«Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու՝ հողի եւ ազգի համար…»:
Թաթուլ Կրպեյան
Գետաշենի արծիվը՝ Թաթուլ Կրպեյանը, մարտական ընկերների հետ մարտիրոսվեց 1991 թ. ապրիլի վերջին՝ հենց Գետաշենում՝ ասես դրանով հաստատելով իր խոսքը. «Ես ոչ մի անգամ չեմ իջնի Երևանի օդանավակայանում և ասեմ՝ Գետաշենը հանձնեցինք։ Ես այստեղ կմեռնեմ, բայց դա չեմ անի… Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն…»։ Ապրիլի 21-ին լրացավ հերոսի 50 ամյակը: Երևանի պետական համալսարանը հոբելյանի առթիվ կազմակերպել է միջոցառումների շարք նաև Արցախում: Նոյեմբերի 7-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում, ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր հուշ-երեկո՝ նվիրված Արցախյան պատերազմի առաջամարտիկ, ՀՀ ազգային հերոս, ՀՅ Դաշնակցության գաղափարակիր Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50 ամյակին:
Ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ ՊԲ նախարար Լևոն Մնացականյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ և ԱրՊՀ ուսանողներ, դասախոսներ, զինվորներ, այլք:
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում ազգային երգ ու պարով ելույթ ունեցան ԵՊՀ ուսանողները: Հնչեցին հերոսին նվիրված երգեր, ուսանողները կարդացին Թաթուլի հեղինակած բանաստեղծությունները, ներկայացվեց նրա կյանքը և գործունեությունը, դերը Արցախյան ազգային-ազատագրական պայքարում:
Հաջորդ օրը համալսարանականները՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանի գլխավորությամբ, Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի մոտակայքում իրականացրեցին ծառատունկ: Քաշաթաղի շրջանի կազմավորման օրվանից Գուրգեն Մելիքյանը բազում բարեգործական ծրագրերի հետ նաև իրականացրել է ծառատունկ: Բերձորում ու հարակից տարածքներում, Կովսական քաղաքում տնկվել են հազարավոր ծառեր, ստեղծվել 10-ից ավելի պուրակ:
Անցած տարի՝ այս օրերին նման մի պուրակ տնկվեց Ստեփանակերտ-Բերձոր մայրուղու աջ կողմում նվիրված գրող Վահագն Մահտեսի Հակոբյանցին: Ծառատունկին մասնակցում էր նաև Թաթուլի դուստրը՝ Ասպրամը: Աղավնո-Բերձոր ճանապարհի եզրին են գտնվում Ստեփան Ալաջաջյանի, Մոնթեի անվան պուրակները, և դրանց հարևանությամբ նոյեմբերի 8-ին ավելացավ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան պուրակը, որտեղ համալսարանականները և Քաշաթաղի շրջվարչակազմի, այլ կառույցների աշխատակիցները տնկեցին խորհրդանշական 50 սոսի: Պուրակի բացումն իրականացրեցին Գուրգեն Մելիքյանը և Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը:
Մինչ այդ Գ. Մելիքյանը դիմեց ներկաներին.
-Այսօր ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան պուրակի բացումն է կայանում, և յուրաքանչյուրս պարտավոր ենք երդվել, որ հարազատ ենք մնալու այս սուրբ հողին և այն պաշտպանել Թաթուլի նման:
Ինչպես բոլոր ծառատունկերին, այս անգամ ևս Գ. Մելիքյանը, գինեթասը ձեռքին, ընթերցեց Զավեն-Լևոն Սուրմելյանի «Ասացվածք՝ ծառ տնկելու առթիվ» բանաստեղծությունը. որը յուրահատուկ աղոթք է ծառատունկից առաջ:
Տե՚ր, օրհնե՚ ծառն այս մատղաշ։ Ես կտնկեմ զայն ահա
Փխրուն և սև հողին մեջ, ուր պապերս կպառկին.
Ես՝ անոնց թոռը հսկա, այս հողին տերն եմ կրկին,
Ու արևուն տակ կաճիմ՝ անունն իրենց շուրթիս վրա:
Շնորհակալություն հայտնեց Քաշաթաղի շրջվարչակազմին, որ մեծ օժանդակություն է ցուցաբերում ծառատունկերի համար, հատկացնում տարածք և ԵՊՀ ղեկավարությանը՝ աջակցության համար: Այնուհետև ուսանողները՝ խումբ-խումբ, բարձր տրամադրությամբ իրականացրեցին ամենաբարի գործերից մեկը:
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆֆի Քարամյանը, որը վերջին տարիներին միշտ մասնակից է եղել նման միջոցառումների, տեղեկացրեց, որ պատվիրակության կազմում բոլոր ֆակուլտետներից մոտ 80 ուսանողներ կան, որոնց մեծ մասն առաջին անգամ է Արցախում: Ուսանողներին ուղեկցում են պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը, այլ պաշտոնատար անձինք: Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը տեղեկացրեց, որ այս օրերին այցելել են Գանձասար, ուսանողների մի մասը՝ Շուշի, եղել են հանդիպումներ Արցախի ղեկավարության հետ: ԵՊՀ հրատարակչության աշխատակից Կարեն Մուրադյանը եղել է Արցախում, բայց ծառատունկի առաջին անգամ է մասնակցում:
-Մնայուն գործ է ծառատունկը, բարի և կարևոր աշխատանք: Իսկ նոր պուրակի հիմնումը՝ նվիրված ազգի լավագույն տղաներից մեկին, ով նոր պետք է դառնար 50 տարեկան, մեծ խորհուրդ ունի: Հավատացած եմ՝ ներկա ուսանողներն այսուհետ ավելի շատ են սիրելու Արցախը,- ասաց Կարենը:
Տարբեր ֆակուլտետներից, բայց արդեն մտերմացած 7 ուսանող միասին տնկեցին իրենց ծառը:
Չորրորդ կուրսեցի է Մարիամ Մարտիրոսյանը. երկրորդ անգամ է մասնակցում ծառատունկի:
-Անհամբեր էի, որ նորից գամ Արցախ, իսկ ազգային հերոսին նվիրված պուրակում ծառատունկի մասնակցելը հպարտություն է: Թաթուլն ու իր մարտական ընկերները գիտակցորեն մարտիրոսվեցին այսօրվա համար,-ասաց ուսանողուհին:
Պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսից է Գեղամ Ասատրյանը. լավ է ուսումնասիրել Թաթուլի, նրա ընկերների հերոսական պատմությունը, և սիրով է մասնակցում ծառատունկին: Նշեցին իրենց ծառը, որ նոր այցին խնամեն:
Լաուրա Չիլինգարյանը ռոմանագերմանական ֆակուլտետի 1-ին կուրսից է: Առաջին անգամ է Արցախում. տպավորված է բնությամբ, Գանձասարով, Բերձորով ու կատարած բարի աշխատանքով:
Ծառատունկից հետո կայացած խնջույքի ժամանակ հնչեցին կենացներ՝ նվիրված նահատակ ու ողջ ազատամարտիկներին, հողը շենացնողներին, ԵՊՀ ուսանողադասախոսական կազմին, հայ ժողովրդին:
Ռազմահայրենասիրական երգերով, ասմունքով ու պարով հանդես եկան բոլորը: Երաժշտական մասն ապահովեցին «Բերձոր» ժողգործիքների համույթի երաժիշտներ Արթուր Մովսեսյանը և Արամայիս Եսայանը:
ԵՊՀ ժողգործիքների համույթը մոտ 8 ամսվա պատմություն ունի. գեղարվեստական ղեկավար Արմեն Այվազյանն ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան և այժմ ԵՊՀ արվեստաբանության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող է: Ասաց՝ վաղուց է ծանոթ Արցախին. ծառայել է Ստեփանակերտում: ԼՂՀ ՊՆ «Ասպետ» համույթի հիմնադիրներից է:
Մեներգիչ Մանուկ Հովհաննիսյանն Արմենի հետ է ծառայել, երգել «Ասպետ»-ում: Հրաշալի երգեց Թաթուլին նվիրված երգը, որը հուզեց բոլորին: Նույնպես Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ է: Խումբը կազմված է 15 հոգուց, բայց Արցախ են եկել 8 հոգով: Զրուցում եմ ուսանողների հետ: Ովքեր առաջին անգամ էին եկել Արցախ, վստահեցնում են, որ նորից են գալու: Ռուսաց բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Էմմա Միքայելյանը, որը նաև լավ էր պարում, զինվորականի դուստր է: Հայրը՝ փոխգնդապետ Արտյոմ Միքայելյանը, Սիսիանի ջոկատի ազատամարտիկներից է, այժմ ծառայում է ՀՀ ՊՆ համակարգում: Հպարտ է ազատամարտիկի դուստրը, որ այսօր գտնվում է հոր և նրա մարտական ընկերների ազատագրած հողում և իր դասախոսների, ընկերների հետ ազգային հերոսին նվիրված պուրակի կայացման մասնակիցն է: Երեկոյան համալսարանականներն ուղևորվեցին Երևան՝ տանելով բազում տպավորություններ, շնորհակալություն հայտնելով հողը պահող արցախցիներին:
Զոհրաբ Ըռքոյան