Իտալական «AlItalia» ավիաընկերության «Ulisse» ամսագրի նոյեմբեր ամսվա համարում Հայաստանի վերաբերյալ անգլերենով և իտալերենով հոդված է հրապարակվել: Կից ներկայացնում ենք հոդվածը՝ որոշակի կրճատումներով:
«Ulisse»-ի հայաստանյան ճանապարհորդությունը սկսվում է Երևանից՝ երկրի սրտում գտնվող մայրաքաղաքից՝ Արարատ լեռան հսկողությամբ, գագաթ, որի վրա, ըստ ավանդության, մեծ ջրհեղեղից հետո իջել է Նոյյան տապանը: Երևանը երեք միլիոն հայերի մեկ-երրորդի հայրենիքն է. քաղաքը Հռոմից ավելի հին է (հիմնադրվել է Ք.ա. 782թ.) և մարմնավորում է այս ժողովրդի ունակությունը՝ ապրելու դինամիկ ներկայում՝ առանց մոռանալու պատմությամբ հարուստ անցյալը, որի վկան էր Ուրարտուի հին հայկական թագավորությունը՝ Էրեբունի ամրոցը և Կարմիր բլուրը:
Քաղաքի սիրտը Հանրապետության հրապարակն է՝ շրջապատված կառավարական շենքերով և Հայաստանի պատմության պետական թանգարանով: Նրանց տպավորիչ տեսքը, որը խորհրդային ժամանակներից մնացած արձագանք է հիշեցնում, մեղմացնում են շատրվանները, որոնք երեկոյան ժամերին անցորդներին հիացնում են լուսային և ձայնային խաղերով: Քաղաքի ամենատպավորիչ վայրերից է Կասկադը՝ հսկայական աստիճաններ, որոնք նաև ժամանակակից արվեստի վայր են՝ աստիճանահարթակներում տեղադրված իրենց արձաններով և արվեստի գործերով:
Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: 2015թ. լրանում է հայ ժողովրդի ողբերգության 100-ամյա տարելիցը:
«Վերնիսաժը» քաղաքի տոնավաճառն է: Այստեղ շաբաթ-կիրակի օրերին կարելի է գտնել հայկական արվեստի ամենատարբեր նմուշներ՝ դուդուկից (ավանդական ծիրանափող) մինչև խորհրդային շրջանի շքանշաններ կամ ցարական Ռուսաստանի ոսկերչական իրեր:
Հայկական խոհանոցը ճաշակելու համար հոդվածագիրը հատկապես խորհուրդ է տալիս «High Rest»-ը՝ Թումանյան փողոցի վրա: Իր նրբաճաշակ և միջազգային ոճի ինտերյերը լրացնում է մատուցվող ուտեստների որակով՝ պատրաստված ռեստորանի տեր Գաբրիելի կողմից: Նա նշում է, որ հայկական համեղ խոհանոցը հարուստ է տարբեր տեսակի ճաշատեսակներով, որոնց մեջ հատուկ տեղ է զբաղեցնում լավաշը` թոնրում պատրաստված բարակ հացը, մանթին՝ թխված ռավիոլին, և քուֆթան` կոնյակի մեջ մարինացված խաշված միսը: Համեղ ուտելիքը պետք է ճաշակել հայկական կոնյակով. քաղաքում կան բազմաթիվ արտադրողներ, որոնց գործարանները (այդ թվում՝ Նոյը) բաց են այցելուների համար:
Գիշերային Երևանն աղմկոտ է: Քաղաքի երիտասարդությունը երեկոյան ժամերին հավաքվում է Օպերայի և Հանրապետության Հրապարակի շրջակայքում, բայց Երևանը անվտանգ, խաղաղ քաղաք է, իսկ տաքսիները քաղաքով շրջագայելու լավագույն տարբերակն են՝ հարմարավետ, արագ և իսկապես էժան:
Ինքն իրեն հարգող ջազի ցանկացած սիրահար պարտավոր է մի երեկո անցկացնել «Մալխաս ջազ ակումբում»` քաղաքի ամենահայտնի վայրերից մեկում, որը սիրված վայր է պետությունների ղեկավարների և VIP հյուրերի համար, ինչպիսին են Քարդաշյան քույրերը (ծագումով Հայաստանից):
Հայերի բնատուր քաղաքավարությունը և հյուրասիրությունը լրացվում են հարմարավետությամբ և ծառայությունների միջազգային ստանդարտներով, որոնք տրամադրում են «Golden Tulip Yerevan», «Double Tree Hilton», «Tufenkian», «Opera Suite» և «National» հյուրանոցները:
Երևանից կես ժամվա հեռավորության վրա է գտնվում Էջմիածինը՝ Հայ առաքելական եկեղեցու գլխավոր կրոնական կենտրոնը: Այստեղ քրիստոնյա համայնքի արմատները հասնում են շատ վաղ շրջանների. 301թ.՝ նույնիսկ Հռոմից էլ առաջ, քրիստոնեությունն ընդունվեց Հայաստանում որպես պետական կրոն:
Մայրաքաղաքից ոչ հեռու Գառնին և Գեղարդն են՝ երկու հարևան գյուղեր, առաջինը 1-ին դարի գեղեցիկ հելլենիստական տաճարով՝ նվիրված Միհր աստծուն, երկրորդը՝ ժայռի մեջ վարպետորեն կառուցված 4-րդ դարի եկեղեցով:
Մյուս կողմից, մեկնելով դեպի հարավ, առաջին կանգառը Խոր Վիրապում է: Գտնվելով Մեծ լեռան ստորոտին, Արարատի շրջանում, սա այն վայրն է, որտեղ հայոց թագավոր Տրդատ 3-րդը Գրիգոր Լուսավորչի կողմից մկրտվեց որպես քրիստոնյա: Դրանից առաջ Սուրբը 15 տարի բանտարկված էր այդ հորի մեջ, որը մինչ օրս հնարավոր է տեսնել:
Հայաստանի միջով մեքենայով ճանապարհորդելը չափազանց ակնահաճո է՝ մարդու կողմից չդիպչած հարթավայրեր, անտառներում գյուղական շինություններ, ճանապարհի եզրերի խոտի դեզեր:
Հեղինակն առաջարկում է մեկ օրը տրամադրել Ջերմուկին՝ Վայոց Ձորի մարզում, որից ոչ շատ հեռու է գտնվում Արենին՝ հայկական գինիների հայրենիքը և աշխարհի հնագույն՝ Քրիստոսից երեք հազարամյակ առաջ թվագրվող գինեգործական կենտրոններից մեկը:
Փոքր-ինչ ավելի հարավ՝ Սյունիքի մարզում է գտնվում Տաթևի միջնադարյան կենտրոնը: Հին վանքը միանում է հիմնական մայրուղուն աշխարհի ամենաերկար՝ 5 կիլոմետրանոց ճոպանուղով. 15 րոպեանոց ուղևորության ընթացքում կարելի է տեսնել կիրճի տեսարանը՝ բազմաթիվ եկեղեցիների ավերակներով և այլ կառույցներով:
Լեռների սիրահարների համար երկրի լավ առաջարկներ ունի երկրի հյուսիսը: Կոտայքի մարզում է Ծաղկաձորը, որը ձմռանը դահուկորդների սիրված վայրն է:
Հայաստանն իրոք արժե այցելել՝ պարզապես բացահայտելու համար ժողովրդի բացառիկ հյուրասիրությունը և երկրի յուրահատուկ ժառանգությունը:
ՀՀ ԱԳՆ