Այսօր տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը 2016-ի բյուջեի քննարկման ժամանակ վիճեցին:
Որքան էլ հետո Վարդան Այվազյանը փորձեց շտկել իրավիճակը, ակնհայտ էր, որ Վարդան Այվազյանը վրդովվել էր, իսկ Գագիկ Բեգլարյանը՝ բարկացել:
Վարդան Այվազյանը նրան հարցրեց Բաթումիի տոմսի գներից. «Ինչի՞ց ելնելով է այս տարի բարձրացել ուղեւորափոխադրումների համար սուբսիդիայի քանակը: Տոմսի գինը բարձրացել է: Այն ժամանակ, երբ նստում գնում էին գնացքով մինչեւ Թբիլիսի կամ Բաթումի, ավելացել է: Հիմա ես ուզում եմ հասկանամ, գիտեմ, որ ձեր միջամտությամբ հլը իջեցրեք եք գինը, որովհետեւ իրենք չեն հիմնավորել: Ես ուզում եմ հասկանամ, չէ՞ որ այդ գումարը մենք պետական բյուջեից ենք տալիս»:
Գագիկ Բեգլարյանը արձագանքեց. «Մի՛ վրդովվեք»:
Կարդացեք նաև
Վարդան Այվազյանն էլ պատասխանեց. «Չեմ վրդովվում, հարց եմ տալիս: Ուզում եմ հասկանամ՝ էդ փողը՝ 524 մլն, ինչի՞ ենք տալիս մենք, պետք է փող տանք, ինչի՞ հիման վրա են էդ հաշվարկները ներկայացրել»:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը փորձեց միջամտել, որ պատասխանի հարցին՝ Գագիկ Բեգլարյանը թույլ չտվեց. «Ես ինքս կարող եմ պատասխանել, Վարդան Այվազյանը վրդովված է, թող հլը հարցը տա վերջացնի…»:
Գագիկ Բեգլարյանի խոսքերով՝ «Իրականում ըստ նախնական պայմանավորվածության եւ կոնցեսիոն պայմանագրի, ֆիքսվել է, որ ուղեւորափոխադրումների այսքան քանակի առնչությամբ, եթե մենք չենք ապահովում այսքան գումար, ապա ՀՀ-ի կողմից դա փոխհատուցվում է: Պայմանագիրը կնքվել է 2008-ին: Ես չգտեմ, դուք էդ ժամանակ ներկա եղե՞լ եք, պատգամավոր եղե՞լ եք, թե՞ չէ: Մենք օրենքի տառով պայմանագրի համաձայն վճարումները մինչեւ այսօր կատարում ենք ըստ այդ պայմանագրի: Եթե պայմանագրում կան սխալներ, որ մենք չենք իրականացնում՝ ասեք: Մենք միջամտում ենք, չենք թողնում, որ գները բարձրացնեն ոնց ուզեն: Գների հետ կապված բավականին լուրջ քննարկումներ ունեցանք, աուդիտ է նաեւ կատարվել, աուդիտի հետեւությունները ուղարկել ենք կառավարություն եւ ԱԺ: Ինչի՞ մասին է խոսքը, աշխատանքներն ընթանում են շատ լավ եւ մանրամասն ներկայացնում ենք ձեզ»:
Վարդան Այվազյանը պատասխանեց, որ ինքը 2008-ին պատգամավոր է եղել, իսկ ԱԺ-ն էլ Բեգլարյանից որեւէ նման փաստաթուղթ չի ստացել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ