Կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ եւ «Եռանկյունի» հաղորդման վարող Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում արել է հետեւյալ գրառումը. «Ծանոթացա ԵՌԱՆԿՅՈՒՆԻ հեռուստահաղորդման մասին այսօր հնչած տարբեր կարծիքներին, այդ թվում՝ ՀԱԿ-ի հայտարարությանը:
Շնորհակալ եմ նման ուշադրության, հետաքրքրվածության և ծրագիրը հանրային քննարկումների կենտրոնում պահելու ու գովազդի համար:
ՀԱԿ-ի հայտարարության մեջ մի շատ կարևոր թյուրըմբռնում կար: Հաղորդաշարը ստեղծված չէ հատուկ սահմանադրական հանրաքվեի քարոզչությունն ու լուսաբանումը ապահովելու նպատակով: Սահմանադրության քարոզչության համար կան բազմաթիվ հատուկ նախատեսված այլ հարթակներ:
Մեր հաղորդման ընթացքում մենք անդրադառնալու ենք տարբեր արդիական խնդիրների՝ ներքին և արտաքին քաղաքականություն, տարածաշրջան, ոլորտային հիմնահարցեր և այլն: Իհարկե, հաշվի առնելով հարցի կարևորությունը, այս փուլում հաղորդումների մի մասը նվիրվելու է սահմանադրական հանրաքվեին:
Կարդացեք նաև
Կարող եք մտածել, որ առաջին հաղորդման ընթացքում ես մի փոքր խախտել եմ հավասարությունը, բայց ընդունեք նաև, որ այդ դեպքում ՈՉ-ի ճակատի ներկայացուցիչը ավելի երկար եթերաժամանակ ունեցավ:
Ի դեպ, հաղորդման մասնակցության հրավերներ ուղղվելու են տարբեր քաղաքական ուժերին, այդ թվում՝ ՀԱԿ-ին: Անհամբեր կսպասեմ ՀԱԿ-ի ղեկավարներին մեր տաղավարում, կտամ ուղիղ հարցեր և կլսեմ իրենց տեսակետները:
Նորից շնորհակալ եմ այս համակ ուշադրության համար:
Մնացեք մեզ հետ»: