Դրա ձգտումը որքան օգտակար է, այնքան վնասակար
Մանկուց մենք սովոր ենք, որ կան «գերազանցիկներ», «հարվածայիններ», կան «միջակություններ» եւ կան նաեւ «ծույլիկ անբաններ»: Ծնողներն իրենց զավակների մասին ասում են՝ «տղաս դասարանում առաջին աշակերտն է», կամ հորդորում են իրենց երեխաներին՝ դու պետք է առաջինը լինես, ոչ մեկից պակասը չես: Հետագա կյանքում նույնպես հասարակությունը պահանջում է կամ, համենայնդեպս, խրախոսում է «առաջին տեղեր» զբաղեցնողներին: «Ֆորբսի» տվյալներով՝ առաջին տեղում Ջոնն է՝ այսքան միլիարդով, հետո գալիս է Ջեքը՝ այսքան միլիարդով: Կամ top-ten ռաբիսի համաձայն՝ այսինչը գլխավոր ռաբիսն է, իսկ այնինչը՝ «վիցե-ռաբիսը»: Կամ, որը նույնն է, շեֆն ինձ ամենաշատն է գնահատում, աղջիկներն ինձ բոլորից շատ են սիրում, ես քաղաքում առաջին մարդն էի, որ «կադիլակ» էր քշում:
Մինչդեռ միշտ, բոլոր պարագաներում առաջինը լինելու ձգտումը որքան երբեմն օգտակար է մոտիվացիայի առումով, այնքան վնասակար: Բացի նրանից, որ այդ «նպատակասլացությունը» կարող է ի վերջո բերել մրցակիցների գլուխները ջարդելով առաջնություն նվաճելու մոլուցքի, կա մեկ այլ՝ արտաքուստ ավելի քիչ նկատվող վտանգ: Եթե դու մտնում ես այդ մրցավազքի մեջ, ապա չափից դուրս վախենում ես սխալվելուց եւ որպես դրա անխուսափելի հետեւանք՝ գնում ես տրորված ճանապարհով, դիմում ես փորձված մեթոդների, որոնք իբր քեզ բերելու են «ապահովագրված հաղթանակ»: Ստեղծագործական միտքն այդպիսով կանգ է առնում: «Համահարթեցվում է» նաեւ անհատականությունը: Եթե հայտարարվում է կապիկների՝ առաջինը ծառ բարձրանալու ու բանան քաղելու մրցույթ, իսկ դու ձուկ ես կամ ուղտ, ապա դու այդ մրցույթին չես կարող մասնակցել: Մրցելու եւ հաղթելու համար դու պարտավոր ես կապիկ լինել:
«Եվ ահա այսպես շատերը, որ հիմա վերջինն են, կլինեն առաջինը, շատերն էլ, որ առաջինն են, կլինեն վերջինը» (Ղուկաս, 13,30): Ի հեճուկս որոշ մեկնաբանությունների՝ խոսքն այստեղ սոցիալական ռեւանշի մասին չէ, երբ «պազի» վարորդը դառնում է միլիոնատեր, իսկ մնացած վարորդները եւ «նրանց հավասարեցված անձինք» այդ միլիոնատիրոջն անիծում են: Խոսքն, իմ կարծիքով, ավելի նուրբ խնդրի մասին է՝ արդյոք ճի՞շտ է ամեն ժամ եւ ամենուր փորձել առաջինը լինել: Ըստ երեւույթին՝ ոչ, որովհետեւ այդ մրցավազքում առաջին պարգեւները, մրցանակներն անհամեմատելի են հոգեւոր պարգեւների հետ: Հիսուսը դա էր փորձում բացատրել իր համաքաղաքացիներին, բայց նրան, մեղմ ասած, սխալ հասկացան:
Քրիստոնեական ուսմունքին հակառակ՝ արեւմտյան մշակույթը, որի ներկայացուցիչներն ենք նաեւ մենք՝ հայերս, ձեւավորել է կարծրապիեր, որոնցից մեկը հնչում է այսպես՝ կյանքը գոյատեւման պայքար է, որտեղ հաղթում է եւ շարունակում է գոյատեւել ուժեղագույնը: 19-րդ դարի գիտությունն ու մասնավորապես դարվինիզմը կարծես թե հաստատում էին այդ թեզը: Եվ այդ մշակույթը ներկայացնող բոլոր ծնողներն ու ուսուցիչները դրան համապատասխան ցուցումներ են տալիս հաջորդ սերունդներին. «Էս դարում, ջահել ջան, դու պիտի քո ճամփեն դեպի վերեւեները արմունկներով մաքրես»: «Էս դարը» տեւում է արդեն առնվազն 25 դար: Այդ գիտությամբ «զինված» մարդիկ, ազգեր, պետություններ իրար ոչնչացնում են, եւ Երկրագնդի վրա կյանքը վերջնականապես չի դադարել ոչ թե այն պատճառով, որ բոլորը ձգտում էին առաջինը դառնալ, այլ ճիշտ հակառակ պատճառով: Ինչպես գրում է բրիտանացի մարդաբան Էշլի Մոնթագուն՝ «շատերն ասում են, որ մարդկությունը գոյատեւում է մրցակցության շնորհիվ: Բայց մարդկությունը գոյատեւում է, որովհետեւ այդ մրցակցող հանրության որոշ անդամներ համագործակցել են»:
…Կան ոլորտներ, որտեղ իրոք արժե առաջինը լինել: Ենթադրենք, դուք վիճել եք ձեր ընկերոջ կամ կնոջ հետ, բայց երկուսդ էլ կարծում եք, որ արդեն ժամանակն է «բարիշելու»: Սակայն երկուսդ էլ մտածում եք՝ թող դիմացինս հաշտվելու առաջին քայլն անի, որվհետեւ ես ճիշտ էի, իսկ դիմացինս՝ սխալ: Ահա այստեղ արժե առաջինը լինել: Երբ հաշմանդամը նստած է գետնին եւ ողորմություն է խնդրում, իսկ բոլորը շտապում ու անցնում են անտարբեր, պետք չէ շտապել եւ գլուխը ծանրաբեռնել «մուրացկանների մաֆիայի» մասին խոհերով: Պարզապես պետք է դանդաղեցնել քայլերը եւ տալ այդ մարդուն քո կոպեկը՝ ոչ մի դեպքում չսպասելով, որ նա շնորհակալություն հայտնի: Այստեղ նույնպես արժե շտապող ամբոխից առաջինը առանձնանալ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.11..2015
Կարեւորը ոչ թե առաջինը լինել խաղի մեջ, այլ առաջինը լինել խաղի կանոններ ստեղծելու, այն ուրիշներին պարտադրելու ու փոփոխելու մեջ:
Ասենք մեկը քաղաքակիրթ մարդ է եւ գնում է անտառ, որտեղ լիքը ոչ քաղաքակիրթ գայլեր կան: Կա երեք տարբերակ՝ Ա գայլերը նրան կծոտում են կամ ուտում, իսկ սա բողոքում ու պահանջում է իր հանդեպ քաղաքակիրթ վերաբերմունք, Բ այդ մեկը հասկանում է, որ սեփական կանոնադրությամբ ուրիշի մենաստանը չեն մտնում ու անտառ չի մտնում եւ Գ գայլերին ստիպում է ընդունել իր քաղաքակիրթ կանոնադրությունը ու եթե նրանք ավելի քաղաքակիրթ դառնան քան ինքն է, այստեղ ոչ մի վատ բան չկա: Այսինքն՝ միայն քո քաղաքակիրթ լինելը արժեք չունի, եթե այն չես ստիպում քո թշնամուն ու շրջապատին: