Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում «Ֆինանսական բուրգի» հայտնի գործով վերաքննիչ բողոքի քննությանը մեղադրող դատախազ Երիցյանը կրկին չէր ներկայացել: Դատարանն արձանագրեց, որ նա պատշաճ ծանուցումը ստացել է, բայց չներկայանալու մասին որեւէ տեղեկություն չի հայտնել: Նա չի պատասխանել նաեւ դատարանի ներկայացուցչի զանգերին:
Դատական նիստի մասնակից կողմերից առանց դատախազի նիստն անցկացնելուն դեմ էր միայն մեղադրյալի փաստաբան Մնացական Սարգսյանը: Բայց դատարանը որոշեց առանց դատախազի անցկացնել նիստը:
Հիշեցնենք՝ Մնացական Սարգսյանը բողոքարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ իր պաշտպանյալին 10 տարվա ազատազրկման եւ 200 մլն ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավման մասին:
Մնացական Սարգսյանը մոտ երկու ժամ ներկայացրեց տուժողների ցուցմունքները, դատավորը նույնիսկ դիտողություն արեց՝ ասելով, որ գործի մեջ բոլոր ցուցմունքները կան ու իրենք ծանոթ են: Նա հորդորեց փաստաբանին իրավական եզրահանգումները ներկայացնել, թե ցուցմունքներն ինչ են ապացուցում կամ հերքում: Փաստաբանը, ըստ տուժողների ցուցմունքների, պնդեց, որ իր պաշտպանյալ Արթուր Անդրեասյանը խաբելու կամ խարդախությամբ այլ անձանց գույքին տիրանալու մտադրություն չի ունեցել:
Կարդացեք նաև
Նա վկայակոչեց տուժողների ցուցմունքները՝ ասելով, որ նրանք էլ են հաստատում, որ իր պաշտպանյալը մինչեւ ֆինանսական խնդիրներ ունենալը պարտաճանաչ պարտքերն ու տոկոսները փակել է:
Դատական նիստը փաստաբանի հիմնավորումներից հետո հետաձգվեց:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Արթուր Անդրեասյանը բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվել է անվճարունակ վիճակում:
2010 թվականին ոստիկանության ղեկավար պաշտոններ զբաղեցնող Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևանում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի եւ նրա ընտանիքի անդամների հետ ունեցած մտերմության արդյունքում խաբեությամբ, մի շարք քաղաքացիների վստահությունը չարաշահելով՝ ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդրումներ անելու ու դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով տարբեր քաղաքացիներից խոշոր չափերի գումարներ է ձեռք բերել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ