Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրճը, թեյը, կակաոն թանկացել են, միսը, ձուկն ու ձուն` էժանացել

Նոյեմբեր 09,2015 14:50

Հացամթերքը, սուրճը, թեյը, կակաոն, կաթնամթերքը, հրուշակեղենը, ոգելից եւ ոչ ոգելից խմիչքը թանկացել են: Այսօր «Հենարան» ակումբում նախորդ տարվա հոկտեմբերի գները համեմատելով այս տարվա հոկտեմբերի գների հետ՝ ասաց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ այս տարի էժանացել է մսամթերքը, ձկնամթերքը, ձուն, կարտոֆիլը, կաղամբը: Հացամթերքը 5,2 տոկոսով է թանկացել, սուրճը, թեյը, կակաոն` 12,4 տոկոսով, 14,1 տոկոսով էլ ավելացել են հրուշակեղենի գները: Ոչ ոգելից խմիչքը՝ 6 տոկոսով, կաթնամթերքը՝ 2,9 տոկոսով: Միսը, ձկնամթերքը, ձուն էժանացել են 20 տոկոսով: 2 տոկոս գնանկում էլ շաքարավազի շուկայում է արձանագրվել:

Պարոն Մարտիրոսյանի տվյալներով, ընդհանուր առմամբ, նախորդ տարվա հոկտեմբերին այս տարվա հոկտեմբերի համեմատությամբ 1,9 տոկոսով գնաճ է եղել:

Գուրգեն Մարտիրոսյանն ասաց, որ նկատելի գնաճ եղել է այս տարվա հունվարին` 2,5 տոկոս: Փետրվարին, հունիսին եւ հուլիսին գներն իջել են: Սակայն օգոստոսին եւ սեպտեմբերին կրկին գնաճ է արձանագրվել` 0,1 տոկոս: Այս տարվա հոկտեմբերին պարենային ապրանքները թանկացել են 1,6 տոկոսով, ոչ պարենայինը` 1 տոկոսով, ծառայությունների գնաճը կազմել է 0,1:

Ազգային վիճակագրության մասնագետն ասաց, որ հիմնական գնաճը տեղի է ունենում ոչ պարենային ապրանքների թանկացման հաշվին` 5,8 տոկոսով:

2015 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, կարտոֆիլի գինը նվազել է 12,8 տոկոսով, խաղողի գինն իջել է 32 տոկոսով, խնձորը` 28 տոկոսով, տանձինը` 31 տոկոսով: Էժանացել է նաեւ ձմերուկը, նուռը` 18 տոկոսով, լոլիկը 20 տոկոսով է էժանացել, գլուխ սոխը` 18 տոկոսով, կանաչ լոբին` 34 տոկոսով, բանանը` 2,3 տոկոսով, սխտորը` 8,3 տոկոսով: Նախորդ տարվա համեմատությամբ դեղձի գինը բարձրացել է 23,7 տոկոսով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30