Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անդրադարձավ Տուլայի վթարին:
Նա ասաց, որ այսօր Տուլայի շրջանի հիվանդանոցներում մնացել է Երեւան-Մոսկվա ավտոբուսի վթարից տուժած 11 հիվանդ. «Մեկի վիճակը ծանր է»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ով է պատասխանատվություն կրելու դրա համար, որովհետեւ պարզվեց, որ այդ ավտոբուսը պատկանում է «Քինգ դե լյուքսին»:
Նախարարը պատասխանեց. «Այսօր գործող օրենքով այդ մեքենան ու այդ վարորդը ընդհանրապես այսօր իրենք օրենքի մեջ են գտնվում, եւ քննության վերջում կոնկրետ պարզ կլինի պատասխանատվությունն ում վրա է ընկնում: Կարող եմ հստակ ասել, որ պետությունն այս վթարի հետ կապված միայն մարդկային պատասխանատվություն ունի: Այսինքն՝ մենք որպես պետություն, անպայման պետք է մեր համաքաղաքացիներին օգնենք, հասնենք իրենց դժվար պահին՝ որպես լավ պետություն, իսկ քննությունից հետո պարզ կլինի, թե կոնկրետ պատասխանատվություն ով կկրի: Համենայնդեպս, դա պետությունը չէ»:
Կարդացեք նաև
Թե որքան են փոխհատուցելու տուժածներին՝ Գագիկ Բեգլարյանն ասաց, որ երեւի մահացածների ընտանիքներին 1 մլն դրամից ավելի կփոխհատուցեն, իսկ տուժածներին՝ մինչեւ 1 մլն:
Ստեղծված հանձնաժողովն այսօր նիստ կհրավիրի եւ փոխհատուցումների չափն ավելի կոնկրետ պարզ կլինի այդ նիստում:
«Բոլոր այն ծախսերը՝ տեղափոխման, արարողության, կառավարությունը նույնպես վերցրել է իր վրա»:
Նախարարը պատմեց, որ այս օրերին ՌԴ-ում ապշած են Տուլայի հայերի վերաբերմունքից՝ տուժածների նկատմամբ: Այնտեղ հիվանդանոցներում տուժածներին իրենց հարազատի պես խնամում են, հոգ են տանում, Տուլայի կենտրոնում երկու հյուրանոցները, որոնք պատկանում են հայազգի գործարարների, բոլոր հայերին սպասարկում են անվճար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ