ՀՀ կառավարությունը նոյեմբերի 6-ին հաստատեց նոր վարկ ստանալու համաձայնագիրն ու այսպիսով մեր արտաքին պարտքն ավելացրեց եւս 300 միլիոն դոլարով: Վարկը տրամադրում է Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամը:
Կառավարության անդամները հանգստացնում են, թե վտանգավոր բան չկա, կրիտիկական շեմին չենք հասել. ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը Ազգային ժողովում վստահեցրել է, որ ՀՀ պետական պարտքը 2016-ի վերջի դրությամբ կանխատեսվում է 5 մլրդ 565 մլն դոլարի չափով, որի 86.6%-ը արտաքին պարտքն է: Կառավարությունը պարբերաբար վարկեր է վերցնում տարբեր ծրագրերի համար` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պարտքի բեռն ավելացնելով, սակայն պետք է նշել, որ այդ վարկերի ու ծրագրերի հաշվին ոչ մեր տնտեսությունն է մի կարգին աճ ունենում, ոչ էլ հայաստանցիների կենսամակարդակն է բարելավվում:
2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ըստ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, ՀՀ արտաքին պարտքը կազմել է 2.9 միլիարդ դոլար, 2011 թվականին՝ 3.3 միլիարդ դոլար, 2012-ին՝ 3.6 միլիարդ դոլար, 2013-ին՝ եւս 3.6 միլիարդ դոլար, 2014-ին մի փոքր աճել է՝ 3.8 միլիարդ դոլար, 2014-ին՝ 4 միլիարդ, իսկ 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ 4.7 միլիարդ դոլար:
Պաշտոնական տվյալներով՝ 2015-ի 1-ին կիսամյակի ընթացքում արտաքին պետական վարկերի հիմնական գումարի գծով մարումները կազմել են 44.9 միլիոն դոլար, իսկ տոկոսավճարները` 22.4 միլիոն դոլար:
Կարդացեք նաև
Ի՞նչ է տալու շարքային հայաստանցուն ամենաթարմ 300 միլիոն դոլարի վարկը: Կառավարությունը կրկին խոստանում է, որ վարկի գումարներով բարեփոխումներ է կատարելու, որոնցից մեկը պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացումն է: Մի՞թե պետական ֆինանսների արդյունավետ կառավարման համար վարկ է պետք ստանալ. մեր երկրում պետական ֆինանսների արդյունավետ կառավարումը մեծապես կախված է քաղաքական կամքից: Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի բոլոր զեկույցներում արձանագրվում են պետական ֆինանսների անարդյունավետ ծախսեր, հիմնականում՝ վարկերի ծախսարդյունավետության մասով: Դժվար թե այդ ֆինանսների հասցեատերերը ֆինանսների արդյունավետ կառավարում չգիտեն. հաշվի առնելով նույն խնդրի պարբերաբար կրկնությունը՝ կարելի է ենթադրել, որ ցանկություն չկա սրտացավ ծախսեր անելու, որովհետեւ դրանք պետական գումարներ են:
Տնտեսագետ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի պետական գնումների փորձագետ Արտակ Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում նկատում է. «Միշտ պետք է ներքին արդյունավետությունը բարձրացնել, հետո վարկերը դիտարկել որպես վերջին ռեսուրս: Կառավարությունը երբեք ներքին արդյունավետություն չի բարձրացնում: Օրինակ՝ վերջին շրջանում շատ քննարկվող՝ պետական ապարատի սպասարկման ավտոմեքենաների ծախսերը, չեն փորձում դրանք օպտիմալացնել, պետական ներկայացուցչական ծախսերը եւս չեն փորձում օպտիմալացնել, սրանք մեծ թիվ են կազմում: Պետբյուջեով գումար է դրված, ու միշտ նույն ծավալի գումարը ծախսում են»:
Տնտեսագետը մեր բյուջեն համեմատում է ծակ դույլի հետ. Մանուկյանն ասում է՝ մեծ հաշվով խնդիր կա ծախսերի ներքին արդյունավետությունը բարձրացնելու. «Եթե, օրինակ, բյուջեն դեֆիցիտ ունի, կամ այսպես ասած՝ դույլդ ծակ է, որքան ուզում ես ջուր լցրու, այն դուրս է հոսելու: Նույնը բյուջեն է՝ որքան էլ վարկ բերեն, գումարները դուրս են գնալու: Էլ չեմ ասում, թե կոռուպցիոն ռիսկերով որքան ոլորտներ կան, ասենք՝ պետգնումներով շատ անարդյունավետ ծախսեր են անում»:
Տնտեսագետը պաշտոնական թվեր է ներկայացնում ու ցույց տալիս, թե ինչ հսկայական գումարներ են պետբյուջեից գնում վարկերի սպասարկմանը: Ըստ Մանուկյանի՝ «ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսը կազմել է 266 միլիոն դոլար (191 միլիոնը՝ մարում եւ 75 միլիոնը՝ տոկոսավճարներ), որից ՀՀ կառավարության սպասարկման ծախսը կազմել է 162.7 միլիոն դոլար (70.5 միլիոն դոլարը՝ տոկոսավճարներ, 92.2 միլիոնը՝ մարում), իսկ Կենտրոնական բանկինը՝ 103.3 միլիոն դոլար (4.5 միլիոն դոլարը՝ տոկոսավճարներ, 98.8 միլիոնը՝ մարում): Ի համեմատ 2013 թվականի՝ 2014-ին արտոնյալ վարկերը նվազել են 1.2%, հիմա արտոնյալ վարկերը կազմում են ընդհանուր արտաքին պարտքի շուրջ 63.2%-ը»:
300 միլիոն դոլար վարկի ծրագրի գլխավոր ուղղություններից է նաեւ էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության բարձրացումը, բիզնեսի վարման պայմանների բարելավումը, ինչպես նաեւ նախատեսված է վարկի գումարներն ուղղել տնտեսական աճի ավելի բարձր տեմպերի ապահովման գործում խոչընդոտների վերացմանը:
Արտակ Մանուկյանն ասում է՝ կառավարությունը պետք է ոչ թե դեկլարատիվ հայտարարություններ անի, ինչպես վարկի ծրագրում է գրված, այլ հանրությանը հստակ ներկայացնի, ասենք՝ ներկայումս ունենք մի ոլորտում այսպիսի վիճակ, 5 տարի հետո կունենանք որակապես այլ՝ դրական պատկեր:
«Պետական ֆինանսների կառավարման արդյունավետության համար Համաշխարհային բանկից պարբերաբար գումարներ են ստացել, սակայն կառավարման ներքին արդյունավետության որեւէ բարելավում չի նկատվում, եւ հիմա նույն ուղղությամբ լրացուցիչ ֆինանսական ներհոսք անելը ճոխություն է: Վարկերն ավելի լուրջ նպատակայնություն պիտի ունենան, ասենք՝ նորագույն տեխնոլոգիաներով արտադրությունների ստեղծմանը, աշխատատեղերի բացմանը: Թե չէ տեսնում ենք՝ նոր օբյեկտ են բացում, ժապավենը կտրում են, որոշ ժամանակ հետո այդ բիզնեսը փակվում է»,- ասում է տնտեսագետը:
Ինչ վերաբերում է վարկի ծրագրով նախատեսված՝ տնտեսական աճի ավելի բարձր տեմպերի ապահովման գործում խոչընդոտների վերացմանը, ապա Մանուկյանը նկատում է. «Տնտեսական աճը հիմնավորվում է խաղատներով, հանքարդյունաբերմամբ եւ գյուղատնտեսությամբ, ի՞նչ խոչընդոտի մասին է խոսքը, այսինքն՝ գյուղատնտեսության աճի խոչընդոտները վերացնելու համար ինչպե՞ս կարող են ազդել եղանակային պայմանների վրա, կամ հանքարդյունաբերության համար՝ միջազգային շուկայում պղնձի գները նվազել են, սրա խոչընդոտներն ինչպե՞ս պիտի վերացնեն»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.11..2015