Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալահայերը մեծ դժվարությամբ թղթին են հանձնել ցեղասպանության արհավիրքները (Տեսանյութ)

Նոյեմբեր 09,2015 15:39

Երեւանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ Վենետիկի համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Սոնա Հարությունյանի դասախոսությունը, որի ընթացքում նա ներկայացրեց վերջերս ԵՊՀ հրատարակած «Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» գիրքը: Ուսումնասիրության մեջ հեղինակն անդրադառնում է Իտալիայում Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված հուշագրություններին եւ գեղարվեստական գրականությանը: «Նման ուսումնասիրություն առաջին անգամ է կատարվել, մանրամասն անդրադարձել եմ հուշագրություններին եւ այն հանգամանքին, թե ինչպիսի կարեւոր նշանակություն են դրանք ունեցել գեղարվեստական գրականության ստեղծման համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սոնա Հարությունյանը:

dasaxos-2

Հետաքրքիր է, որ ցեղասպանությունից փրկվածներն Իտալիա են հասել 10-15 տարեկանում, մինչդեռ նրանց հուշագրություններն ի հայտ են եկել տասնամյակներ անց. «Այսինքն, նրանք պետք է հաղթահարեին հոգեբանական խոչընդոտները, որպեսզի կարողանային թղթին հանձնել այն արհավիրքները, որոնք տեսել էին կամ լսել փրկված հարազատներից»,-պատմեց Սոնա Հարությունյանը: Գրքի երկրորդ գլխում էլ նա անդրադարձել է հուշագրություններից ծնված գեղարվեստական գրականությանը: Ի դեպ, նա հայերեն է թարգմանել Անտոնի Արսլանի «Արտույտների ագարակը» եւ «Զմյուռնիայի ճանապարհը» վեպերը, Ալերամո Հերմետի «Հայերի Վենետիկը» գիրքը:

dasaxos_1

Հոկտեմբերի 20-ին Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի կենտրոնական պալատում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» գրքի շնորհանդեսը: Մոտ 300 հյուրեր բավականին տպավորված են եղել, առաջարկվել է գիրքը թարգմանել իտալերեն: Սոնա Հարությունյանի խոսքով՝ Իտալիայի գիտական հանրությունը հավասարակշռված մոտեցում է ցուցաբերում ցեղասպանության խնդրի հանդեպ. «Եթե նախկինում ուշադրություն էին դարձնում պատմական փաստերին, այսօր հաշվի են նստում նաեւ հուշագրությունների եւ դրանցից ծնված գրականության հետ»: Վենետիկի համալսարանի դասախոսն ասաց, որ շարունակելու է Հայոց ցեղասպանության թեմայով գրականության ուսումնասիրությունը:

Սոնա Հարությունյանը Մայր բուհում կդասախոսի նաեւ վաղը՝ «Հայերը եւ Վենետիկը» թեմայով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30