Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը՝ ի պատասխան Հայաստանի հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժման ներկայացրած պահանջներին:
Մոտ մեկ ամիս առաջ, ներկայացնելով պահանջներ՝ ուղղված ՀՖՖ-ին, մենք առաջարկեցինք ելքի ճանապարհ՝ հավաքականում խաթարված մթնոլորտի և անփառունակ խաղերի շարանը հաղթահարելու համար, ակնկալում էինք պահանջների քննարկում, առարկայական գործողություններ, ծանրագույն վիճակից դուրս գալու ելքերի որոնում:Մրցաշրջանի վերջին խաղից անցել է շուրջ մեկ ամիս: Չկար արձագանք ՀՖՖ-ից՝ կապված խայտառակ մրցաշրջանի հետ, չկային վերլուծություններ և ծանրագույն վիճակից դուրս գալու ելքերի առաջարկներ: Երթի մասին մեր տարածած հայտարարությունից հետո խորը քուն մտած ֆեդերացիան ի վերջո արձագանքեց, իսկ արձագանքը մեղադրական ճառեր ՖԱՖ-ի հասցեին հնչեցնելն էր:
Հիշեցնում ենք,որ մեր գործողությունների գնահատողը պետք է լինեն միայն հայկական ֆուտբոլի երկրպագուն և Հայաստանի ազգային հավաքականների ֆուտբոլիստները: Չցանկանալով անդրադառնալ մեզ ուղված սին մեղադրանքներին և մեր «խմբակի» «արկածներին» հայկական ֆուտբոլում՝ ուղղակի նշենք, որ վերջին 4 տարվա մեջ «ՖԱՖ տուրիստական շարժման» շնորհիվ, չնայած Հայաստանի վիզային և սոցիալական ծանր կացությանը, ստեղծվեց Երևանից Եվրոպայի ցանկացած կետ հավաքականի կողքին խմբով լինելու, 90 րոպե աջակցելու մշակույթը, և ՖԱՖ-ի հետ մեկնելով արտերկիր՝ հայ երկրպագուն մոբիլիզացվեց նաեւ արտագնա խաղերի ժամանակ: Վերջին մի քանի տարվա մեջ հավաքականի արտագնա խաղերին ՖԱՖ-ի կազմակերպած ուղևորությունների շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականին աջակցել է 1000-ից ավել երկրպագու: Եղել են դեպքեր, երբ ՀՖՖ-ն հրաժարվել է հյուրերի սեկցիայի տոմսերից և մենք, ավելորդ բարդություններ կրելով, տոմսեր ձեռք ենք բերել մրցակից հավաքականի ֆեդերացիաների հետ խրթին բանակցություններ վարելով: Վերջին 2 ուղևորություններին երկրպագուների քիչ թվաքանակի հետևանքով՝ ՖԱՖ-ի բյուջեն կրել է 3000 եվրոյից ավելի կորուստ, որը կոմպենսացրել ենք մեր ուժերով,մեր նվիրյալ անդամների հանգանակությունների շնորհիվ,ի՞նչ տուրիստական գործունեության մասին է այս դեպքում ակնարկում մեր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր պաշտոնյան:
Ներկայացված երեք պահանջները ՖԱՖ-ի քմահաճույքը չէին, ՖԱՖ-ը եղել է ու կա անկախ կառույց, ՖԱՖ-ը երբեք քաղաքական խաղերին չի մասնակցել ու միշտ իրացրել է իր քաղաքացիական պարտքը՝ եղել է մարզադաշտում հավաքականի և սոցիալական պահանջների դեպքում ժողովրդի կողքին:
Կարդացեք նաև
Հետագայում, եթե նույնիսկ խոչընդոտվի հավաքականի խաղերի ժամանակ մեր սեկցիայի տոմսեր ձեռք բերելու գործընթացը և մուտքը մարզադաշտ, մենք մնալու ենք մեր սկզբունքներին հավատարիմ, իրականացնելու ենք մեր երթը և պահանջելու ենք բարձրակարգ մարզիչ հավաքականի համար, տարբեր կոնֆլիկտների պատճառով ֆուտբոլիստներին չհրավիրելու հարցի վերանայում և ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում:Դժվար թե ողջ աշխարհի «հարյուր հազարավոր» հայ երկրպագուները չհամաձայնվեն մեր պահանջների հետ:
ՖԱՖ