ՀՀ կառավարության հովանու ներքո Հայաստանի զարգացման հիմնադրամը Թեհրանում կազմակերպել է Հայաստան-Իրան գործարար համաժողովը, որն այսօր մեկնարկել է ԻԻՀ առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում: Համաժողովին մասնակցում են ավելի քան 200 իրանցի և շուրջ 70 հայաստանցի գործարարներ: Ակնկալվում է նաև հայ համայնքի ակտիվ ներգրավվածությունը:
Արտահանումները խթանելու նպատակով երկու երկրների արտահանման ապահովագրության գործակալությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Համաժողովին մասնակցելու նպատակով Թեհրան մեկնած՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ղեկավարած պատվիրակության կազմում է նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: Տարածաշրջանային խաչմերուկներում համագործակցության ուղիների շուրջ նիստի շրջանակում, որը կվարի Արման Խաչատրյանը, կներկայացվեն Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի առևտրային ռեժիմները, կքննարկվեն Մետաքսի ճանապարհի նախագծի շրջանակում համագործակցության եզրերը և ներդրումային հարցեր:
Նախատեսված է առանձին նիստ՝ Հայաստանում և Իրանում բիզնեսի ծավալման դյուրինության պայմանների վերաբերյալ: Կներկայացվի մեր երկրի ներդրումային միջավայրը, ներդրումների և արտահանումների հարկային, լիցենզիաների տրամադրման, բիզնեսի և սեփականության իրավունքի գրանցման պայմանները:
Կարդացեք նաև
Նախատեսված են երկկողմ հանդիպումներ տարբեր ոլորտները ներկայացնող գործարարների միջև:
«Այս համաժողովի նպատակն է դիտարկել ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլ նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ առևտրա-տնտեսական հարաբերությունների ակտիվացումը, որի համար Հայաստանն արդյունավետ կամուրջ կդառնա դեպի Իրան»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն