Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է ծառերի էտի աշխատանքները: Ըստ այդմ արդեն իսկ էտվել է շուրջ 5000 ծառ: Քաղաքապետը հանձնարարել է մեկ անգամ ևս գույքագրել քաղաքացիների կողմից ներկայացված այն հասցեները, որոնցում ևս առկա են էտման անհրաժեշտություն ունեցող ծառեր և այդ ուղղությամբ ևս ձեռնարկել համապատասխան աշխատանքներ:
Զեկուցվել է նաև, որ նոյեմբերի 14-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի պատշաճ կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Հստակեցված են բոլոր տարածքները, ձեռք են բերվել անհրաժեշտ քանակությամբ տնկիներ և պարագաներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է գույքագրել նաև բոլոր այն տարածքները, որտեղ ամառային շոգերի պատճառով արձանագրվել էին հրդեհների դեպքեր և այդ տարածքները նույնպես նախապատրաստել ծառատունկ իրականացնելու համար:
Երևանի քաղաքապետարան