Հայաստանում 60-ից բարձր տարիքայինները կազմում են բնակչության 15 տոկոսը, այսինքն` 2050թ. ցուցանիշը կհասնի 40 տոկոսի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով երիտասարդությանը սպառնացող սոցիալական խնդիրներից, ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Այդ 40 տոկոսը չի աշխատելու, թե ով է նրանց ապահովելու, հարցական է: Բացի այդ, երիտասարդների առջեւ 2 խնդիր կա՝ ծնելիության կրճատում եւ արտագաղթ: Առաջինը տնտեսական խնդիր է, այսօր մեկ կնոջը հասնում է երկու երեխայից պակաս, իսկ Ռուսաստանում ծնելիությամբ 2-րդ տեղում հայուհիներն են (2,2), առաջինում՝ չեչենուհիները»,-նշեց Ահարոն Ադիբեկյանը:
Նրա ղեկավարած սոցիոլոգիական կենտրոնի հետազոտություններով՝ դպրոցականների 60 տոկոսը չունի կենսական պլաններ եւ պատկերացումներ ապագայի մասին. «Դա նշանակում է որ ուսման ընթացքում չեն հասկացել` որ մասնագիտությունների մեջ պետք է խորանալ, որպեսզի հետագայում մասնագիտություն ունենան: Այսօր ուսումնարաններում սովորում է 45.000, քոլեջներում՝ 99.000, ՝ համալսարաններում՝ 85.000 ուսանող: Շատ անգամ կրթություն ստանում են պարզապես կրթություն ստանալու համար կամ ծնողների թելադրանքով: Երեխան ընտրում է ուսուցչի, իր ծնողների ազդեցությամբ եւ հեռուստատեսությամբ քարոզվող մասնագիտությունները: Աշխարհում 30 հազար մասնագիտություն կա, երեխայի համար դժվար է ընտրություն կատարել»,-ասաց սոցիոլոգը:
Հոգեբան Աննա Բադալյանի դիտարկմամբ՝ երիտասարդ տարիքը պարունակում է ամեն ինչի սկիզբը՝ բնավորության, կրթվածության, ինքնակրթության, որոնք ձեւավորվում են ընտանիքի եւ հասարակության ազդեցությամբ. «Թերացումներ, իհարկե, կան: Բոլոր ժամանակներում երիտասարդներ-ավագ սերունդ կոնֆլիկտը եղել է, որն ինչ-որ տեղ խթանել է կամային հատկանիշները, բայց մյուս կողմից էլ՝ խանգարել է: Գուցե մենք՝ ավագնե՞րս ենք վատ օրինակ եղել»:
Բադալյանը փաստեց, որ ներկայիս սոցիալ-տնտեսական պայմանները երիտասարդներին թույլ չեն տալիս ներդրում ունենալ տարբեր ոլորտներում:
Կարդացեք նաև
Հավելենք, որ վաղը նշվելու է Երիտասարդության համաշխարհային օրը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ