Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները քննադատեցին. «Ինձ համար ավելի նողկալի բան չկա, երբ տեսնում եմ, թե մեր քաղաքական գործիչները ինչպես են փորձում արդարացնել ՀԱՊԿ-ի գործունեությունը»

Նոյեմբեր 09,2015 15:10

«Պետական համալսարանում ցուցահանդես անցկացնելը դեռ հանրային իրազեկում չէ»,- այսօր «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. նոր նպատակներ եւ հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ ռեպլիկ նետեց ՀՀ ԱԺ ՆԱՏՕ-ի պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը: Նա միակ մարդը չէ, որ դժգոհ է ՆԱՏՕ-ՀՀ գործակցության հանրային իրազեկման արդյունավետությունից:

Իր ելույթում այդ հարցին անդրադարձավ նաեւ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Թեւան Պողոսյանը նաեւ նկատեց, որ 2016 թվականի ՀՀ բյուջեով ՀՀ կառավարությունը նախատեսել է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի համար հատկացվելիք գումարները: Ընդհանրապես, նա կարծում է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասով ՀՀ կառավարությունը լավագույնս կատարում է իր պարտավորությունները: Որոշ ծրագրեր միգուցե մի փոքր դանդաղեն, բայց չեն անտեսվում:

Tevan_Pogosyan_Elinar

Թեւան Պողոսյանը նաեւ նկատեց, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ երկու խաղաղապահ առաքելությունում է մասնակցում, ՀՀ-ն Մալիում էլ է մասնակցել եւ այլն, բայց ոչ ոք չի էլ հիշում, չի էլ խոսում այդ մասին. «Մինչդեռ, սա մեր ներդրումն է ու հավաստումը նրա, որ մենք միայն անվտանգության սպառող չենք, այլ նաեւ ներդրող»: Անդրադառնալով արդեն նաեւ քննարկման ընթացքում ՆԱՏՕ-ին ուղղված քննադատական տոնին`Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասով, պատգամավորը նկատեց. «Հայաստանի հետ ծրագրերում նաեւ Թուրքիայի վետոն կա, եթե չի դրել, ապա ճնշել են: Այս առումով, պետք է շնորհակալ լինենք ՆԱՏՕ-ին»:

Խաչատուր Քոքոբելյանն անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանում եւ շփման գծում վերջին շրջանում ընթացող ռազմական գործողություններին, որոնց արդյունքում խաղաղ բնակիչներ զոհվեցին. «Մենք ականատեսը եղանք, թե ինչպես են դրան լուռ համաձայնությամբ հետեւում ՀԱՊԿ-ի մեր գործընկերները: Ինձ համար ավելի նողկալի բան չկա, երբ տեսնում եմ, թե մեր քաղաքական գործիչները ինչպես են փորձում արդարացնել ՀԱՊԿ-ի գործունեությունը: Հասկանալի է, եթե դա անում են ռուս քաղաքական գործիչները»:

Պատգամավորի կարծիքով, նաեւ ՆԱՏՕ-ի մեր գործընկերները սրան պետք է ուշադրություն դարձնեն: «Զուտ համեմատության համար ուզում եմ որոշակի տվյալներ ներկայացնել: Շվեդական «Աշխարհի խնդիրների ուսումնասիրման միջազգային ինստիտուտի»(SIPRI) 2014թ–ին պատրաստած զեկույցի համաձայն, վերջին չորս տարիների ընթացքում(2009-2013թ.թ.) Ադրբեջանը զենքի ներկրման մակարդակով Եվրոպայում զիջում է միայն Մեծ Բրիտանիային, իսկ ահա ՄԱԿ-ի տվյալներով 2013թ. ընթացքում Ադրբեջանը զենքի ձեռքբերման համար ծախսել է շուրջ 1 մլրդ. 257 մլն ԱՄՆ դոլար: Շվեդական հետազոտական կառույցը փաստում է, որ Ադրբեջանը ռազմատեխնիկա գնում է հիմնականում 7 երկրներից` Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Իսրայել, Թուրքիա, Հարավային Աֆրիկա և ԱՄՆ: Նկատենք, սակայն, որ այս 7 երկրների շարքում առաջատարը Ռուսաստանն է` վերջին 4 տարիների ընթացքում Ադրբեջանի գնած ռազմատեխնիկայի 80 տոկոսը տրամադրել է ՌԴ-ն, իսկ երկրորդը Բելառուսն է, որի արտադրած ռազմատեխնիկայի գլխավոր գնորդը համարվում է Ադրբեջանը: Չենք մոռանում, որ այս երկրները ՀԱՊԿ անդամ են, ինչպես նաև ԵՏՄ անդամներ, որին ևս անդամակցում է ՀՀ-ն` իբրև թե անվտանգության նկատառումներից ելնելով»:

Այսպիսով, պատգամավորն արձանագրում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները չեն կատարում իրենց պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, ավելին` խախտելով ՀԱՊԿ կանոնադրությունը՝ զինում են ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանին: Իսկ այս ամենում գլխավոր դերակատարը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն է, որը բացի այն, որ խախտում է ՀԱՊԿ կանոնադրությունը, խախտում է նաև Հայ-ռուսական բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 3-րդ հոդվածը, որը մասնավորապես, սահմանում է, որ կողմերը պարտավորվում են համատեղ ձեռնարկել իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը վերացնելու համար:

«Ես ամենևին չեմ պնդում, թե մենք պետք է անհապաղ անդամակցենք այլ անվտանգության համակարգի` օրինակ` ՆԱՏՕ-ին, դա այս պահին այդքան էլ իրատեսական չէ, սակայն մենք պետք է հստակ գնահատենք մարտահրավերները, հստակեցնենք մեր նպատակները»,- ասաց նա հավելելով. որ դիտարկելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները եկել է այն համոզման, որ ՆԱՏՕ-ն Հայաստանը որպես առանձին յուրահատուկ միավոր չի դիտարկում, այլ Հայաստանի խնդիրները և մարտահրավերները դիտարկում է նույնական տարածաշրջանային խնդիրների շրջանակում. «Իհարկե, տարածաշրջանային խնդիրները վերաբերում են այս տարածաշրջանի բոլոր պետություններին, սակայն մեր տարածաշրջանում ստեղծվել է յուրահատուկ իրավիճակ: Մեր հարևան Վրաստանը շատ ակտիվորեն ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, և հստակ է, որ ընտրել է եվրոաասոցացման ուղին, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Հայաստանը ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ է, իսկ Ադրբեջանը չի անդամակցում նշյալ կառույցներից և ոչ մեկին: Այս պարագայում, հստակ է, որ մեր տարածաշրջանի խնդիրները պետք է դիտարկվեն առանձին և յուրահատուկ մոտեցմամբ, իսկ Հայաստանն է պետք է դիտարկել իր բոլոր առանձնահատկություններով և խնդիրներով հանդերձ: Այստեղ, կարծում եմ, այն դեպքն է, որ միասնական ստանդարտները չեն գործում: Երբ թե՛ Հայաստանը, թե՛ ՆԱՏՕ-ի մեր գործընկերները հաշվի առնեն վերոնշյալ խնդիրը, կարծում եմ, հարաբերությունների զարգացման առումով առաջընթաց կգրանցենք»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30