Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Զուրաբյան. «Հլը մի բան էլ հատուկ հավաքած լսարան են բերում, որ ծափահարի Աշոտյան Արմենին»

Նոյեմբեր 09,2015 14:05

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար, «Ոչ» –ի ճակատի համատեղ շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հանրաքվեի լեգիտիմության առումով արդեն խախտումներ է նկատում: Անդրադառնալով ՀՀ իշխանությունների այն պնդումներին, թե «ոչ»-ի ճակատի համախոհները սակավաթիվ են, «Մեդիա կենտրոնում» «Սահմանադրական փոփոխությունների գործընթացը. սպասվող հանրաքվե» թեմայով քննարկմանը պարոն Զուրաբյանը հայտարարեց. «Իշխանությունը, որ մի քիչ ավելի ազնիվ լիներ, կընդուներ, որ մեր բանակն ամբողջ ժողովուրդն է, քանի որ Սերժ Սարգսյանին իշխանությունը ցմահ հանձնելուն այսօր դեմ է ողջ ժողովուրդը»:

Ըստ նրա իշխանության՝ ընտրակաշառքով կեղծարարություն անելն այլևս իրեն չի արդարացնում, քանի որ տնտեսական ճգնաժամային իրավիճակում իշխանության ռեսուրսներն էլ են նվազել, ուստի օգտագործելու է հետևյալ երկու միջոցները. «Բազմակի քվեարկողների շրջիկ խմբերը, որոնք պիտի հիմնականում կիրառվեն Երևանում ու Սյունիքում, քանի որ գյուղերում իրար ճանաչում են: Տեղամասում վերջին արձանագրությունը կեղծվում է, քանի որ վախեցնում ու կաշառում են բոլոր վերահսկողների. հնարավոր չէ, որ բոլոր տեղերում ռեմբոներ լինեն»:

Իշխանության մյուս պնդումներին, թե «ոչ»-ի հանրահավաքը սակավաթիվ էր, Լևոն Զուրաբյանն այսպես պատասխանեց. «Ոչ մի քաղաքական ուժ նման անձևի տակ այդքան մարդ չէր կարող հավաքել: Դա սակավամարդություն չէր»:

Ըստ պարոն Զուրաբյանի՝ ողջ քաղհասարակությունն է դեմ սահմանադրական փոփոխություններին, իսկ ՀՀԿ-ի հետ են այն «մանր-մունր հաճախորդները, որոնք գնացել ու սեղմել են Սերժ Սարգսյանի ձեռքը»:

Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց նաև, որ իրենց հաշվեհամարին այս պահին ունեն

մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամից ավելի գումար, իրենց հնարավորությունները բավականին թույլ են, բայց փորձում են ճեղքել այդ պատը:

Հարցին՝ նոյեմբերի 20-ի հանրահավաքին հնարավո՞ր է հարթակում հանրությունը տեսնի Լևոն Տեր- Պետրոսյանին, Լևոն Զուրաբյանը դա չբացառեց: «Ոչ»-ի համատեղ ճակատի շտաբի ղեկավարը նաև նկատեց, որ քարոզարշավն արդեն անցնում է խախտումներով, մասնավորապես հիշեցրեց Հանրայինի եթերում հեռարձակվող ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի վարած «Եռանկյունի» հաղորդաշարը ու հայտարարեց. «Հանրայինը փոխանակ բանավիճային ձևաչափ ձևավորեր, ստեղծել է մի հաղորդում, որտեղ վարողի դերում հայտնվում է տխրահռչակ մի մարդ, իշխող կուսակցության փոխնախագահը, գործող նախարար: Չգիտեմ՝ ի՞նչն է իրեն այնտեղ տարել, գուցե Բաղրամյան 26-ում ժողովրդի կողմից ցույց տրված վերաբերմունքից հետո փորձում է պատժե՞լ ժողովրդին: Գոնե ձևականությունները պահպանեին: Հլը մի բան էլ հատուկ հավաքած լսարան են բերում, որ ծափահարի Աշոտյան Արմենին: Հանրաքվեի լեգիտիմությունն են խախտում: Թող միանգամից Աշոտյանը գնար հանրաքվեի արդյունքները հաշվեր: Այնպես որ, եթե Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ խախտումների դեպքում պատրաստ են մեզ հետ պայքարել, ապա թող հաշվի առնեն արդեն այս խախտումը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30