Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Հազարամյակների մարտահրավեր ծրագրից ակնկալիքներ չկան»

Նոյեմբեր 09,2015 14:55

Տարածաշրջանային խնդիրների շուրջ Aravot.am-ը զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանի հետ:

-Տարածաշրջանում վերջին տարիներին կրկին նկատելի է ռուս-ամերիկյան աշխարհաքաղաքական մրցակցության ակտիվացումը: Ինչպե՞ս կարող է Հայաստանը այս իրավիճակում լիարժեք հարաբերություններ կառուցել կողմերի հետ: Կարո՞ղ ենք, արդյոք, խուսանավել այդ հակամարտության բացասական հետևանքներից:

-Փոքր պետությունների մշտական դժվարություններից մեկն արտաքին ընտրության հարցն է: Խոսքը հատկապես վերաբերում է այն պետություններին, որոնք գտնվում են աշխարհաքաղաքական մրցակցության կիզակետում: Ցավոք, Հայաստանի դեպքում նման ընտրությունը ոչ միայն տնտեսական բարեկեցության, այլև ֆիզիկական անվտանգության հարց է: Այդ իսկ պատճառով, պաշտոնական Երևանը մշտապես փորձել է հավասարաչափ բարիդրացիական հարաբերություններ պահպանել միջազգային ուժի բոլոր կենտրոնների հետ: Այո, Հայաստանը այսօր Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ անդամ պետություն է, այնուամենայնիվ, մենք գործուն մասնակցություն ենք բերում նաև միջազգային անվտանգության համակարգի ձևավորման գործում: Եվ այդ ընթացքում հիանալի համագործակցում ենք թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպայի, թե՛ ՆԱՏՕ-ի հետ: Սա շատ կարևոր է մեր երկրի համար: Իհարկե, Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական մրցակցության բոլոր բացասական հետևանքներից խուսափել հնարավոր չէ, բայց կարելի է հնարավոր վնասները հասցնել մինիմումի: Կարծում եմ՝ պաշտոնական Երևանին դա հաջողվում է անել:

-ԱՄՆ կառավարության կողմից հովանավորվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք համապատասխանում են ծրագրի շրջանակներում օժանդակություն ստանալու չափանիշներին: Հայաստանը այդ ցուցակում է: Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է, արդյոք, սպասել, որ այս տարի մեր երկիրը կստանա ԱՄՆ կառավարության աջակցությունը:

-«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը ամեն տարի նման ցուցակ է հրապարակում: Անցյալ տարվա տեղեկությունների համաձայն, Հայաստանը կրկին համապատասխանում էր օժանդակություն ստանալու համար անհրաժեշտ չափանիշներին, սակայն, ինչպես գիտենք, ԱՄՆ կառավարությունն այն ժամանակ հարկ չհամարեց ծրագրի շրջանակներում օգնել մեր երկրին: Կարծում եմ՝ խնդիրը զուտ քաղաքական է՝ Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը, որը դարձավ Վաշինգտոնի նման որոշման պատճառ: Սպասել, որ «Հազարամյակի մարտահրավերներ»-ը կվերսկսեն Հայաստանի հետ կապված ծրագրերի ֆինանսավորումն այս տարի, կրկին խորհուրդ չէի տա: Ցավոք սրտի, նման ծրագրերը կոչված են ավելի քաղաքական, քան տնտեսական խնդիրների լուծմանը: Կարծում եմ՝ ԱՄՆ կառավարությունից այդ ծրագրի շրջանակում օժանդակություն ստանալու համար Հայաստանի իշխանությունները դեռևս շատ գործ ունեն անելու:

-Շատերի մոտ հաճախ հարց է առաջանում, թե իրականում ի՞նչ տեղ և նշանակություն ունի Հայաստանը գերտերությունների աշխարհաքաղաքական մարտավարությունում: Հնարավո՞ր է, արդյոք, մի քանի բառով նշմարել մեր երկրի նշանակությունը ԱՄՆ և Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունում:

-Հարցին լիարժեք պատասխանելու համար մի ամբողջ գիտական հետազոտության կարիք կա: Բայց եթե կարճ, ապա պետք է ասել, որ Հայաստանն այսօր հանդիսանում է տարածաշրջանային անվտանգությունն ապահովող հիմնական գործոններից մեկը: Եթե չասենք՝ ամենակարևորը: Իսկ Հարավային Կովկասի կայունությունն ու կանխատեսելիությունը թե՛ Ռուսաստանի և թե՛ Միացյալ Նահանգների ստրատեգիական շահն է: Իհարկե, նրանցից յուրաքանչյուրը այդ խնդրին մոտենում է տարբեր դիտակետից, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում: Այս հարցում կարևորն այն է, որպեսզի պաշտոնական Երևանը մինչև վերջ հասկանա իր հնարավորությունների սահմաններն ու անվտանգության տեսակետից միջազգային հանրությանը մատուցվող ծառայությունների արժեքը: Այնժամ միայն հնարավոր կլինի լիարժեք հարաբերություններ կառուցել Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի և մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահ հետապնդող այլ երկրների հետ:

Զրույցը`Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30