Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոնյաների մեծ մասը գիշերը չեն կարողանում քնեն». Գագիկ Խաչատրյանը՝ դժվար կյանքի մասին

Նոյեմբեր 09,2015 15:35

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեց, որ կյանքը մյուս տարի դժվարանալու է:

Լրագրողներն այս առնչությամբ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է դա բացատրում: Նա պատասխանեց. «Սոցապնախարարը, նաեւ մենք էլ, տեսնում եւ հասկանում ենք այն իրողությունները համաշխարհային ճգնաժամի պայմաններում, այն իրողությունները, որոնք իրոք տնտեսության վիճակը բարդացնում են, բնականաբար ֆինանսական հոսքերը կրճատվելու են եւ պրոբլեմներ, դժվարություններ են լինելու: Եթե կան դժվարություններ, ուրեմն կյանքը որոշ հատվածում կդժվարանա»:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ պաշտոնյաների կյանքը չի դժվարանում, միայն հասարակ ժողովրդի կյանքն է վատանում՝ նախարարը պատասխանեց. «Ինչի՞ է ձեզ թվում, թե պաշտոնյաների կյանքը չի վատանում: Պաշտոնյաների մեծ մասը գիշերը չեն կարողանում քնեն»:

Լրագրողները ճշտեցին՝ գումարնե՞րն են իրենց հաշվում՝ Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Չէ, իրանց գումարները հաշվողներ կան, եթե կուզես: Եթե պետական պաշտոնյան մտածում է, որ իր պաշտոնը վայելքի համար է, բնականաբար, կհաշվի իր գումարները, բայց եթե պետական պաշտոնյան անհանգստանում է գործի համար, ինքն էլ հայտնվում է վատ վիճակում»:

Հարցին՝ Ձեր կարծիքով, նախարարը, որն ասում է, որ կյանքը վատանալու է, չպե՞տք է հրաժարական տա՝ նախարարը պատասխանեց. «Ամեն օր կարող են հրաժարական տալ՝ եթե ձեր լոգիկայում շարժվեն: Աշխարհում կառավարությունները, առավել եւս ներկա պայմաններում, երբ կան սոցցանցեր, որտեղ ժողովուրդն ամեն ինչի մասին իմանում է, բնականաբար, կյանքը բարդանում է: Եվ կառավարությունը նրա համար է, որ այնքան շատ գործեր անեն, որ կարողանան այդ ռիսկերը թուլացնեն: Բնական պրոցես է, ոչ միայն մեզ մոտ է, այլեւ ամբողջ աշխարհում»:

Aravot.am-ի հարցին՝ հակասություն չկա՞, որ մի կողմից աղքատ բնակչություն ունենք եւ բավականին ճոխ, շքեղ առանձնատներ են կառուցվում մեր աչքի առաջ, ծառայողական շքեղ մեքենաներ, գործուղումներ՝ Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Տրամաբանություն կա, եթե ուշադիր հետեւեք, մենք ոչ թե հիմա, հունվար ամսից կրճատումներ ենք անում, մոտ մլրդ ֆինանսների նախարարությունում կրճատել ենք: Եթե մի ծառայող ունի արդեն հնուց եկած մեքենա, վերցնելը շատ դժվար է: Բավականին տրանսպորտային միջոցներ ենք կրճատում, ծախսային հոդվածներ: Դա մի օրում հնարավոր չի, որ ֆինանսների նախարարությունն ասի՝ այս ծախսը կրճատում եմ: Ինքը պետք է ռեֆորմ կատարի, բարեփոխումներ, նույնիսկ մեկ տարում հնարավոր չի դա անել: Մենք 1 տարվա ընթացքում 54 տեսչություններից թողեցինք 27-ը, բազմաթիվ ծառայողներ կրճատեցինք, հիմա այդ գործընթացը շարունակվում է: Երբ ֆինանսների նախարարությունը կազմավորվում էր, դուք մեզ քննադատում էիք, որ մարդիկ դուրս են մնում, կրճատումներ եք անում: Բա պետք է կրճատումներ էլ լինեն, ե՛ւ տրանսպորտային միջոցների եւ տարբեր կրճատումներ»:

Նախարարն ասաց, որ եթե կյանքը վատանում է, բնականաբար, պետք է կրճատումներ լինեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30