Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ճանապարհի վերակառուցումը կավարտվի 2016թ. վերջին

Նոյեմբեր 09,2015 13:43

Երեւան, նոյեմբերի 09, 2015թ.: Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները շարունակվում են 2-րդ փուլով: Ծրագրի իրականացմանն են նպատակաուղղվել Հեռուստամարաթոն 2013 եւ 2014-ի հանգանակությունները: Խոշորածավալ ձեռնարկը ավարտին հասցնելու նպատակով միջոցներ են հատկացվել նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կառավարությունների կողմից: Ճանապարհի շինարարությունը կշարունակվի Հիմնադրամի ռազմավարական եւ նպատակային ծրագրերին զուգահեռ, եւ կավարտվի 2016թ.-ի վերջին:

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցումն իրականացվում է միաժամանակ հինգ ճանապարհաշինարարական կազմակերպությունների կողմից` 12 տեղամասով: Նախկինում դժվարանցանելի շուրջ 116 կմ երկարությամբ ավտոճանապարհն ունի 10 եւ ավելի մետր լայնություն, որից 7 մետրը կկազմի ասֆալտապատ երթեւեկելի հատվածը: Նախորդ տարվա ընթացքում կառուցվել են արհեստական կառուցվածքներ, այդ թվում ջրահեռացման խողովակներ, ափապաշտպան կառույցներ, հենապատեր ու եզրաքարեր, ինչպես նաեւ վերանորոգվել են 17 մեծ ու փոքր կամուրջները: Ներկայումս ընթանում են ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Բնակավայրերով անցնող հատվածներում` մասնավորապես Գետավանում եւ Եղեգնուտում, կառուցվում են մայթեր:

Ասֆալտի որակի ստուգման եւ վերահսկման նպատակով տարբեր տեղամասերից վերցված հանքային նյութերը /խիճ, ավազ, օրգանական կապակցող/, արտադրված ասֆալտի նմուշները, ինչպես նաեւ հանուկները պարբերաբար ուղարկվում են լաբորատոր ստուգման:

Նոյեմբերի 1-ի դրությամբ ողջ ճանապարհն ունի ավելի քան 49կմ ասֆալտի երկշերտ ծածկույթ: Մնացած հատվածներում իրականացվում են ճանապարհի հիմնատակի կառուցման աշխատանքներ: Շուրջօրյա` միջինը +10 ջերմության պայմաններում ճանապարհի կառուցման աշխատանքները կշարունակվեն: Ձմռան շրջանում կիրականացվեն նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես խճի, ավազի, եւ այլ անհրաժեշտ նյութերի պահեստավորում, ինչպես նաեւ ասֆալտբետոնե գործարանի եւ ճանապարհաշինարարական մեքենաների եւ սարքավորումների վերանորոգում եւ համալրում` գարնանը աշխատանքները վերսկսելու նպատակով: Ավելորդ չէ նշել, որ շինարարության ողջ ընթացքում ճանապարհը երթեւեկելի է եղել նաեւ մարդատար մեքենաների համար:
Ուղիղ կապ ապահովելով Հայաստանի եւ Արցախի հյուսիսային շրջանների միջեւ, նոր մայրուղու գործարկումը ոչ միայն զգալիորեն կկրճատի այն ժամանակահատվածը, որն այսօր անհրաժեշտ է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով մի հանրապետությունից մյուսն ուղեւորվելու համար, այլ կամրապնդի միջհամայնքային կապերը, կնպաստի հարակից համայնքների տնտեսական զարգացմանը, կխթանի զբոսաշրջությունը` աշխուժացնելով մեր երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական կյանքը: Ճանապարհը հնարավորություն կտա նաեւ ծանոթանալ մեր պատմամշակութային հուշարձաններին ու վայելել հայրենի բնաշխարհի գեղեցկությունը:

Նախորդ տարիներին ճանապարհի մերձակա համայնքներում իրականացվել են մի շարք ենթակառուցվածքներ. Քարվաճառն եւ Գետավանն ունեն կանոնավոր ջրամատակարարում, Չափարը, Վերին Հոռաթաղն ու Վաղուհասը` նորակառույց դպրոցներ, եւ այսօր համայնքային կենտրոններ են կառուցվում Գետավան եւ Կոճողուտ գյուղերում:
Բարեկարգ ավտոմայրուղու առկայությունը հնարավորություն կտա ոչ միայն կյանքի կոչել շրջակա համայնքների կյանքն ու կենցաղը բարելավող սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներ, այլեւ զարկ կտա բիզնես եւ զարգացման ծրագրերին` գյուղացուն ապահովելով կայուն եկամտով` փոխելով նրա կյանքի որակը:
Հեռուստամարաթոն 2015-ի գլխավոր հովանավոր`

գործընկեր`

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30