Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրով. «ԼՂ հակամարտության կարգավորումը չպետք է տեղափոխել այլ հարթակներ, որոնք նման հանձնարարություն ու մանդատ չունեն»

Նոյեմբեր 09,2015 18:40

«Մենք զգում ենք մեր դաշնակիցների ուսը»,-այսօր ՀՀ ԱԳՆ-ում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ ՀՀ և ՌԴ նախագահների պայմանավորվածությունները իրականացվում են, երբեմն գուցե ոչ այնքան արագ, բայց գոհացուցիչ տեմպերով:

Ընդհանուր առմամբ պարոն Լավրովը գոհ է միջխորհրդարանական և միջտարածաշրջանային համագործակցությունից: Դառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված քաղաքականությանը, Սերգեյ Լավրովն ասաց.

«Մենք սատարում ենք պաշտոնական Երևանի՝ այս հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծման նպատակադրվածությանը: Մենք շարունակելու ենք աջակցել կողմերին լուծման ուղիներ գտնելու համար: ՌԴ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր կշարունակի միջնորդությունը այս հակամարտության խաղաղ կարգավորման հարցում դրական արդյունքների հասնելու համար»:

Հարցին ի՞նչ գնահատական կտան ԵԽԽՎ զեկուցող Ռոբերտ Ուոլթերի՝ ղարաբաղյան հակամարտության մասին զեկույցի՝ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից ընդունմանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. «Ադրբեջանը փորձում է քննարկումը ԼՂ հակամարտության հանգուցալուծման ուղիները տեղափոխել այլ ձևաչափեր: Միակ ձևաչափը, որն ունի միջազգային հանրության մանդատը, ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխնախագահներին տրված մանդատն է, որոնք զբաղվում են ԼՂ հակամարտության հանգուցալուծման խաղաղ կարգավորմամբ: Ոչ մի ուրիշ կազմակերպություն կամ կառույց չպետք է այլ քայլեր ձեռնարկի, որոնք կխանգարեն այս հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը»:

Դառնալով զեկույցի՝ Ադրբեջանի կողմից որպես շատ կարևոր մի փաստաթղթի ներկայացմանը և դրա անաչառությանը, պարոն Նալբանդյանը նշեց. «Անաչառության մասին է խոսում այն, որ Ուոլթերն իր պատգամավորական մանդատը լրանալուց երկու օր առաջ հանկարծ որոշեց արագ թխել այդ փաստաթուղթը»: Այնուհետև նշեց, որ Ուոլթերը ֆինանսավորվում էր ադրբեջանական կազմակերպությունների կողմից:

Սերգեյ Լավրովը հայտարարեց. «Համանախագահ երկրները հստակ դիրքորոշում ունեն այն բանի դեմ, որ ԼՂ կարգավորման համբերատար հետևողական երկխոսության փոխարեն թեման չպետք է փորձեն հանել զանազան միջազգային հարթակներ, որոնք միջազգային հանրության կողմից նման հանձնարարություն չեն ստացել: Դա վնասում է գործին ու փոխնախագահների աշխատանքին»:

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը իր խոսքում ցավակցեց պարոն Լավրովին վերջին ողբերգական իրադարձությունների վերաբերյալ, սակայն փոխադարձ ցավակցություն այդպես էլ չլսվեց, հայերի հետ կապված վերջին ողբերգական դեպքերի վերաբերյալ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30