««Ոչ»-ի ճակատը ձախողվում է»,- նոյեմբերի 7-ին Կովկասյան աշխարհաքաղաքական ակումբի կազմակերպած ռուս-հայկական կլոր սեղանի ընթացքում ասաց բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ ներկայացնելով քաղաքական դաշտում տեղի ունեցող իրավիճակը:
Նա համարում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գաղափարապես չի մասնակցում «այո»-ի քարոզի գործընթացին, քանի որ կուսակցության անդամներից ոմանք վախենում են իրենց դեմքը կորցնել: Անդրադառնալով «Ոչ»-ի ճակատին՝ նա ասաց. «Ենթադրենք մարդը հանդես է գալիս Հայ ազգային կոնգրեսի անունից, որից կարծես թե բան չի մնացել: Հայ ազգային կոնգրես խմբակցությունը մեր Ազգային ժողովի թյուրիմացություններից մեկն է, որովհետեւ խմբակցությունը անվանականորեն բաղկացած է Նիկոլ Փաշինյանից, որը հավաստիացնում է, որ չի մասնակցում սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, այսինքն՝ ՀԱԿ խմբակցության շրջանակներում, Հրանտ Բագրատյանը իր քաղաքականությունն է վարում, Լյուդմիլա Սարգսյանը անում է այն, ինչ ուզում է: Կարելի է ասել, որ Հայ Ազգային Կոնգրեսում Լեւոն Զուրաբյանն է եւ մի քիչ էլ Գագիկ Ջհանգիրյանը»:
Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցությանը՝ Տիգրան Քոչարյանն ասաց, որ նրա վիճակն ավելի վատ է, քան ՀԱԿ-ինը. «Իրականում, այնտեղ բացի Զարուհի Փոստանջյանից մարդ չի մնացել, նույնիսկ նրանք, ովքեր «Ժառանգության» ցուցակում էին, նույն Թեւան Պողոսյանը «այո» է քարոզում: Եթե ես չեմ սխալվում՝ Ալեքսանդր Արզումանյանը նույնպես դեմ չէ: Րաֆֆի Հովհաննիսյանի մասին խոսել չեմ ուզում, քանի որ վերջին ժամանակներում բացարձակապես լուրջ քաղաքական գործիչ չէ: Ավելի շուտ նա կհայտնվի հանրահավաքների ընթացքում, կհայտարարի, որ դեմ է, այնուհետեւ հացադուլ կհայտարարի»:
Բլոգերը խոսեց նաեւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մասին, մասնավորապես՝ Հիմնադիր խորհրդարանի. «Նրանք կարողանում են բարձր գոռալ, սպառնալ բոլորին, բայց ռեսուրս որպես այդպիսին չունեն»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ