«ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, թեև արդեն իսկ գտնվում է բարձր մակարդակի վրա, սակայն կարծում ենք, որ փոփոխվող անվտանգության միջավայրում այն ունի զարգացման դեռևս չօգտագործված ներուժ»,- կարծում է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ, ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական Արա Մեսրոբյանը: Իր կարծիքը նա բարձրաձայնեց այսօր, «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. նոր նպատակներ եւ հեռանկարներ» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ:
Միաժամանակ, ՀՀ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը չի մոռանում, որ ՆԱՏՕ-ՀՀ 20 ամյա համագործակցությունը բավական արդյունքներ է գրանցել, մանավանդ, ՀՀ-ի պաշտպանունակության բարձրացման առումով:
Ըստ ՊՆ պաշտոնյայի, տարածաշրջանային անվտանգության և թափանցիկության առումով ՆԱՏՕ-ի կառուցողական դերակատարությունը լուրջ խոչընդոտների հանդիպեց 2012 թվականից. «Բացառությամբ` հայ-վրացական պաշտպանական համագործակցության զարգացման: Մնացած բոլոր ուղղություններով ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող տարածաշրջանային ծրագրերն անհաջողության մատնվեցին, հատկապես, Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության և մոտ 10 տարի տարբեր առիթներով ԳՀԽ շրջանակներում այդ երկրի ղեկավարության կողմից իրականացված տարատեսակ բացասական ելևեջներով մեկուսացման, ստի ու ատելության քարոզչության պատճառով»:
Արդյունքում, ըստ նրա, առաջ է եկել ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը անվտանգության նոր միջավայրին համապատասխանեցնելու անհրաժեշտություն: «Ուելսի գագաթնաժողովը չտվեց բոլոր հարցերի պատասխանները և այս առումով Վարշավայի գագաթնաժողովը կարող է լրացուցիչ ճշգրտումներ մտցնել գործընկերության ընդհանրապես, ու Հարավային Կովկասին մասնավորապես, առնչվող քաղաքականության մեջ: Գագաթնաժողովի արդյունքում ընդունվելիք հռչակագիրը ինչ-որ առումով կարող է վճռորոշ լինել, մասնավորապես, այն կարող է ընդգծել ՆԱՏՕ-ի վերջնանպատակը թե գլոբալ, թե տարածաշրջանային առումով: Զերծ մնա արդեն տասը տարի հռչակագրի տեքսում կրկնվող Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, և Մոլդովայի անկախության, տարածքային ամբողջականության և սուվերենության աջակցության ու սառեցված հակամարտությունների վերաբերյալ ընդհանրացված ու ոչինչ չասող ձևակերպումներից»,- ասաց Արա Մեսրոբյանը:
Կարդացեք նաև
Նրա պնդմամբ, պետք է մոտեցումներն ավելի հասցեական լինեն, մանավանդ, որ տարածաշրջանի երեք երկրները զարգացման տարբեր ուղղություններ են ընտրել: Այս պարագայում, միայն տարբերակված մոտեցումները հնարավորություն կտան ավելի սերտացնել հարաբերությունները:
Իրենց ելույթներում, հարցերում եւ դիտարկումներում այս խնդիրներին անդրադարձան նաեւ ԱԺ պատգամավորներ, ՆԱՏՕ-ի պատվիրակության անդամներ Կորյուն Նահապետյանը, Թեւան Պողոսյանը, ինչպես նաեւ Խաչատուր Քոքոբելյանը:
ՆԱՏՕ-ի միջազգային աշխատակազմի քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության բաժնի վարիչ Շտեֆեն Էլգերսմանն արձագանքելով ՀՀ պաշտպանական գերատեսչության ներկայացուցչի ելույթին եւ պատգամավորների հարցերին, ասաց, որ ինքն էլ է կողմնակից, որ Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական երկխոսությունը ավելի խթանվի: Նա կողմ է, որ ՆԱՏՕ-ի կողմից ավելի շատ ռեսուրսների ներդրումը խթանվի, բայց արդարացի չի համարում սա ներկայացնել թե Հայաստանը բավականաչափ ներգրավված չէ այդ համագործակցություններում: «Ամեն տարի Հայաստանը 1500 գործողություններից միանում է նրանց, որին ընտրում է: Դրանց մասնակցում են տարբեր գերատեսչություններից, հիմնականում պետական: Նաեւ`քաղաքացիական հասարակությունից: Այդ մասնակցությունը սուբսիդավորվում է, Հայաստանի քաղծառայողների վերապատրաստման ծրագրի համար մի կողմ ենք դրել միջոցներ եւ այլն»:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասով, ՆԱՏՕ-ի պաշտոնյան չի վիճում. «Այնքան էլ կուռ չի մեր դիրքորոշումը: Ավելի մեծ դեր պիտի հատկացնենք: Ընդհանրական`դրանց նորմալացումը մեծ օգուտ կբերի տարածաշրջանին, բայց չեմ տեսնում, որ ՆԱՏՕ-ն այդ հարցում առաջնագծում կլինի: Նախկինում ԱՄՆ-ն էր ու Շվեյցարիան: Թուրքիայի նոր կառավարության պարագայում չեմ տեսնում նոր ծրագրեր»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ