալին`հնդկական ֆիլմի սցենարի մակարդակին: Մի բան չեմ հասկանում, թե առանց փողի ո՞նց են թերթ պահում: Թե ինչ որ մեկը տալիս է… Ի՞նչ իմանամ, մինչև հաստատ չիմանամ`սա էլ սազական վերնագիր: Թե էն Տոտիկը ինչի մեզ լքեց`հիմա երաժշտական ձևավոևումը կաներ…

  2. Ruben says:

    Կարգերը փոխվում են, բարքերը մնում անփոփոխ:

  3. Հ.Շ. says:

    Յեղափոխութեան այլընտրանքը գոյութիւն չունի Հայաստանի համար: Կամ ել, ունի, սակայն այդ դէպքում Հայաստանն է որ գոյութիւն չի ունենալու: (Այո, այո, հասկացանք, ըստ հարթակներից կոկորդ պատռող յեղափոխականներին՝ երկիրը արդէն իսկ գոյութիւն չունի, բլա-բլա-բլա-բլա… եղաւ, մերսի… սակայն իմ ասածը կը վերաբերի գետնաքարշ իրականութեան, եւ ոչ թէ քնարերգական թռիչքների, կամ ել Աշխարհավերջի եւ Յայտնութեան աղիողորմ կանչերի, եւայլն. )

    Մնացեալը կը վերաբերի ժողովրդականութեան «ուսուցման», երկրի մը համար որ Պատմութեան ընթացքին տակաւին աննշան փորձառութիւն ունի միայն, ի միջի այլոց՝ այդ բնագաւառում:

    Պարզ իրականութիւնը այն է թէ, բոլոր ժողովրդավար երկիրներում, ժողովուրդի քուէները թեկնածուների կողմից ձեռք են բերվում երկու հիմնական միջոցներով՝

    ա. բազմատեսակ ճնշումներ
    (վախի բազմաթիւ երանգներ, հոգեբանական կամ նիւթական հարկադրում, փոփոխութեան հետ գալիք զարհուրելի վտանգների թվարկում, քաղաքական սակարկութիւն,…)

    եւ

    բ. սուտեր (կատարեալ ու երազային աշխարհի հաստատ երաշխաւորում, երջանկութեան անծայրածիր խոստումներ, բացարձակապէս – եւ մանաւանդ՝ արագօրէն – ամէն բան փոխելու եւ բարելաւելու ուխտ ու երդում, …)

    Հայաստանում, քանի որ ժողովրդավարութիւնը տակաւին փորձառական խարխաբումների հանգրվանում է, այս երկու մօտեցումները ցարդ կիրարկվում են ամենակոշտ ու կոպիտ ձեւերով, անտաշ կերպով, առանց տարրական չափաւորումի, շատ բացայայտօրէն: Ժամանակի ընթացքին, զարգանալու, նրբանալու է այդ ամէնը, որպէսզի մենք ել դառնանք նորմալ ժողորդավարութիւն:

    ( «բավականաչափ երիտասարդ չեմ, որպեսզի այդքան շատ բան իմանամ», այս խօսքը իսկապէս շատ հաւնեցայ : )

  4. Atshak says:

    ժողովրդավարությունը – դա շատ ավելի մեծ խաբեբայություն է, քան կոմունիզմը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30