Հրանտ Բագրատյանը՝ ատոմակայանի հրաշքի մասին
1995-ի նոյեմբերի 5-ին՝ սրանից ուղիղ 20 տարի առաջ, էներգետիկ սուր ճգնաժամի պայմաններում վերագործարկվեց Հայկական ատոմակայանը: Դա պատմական իրադարձություն էր, որը կենսական նշանակություն ուներ մեզ համար, եւ որին դեմ էր ամբողջ աշխարհը:
Թե ինչպես հաջողվեց ԹԹնՀ-440 առաջին սերնդի ռեակտորը վերագործարկել՝ հաշվի առնելով վտանգներն ու ռիսկերը, ինչ ճնշումների ենթարկվեց այն ժամանակ կառավարությունը, այս թեմայի շուրջ զրուցեցինք նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ:
Հայտնի է, որ 1989-ին ԽՍՀՄ մինիստրների սովետը այն նամակի հիման վրա, որով Սուրեն Հարությունյանը դիմել էր Ռիժկովին եւ ասել, թե ատոմակայանը գտնվում է երկրաբանական ճաքի վրա, որոշում կայացրեց դադարեցնել ատոմակայանի աշխատանքները:
Կարդացեք նաև
Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ «Այն երկիրը, որն ունի ատոմակայան, չեմ ասում ունի միջուկային զենք, բայց ունի միջուկային վտանգավոր թափոններ: Եվ, բնականաբար, մեր բոլոր հարեւանները պնդում էին, որ Հայաստանը դա չունենա: Դա միակ բանն է, որ Հայաստանն ունի՝ հարեւանները չունեն: Սա ես հասկանում էի, դրա համար ձեռնամուխ եղա վերագործարկման: Մեր ատոմակայանը, ի տարբերություն Չեռնոբիլի, ջրով է հովացվում: Հին ատոմակայանն ուներ ջրի հովացման 2 աղբյուր, մենք կառուցեցինք երրորդ աղբյուրը՝ ջրավազան: Առաջին անգամ կոմպյուտերային մոդելավորմամբ գտանք, որ եթե նույնիսկ ամենաբարդ իրավիճակը ստեղծվի, եւ սխալներ անենք, ինչպես Չեռնոբիլի դեպքում, ապա հայկական ատոմակայանը չի կարող պատճառել այնպիսի աղետ, ինչպես Չեռնոբիլինը»:
Լսելով ատոմակայանի վերագործարկման մասին՝ Հրանտ Բագրատյանին հրավիրել են Անգլիա՝ Եվրոբանկ. «Ինձ առաջարկեցին 100 մլն, ասացին՝ հրաժարվիր դրանից: Ես պատասխանեցի՝ մեզ կտաք 1.5 մլրդ դոլար՝ լավ իմանալով, որ Եվրոբանկը նման գումար չէր տա: Այն ժամանակվա 1.5 մլրդ-ը հիմիկվա 10 մլրդն է, այն թույլ կտար ամբողջ էներգետիկ համակարգը բարելավել: Բնականաբար, ասեցին՝ չենք տալիս, ես էլ ասեցի՝ այդ դեպքում մեզ ելք առաջարկեք՝ ինչպես ապրենք»:
Ֆինանսական սուղ պայմաններում կառավարությունը ՌԴ-ից վերցնում է 60 մլն ռուբլի վարկ: Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ «ՌԴ-ն այնքան բարի գտնվեց, որ երբ վերադարձնում էինք, ռուբլու կուրսն արդեն 5000 էր, 60 մլն դոլար ստացանք եւ սոսկ 12-ը վերադարձրինք: Լավ բանը պետք է նշենք»:
Թե որն էր ամենամեծ վտանգը ատոմակայանը վերագործարկելու՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Մեծ հարցական էր՝ արդյոք ռեակտորը պրոբլեմ չի՞ ունենալու: Պատկերացնո՞ւմ եք, մենք գտանք խորվաթական մի ընկերության, որը համաձայնեց մտնել առաջին կոնտուր եւ ստուգել ամեն ինչ: Թվում էր, թե ոչ մեկը չի անի դա: Ատոմակայանը գործարկելիս մենք գնում եւ տեսնում էինք, որ մի դետալ արտադրող գործարանն արդեն փակ է: Մեր պատվերի շնորհիվ մենք հավաքել ենք այդ գործարանները»:
Ատոմակայանի վերագործարկման համար լուրջ մասնագետներ են օրնիբուն աշխատել: Հանձնաժողովը գլխավորել է Հրանտ Բագրատյանը, տեղակալ Վիգեն Չիթեչյանը, աշխատել են էներգետիկայի մասնագետ, պետնախարար Սեպուհ Թաշչյանը, էներգետիկայի եւ վառելիքի նախարար Միրոն Շիշմանյանը, արդյունաբերության նախարար Աշոտ Սաֆարյանը:
Ատոմակայանի անձնակազմից պարոն Բագրատյանն առանձնացրեց Գագիկ Մակարյանին, Սուրեն Ազատյանին. «Դրա վրա լոււրջ աշխատել են նաեւ Ֆրիդրիխ Առաքելյանը, Վահրամ Պետրոսյանը, Ֆրանցիսկո Մուցցին, Ժակ Փանոսյանը»:
Ի դեպ, պարոն Բագրատյանի հիշատակած Ֆրիդրիխ Առաքելյանը, որը ղեկավարում էր «Ատոմէներգասեյսմանախագիծ» ինստիտուտը եւ գլխավորում էր ՀԱԷԿ-ի տարածքի սեյսմիկ վտանգի գնահատման աշխատանքները, հետո զրկվեց այդ ինստիտուտի տնօրենի պաշտոնից, իսկ ինստիտուտը բաժան-բաժան եղավ: Վերջին տարիներին պետական ուշադրությունից դուրս մնալով՝ այդ մասնագետները հեռացան երկրից:
Հրանտ Բագրատյանը կարծում է, որ պետական մակարդակով դեռ կլինեն դրվատանքի խոսքեր. «Այսօր ես, որպես ընդդիմություն, իշխանության հետ ատոմակայանի հարցով պրոբլեմներ չունեմ, որովհետեւ իրենք ուզում են սա պահպանել եւ նորը կառուցել: Իմ միակ խնդիրն այն է, որ ասում եմ՝ նորը պետք է կառուցած լինեին արդեն: Այսօր իշխանությունը կողմ է ատոմակայանին, նույնիսկ ուզում է երկարացնել շահագործման ժամկետը: Որպես մարդ, որը վերագործարկել է ատոմակայանը, ասում եմ, որ անվերջ չի կարելի այդ կառույցի կյանքը երկարացնել, ժամանակն է կառուցել նորը, քանի դեռ հինն աշխատում է: Առանց ատոմակայանի հնարավոր չէ ունենալ կայուն, հաստատուն էներգետիկա: Ատոմակայանը անվերջ կարող է աշխատել, բայց կա մեխանիզմ: Օրինակ՝ մետաղը հոգնում է, այն հավերժ չէ: Դրա համար ակնհայտ է, որ նորը պետք է կառուցել: Դրա հետ մեկտեղ, իհարկե, վիճակը ստուգվում է անընդհատ»:
Երբ եւ ինչ միջոցներով կարող են կառուցել նոր ատոմակայանը, ըստ պարոն Բագրատյանի՝ ատոմակայանի համար վարկ չեն տա. «Վարկը իրենք կարող են վերցնել ուրիշ բանի համար եւ նորը կառուցել այդ գումարով, մենք ո՞նց վերագործարկեցինք: Դա անհրաժեշտ է հավերժ եւ անդարդ էներգետիկա ունենալու համար»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.11..2015