Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեն կարողանում աշխատավարձեր, թոշակներ տան, վարկ են վերցնում»

Նոյեմբեր 09,2015 22:33

Նոր վարկն էլ տնտեսության վրա որեւէ դրական ազդեցություն չի ունենա

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է՝ 300 միլիոն դոլար վարկը ծախսվելու է անարդյունավետ, այն արդյունք չի տալու:

Օրերս կառավարությունը հաստատեց Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի կողմից տրվող 300 միլիոն դոլար վարկի համաձայնագիրը, այդպիսով ավելացնելով ՀՀ պետական պարտքի բեռը:

Պարոն Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ՀՀ իշխանությունը բոլոր ռեսուրսները սպառել է, եւ հիմա պետք է միջոցներ հայթայթի, որ իր պարտականությունները կատարի. «Միակ ձեւը վարկ ստանալն է. սա յուրահատուկ վարկ է, նման վարկեր հաճախ չեն ստացվում, Համաշխարհային բանկն է  տվել՝ բյուջետային աջակցության վարկ է, բայց ՀԲ-ի տված վարկով խիստ սահմանափակումներ կային, կառավարման արդյունավետության վարկ էր կոչվում: Այս 300 միլիոն դոլարի վարկը ազատ վարկ է, որ ուղղակի կարողանան իրենց ֆինանսական խնդիրները լուծեն: Ես համոզված եմ՝ անարդյունավետ է լինելու, որեւէ արդյունք չի տալու, ինչ կուզեն՝ կգրեն, թե որ ուղղությամբ են ծախսելու»:

Տնտեսագետն ասաց, որ վտանգն այն է, որ պետական պարտքն է մեծանում՝ 2016-ին պետական պարտքը հասնելու է  5.5 միլիարդ դոլարի,  285 միլիոն  դոլարը՝ վարկի սպասարկմանն է. «Այսինքն՝ իշխանությունները որեւէ բանի առաջ չեն կանգնում այսօրական խնդիրներ լուծելու համար: Վարկ տվող կա, իրենք էլ վերցնում են օգտագործում ու վերջ, առանց արդյունքի»:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասել է՝ «Ինչքան էժան գումար կա, իհարկե՝ կառավարելի մակարդակում, պետք է ներգրավել ու տնտեսությունն աշխուժացնել: Եթե մենք այդքան ֆինանսական ռեսուրս չունենք, դրսից էլ ֆինանսական ռեսուրս չենք ներգրավում, բա ի՞նչ անենք: Մեր պարտքը մոտենում է ՀՆԱ-ի 50 տոկոսի շեմին, եւ դա մեզ մտահոգում է, բայց անհանգստանալու շատ բան չունենք: Կարեւորը, որ էժան գումարներ լինեն, եւ ամենակարեւորը, որ ծրագրերը լինեն նպատակային»:

«Այդպես չի կարելի, պետություն եք վերջիվերջո: Այդ վարկը վերցնելու ճիշտ նպատակ պիտի լինի: Հիմնական նպատակը պիտի լինի տնտեսությունը շարժելու, ինչը խիստ կասկածում եմ: 2008-ից մինչեւ հիմա 1.5 միլիարդից 5.5 միլիարդ դոլարի է հասել պետական պարտքը: 2008-ին համախառն ներքին արդյունքը 11 միլիարդ 690 միլիոն էր, մինչեւ հիմա այս մակարդակին չենք հասել: Մինչեւ հիմա ի՞նչ արդյունք են տվել դրսից բերված գումարները, ոչ մի»,- ասաց տնտեսագետն՝ արձագանքելով ֆինանսների նախարարին:

Aravot.am-ի այն դիտարկմանն ի պատասխան, որ ֆիննախը վստահեցնում է, թե այդ վարկի գումարներն ուղղվելու են տնտեսական աճի ավելի բարձր տեմպերի ապահովման գործում խոչընդոտների վերացմանը, եւ պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացումը, ի՞նչ կարծիք ունի տնտեսագետն այս ուղղություններով ծախսելու մասին, արդյոք դա օդի մեջ հայտարարություն չէ՞, Վահագն Խաչատրյանն ասաց. «Ի՞նչ  խոչընդոտի վերացում, ոչ մի խոչընդոտ: Պիտի կարողանան աշխատավարձեր, թոշակներ տան, չեն կարողանում, բյուջեն էլ սեկվեստր չեն անում, Ռուսաստանն արեց, ի՞նչ խնդիր կար: Իսկ իրենք՝ իշխանությունները,  որոշել են վարկով պարտքը մեծացնեն, որեւէ խնդիր չեն տեսնում, որեւէ բանի առաջ չեն կանգնում, բայց պարտք վերցնելը հանաք-մասախարություն չի»:

Պարոն Խաչատրյանի խոսքերով՝ Հայաստանի կառավարության նման համակարգերն, ի վերջո բանկրոտի են ենթարկվում ու ժողովրդին գցում կրակը ու շարքային քաղաքացին ստիպված իր ամբողջ կյանքում պիտի վճարի այդ պարտքերը:

Արդոք այդ 300 միլիոն դոլար վարկով ՀՀ տնտեսությունում աշխուժություն կհաղորդի կառավարությունը,թե տնտեսությունն առանց այդ վարկի էլ հնարավոր է աշխուժանա, մեր այս հարցին տնտեսագետը պատասխանեց. «Այն երկրներում, որտեղ կոռուպցիա չկա, իշխանության ներկայացուցիչները բիզնեսմեններ չեն, ես կմտածեի՝ լավ, ի վերջո այս վարկային ֆինանսները տնտեսություն են մտնելու, կօգնի: Բայց, քանի որ մեզ մոտ այդպես չէ, այդ վարկը տնտեսության աշխուժության, աճի վրա որեւէ ազդեցություն չի ունենա: 7 տարվա ընթացքում 4 միլիարդ դոլարով պետական պարտքը ավելացրել են, վարկ են վերցրել, իսկ այս տարիներին արդյունավետությունը զրո է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30